HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան ալկոհոլային խմիչք է արտադրվել Հայաստանում 2017-ին

Սեդա Հերգնյան

2017 թվականին Հայաստանում արտադրվող կոնյակի և գինու ծավալներն աճել են, իսկ օղու ծավալները՝ կրճատվել։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում, ընդհանուր առմամբ, արտադրվել են 68.5 մլն լիտր ալկոհոլային խմիչքներ։ Նշենք, որ խոսքը գործարանային արտադրության խմիչքների մասին է։

Արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ, որը 2016 թվականի համեմատ աճել է 39.4%-ով։

Գինու արտադրության ծավալները կազմել են 8.8 մլն լիտր՝ աճելով 30%-ով։ 10.3%-ով ավելացել է գարեջրի արտադրությունը՝ կազմելով 20.4 մլն լիտր։

Իսկ օղու (օղի և օղու-լիկյորի արտադրանք) ծավալները կազմել են 7.3 մլն լիտր, որը 2016-ի համեմատ նվազել է 10.9%-ով։

Հայաստանում արտադրվում է նաև ոչ մեծ քանակի շամպայն և վիսկի։ Մասնավորապես, նախորդ տարի արտադրվել է 1 մլն լիտր վիսկի (-27.1%) և մոտ 0.9 մլն լիտր շամպայն գինի (+21.1%):

Ալկոհոլային խմքչքները, գլխավորապես՝ կոնյակը, էական տեղ ունեն Հայաստանի արտահանման ոլորտում։ Կոնյակն, ըստ մաքսային արժեքի, Հայաստանից արտահանվող երրորդ ապրանքն է՝ պղնձից ու ծխախոտից հետո։ ԱՎԾ-ի և Հայաստանի մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի արտադրվող կոնյակի 80-90%-ի չափով (երբեմն ավելին) արտահանվում է։

Օրինակ, մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ 2017 թվականի առաջին կիսամյակում արտահանվել է 13.6 մլն լիտր կոնյակ  (մոտ 96 մլն դոլար մաքսային արժեքով)։ Նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է մոտ 14 մլն լիտր կոնյակ։ 2016 թվականին արտադրվել է 21.5 մլն լիտր կոնյակ, արտահանվել՝ 20.8 մլն լիտր։ Արտահանվող կոնյակի հիմնական գնորդը Ռուստաստանն է։

Հայկական մյուս ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալներն ավելի համեստ են։ Մասնավորապես, 2017-ի առաջին կիսամյակում արտահանվել է 1.3 մլն լիտր գինի և շուրջ 1 մլն լիտր գարեջուր, նույնքան էլ՝ օղի։ Հիմնական գնորդը կրկին Ռուսաստանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter