Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Փաշինյանը՝ Սարգսյանին․ «Կարո՞ղ է գրվի՝ Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ, քաղաքացիությունը՝ Մեծ Բրիտանիա»



Խորհրդարանում շարունակվում է նախագահի թեկնածու ընտրելու հարցի քննարկումը։ Մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն խոսքին, որ իրեն ծագմամբ հայ է զգացել նաև այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի է եղել, ասաց․

«Մենք չենք քննարկում դուք ծագումով ու էությամբ ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Այն, ինչ դուք ասում եք, որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին գրել եք դիմում, ասել եք նաև մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ, և մենք դա ընդունել ենք ի գիտություն, բայց կարծում ենք, որ այն պետք է հիմնավորվի փաստաթղթերով։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ Մեծ Բրիտանիայից ստացված դիմումը չեք հրապարակում, ու բոլոր այս խոսակցությունները կդադարեն»:

Փաշինյանի վստահեցմամբ՝ այս հարցը Արմեն Սարգսյանին միայն հիմա չէ, որ հետապնդելու է, այլ նաև հետագայում․ «Հարցս շատ կոնկրետ է՝ ինչո՞ւ չեք գնացել այնտեղից բերել այդ փաստաթուղթը, ինչո՞ւ չեք հրապարակում»։

Փաշինյանը հիշեցրեց նաև 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից արված այն հայտարարությունը, որ չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոններին՝ հետաքրքրվելով, թե այդ մասին ի՞նչ կարծիք ունի նախագահի թեկնածուն։

Արմեն Սարգսյանն արձագանքեց, որ «եթե»-ների շարք է՝ եթե ընտրվի նախագահ, եթե դրանից հետո իշխող ուժը որոշի առաջադրել Սերժ Սարսգյանին։

«Ես չգիտեմ՝ ՀՀԿ-ն ում է առաջադրելու, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, և եթե գործող նախագահն այստեղ կանգնած լինի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք նրան»,- ասաց Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք նախագահի պաշտոնն եք պատրաստվում ստանձնել, մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ թղթեր եք ստորագրելու՝ չնայելով մեջն ինչ է գրված։ Կարո՞ղ է գրվի՝ Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ, քաղաքացիությունը՝ Մեծ Բրիտանիա։ Էս ի՞նչ անլուրջ վերաբերմունք է ՀՀ հանրության նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Parliament.am  կայքի ուղիղ հեռարձակման


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ