ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Խելացի քաղաք»-ը համայնքներում վերլուծություն կանի՝ վեր հանելու առկա խնդիրները



Կառավարությունն այսօրվա նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի առաջարկով հաստատեց «Խելացի քաղաք» ծրագրի հայեցակարգը: Ծրագրի նպատակն է հանրապետությունում բարձրացնել քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակը` տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ և զարգացմամբ:

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Խելացի  քաղաք»-ը մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվելու են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներ քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ ու հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար, ինչպես նաև իրականացվելու են տարբեր սոցիալական խմբերի կարիքներից բխող համաչափ տարածքային զարգացման ծրագրեր:

Ծրագրի նպատակն է հանրապետության համայնքներում մշակել առկա իրավիճակի վերլուծություն՝ վեր հանելով առկա խնդիրները՝ ըստ առաջնահերթության, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, անվտանգության, քաղաքաշինական, բնապահպանական, կոմունալ կենցաղային և այլ առանձնահատկությունները: Նմանատիպ առանձնահատկություններով քաղաքների համար տարբեր ոլորտներում անհրաժեշտ է լինելու ընտրել «խելացի լուծումներ», որը թույլ կտա հետագայում իրականացնել ներդրման արդյունավետության գնահատում և փորձի փոխանակում:

Այս ծրագրի իրականացումով կառավարությունը ակնկալում է քաղաքների անձնագրերի պատրաստում՝ ըստ ոլորտային «խելացի լուծումների» անհրաժեշտության և առաջնահերթության, քաղաքի և քաղաքում մատուցվող ծառայություների մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովում, տեխնոլոգիական լուծումների ներդրման և շահագործման փորձի փոխանակում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման գործընթացի կատարելագործում, նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծում և ներդրումների ներգրավում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որոշման նախագծում նշել է, որ հանրապետությունում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Այդ պատճառով նախարարությունը որոշել է մշակել համալիր ծրագիր, որը կդյուրացնի էլեկտրոնային համակարգերի միջոցով մատուցվող ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ