HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նազարյանը՝ Սարգսյանին․ «Պատգամավորների հայտարարագրերն արդյոք բարկացրե՞լ են ձեզ»

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության հարցը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե կոռուպցիոն ո՞ր դեպքն է, որ բարկացրել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

«Գուցե ա՞յն, որ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվել, դա քաղաքական կոռուպցիա է: Գուցե ձեզ բարկացրել է այն, որ տարբեր պաշտոնյաներ, զբաղեցնելով պետական պաշտոններ, օֆշորներում ընկերություններ են գրանցում և օգտվելով բյուջեից՝ հարստանում են: Կամ գուցե դուք տեսել եք այստեղ գտնվող պատգամավորների հայտարարագրերը՝ իրենց հարստությունները, ունեցվածքը, առանձնատները, մեքենաները՝ շքեղ, և դա է ձեզ բարկացրել»,- հարցրեց պատգամավորը։

Արմեն Սարգսյանն արձագանքեց՝ առանձին դեպք չէ, որ իրեն զայրացնում է․ «Լսել եմ դեպքերի մասին, բայց դրանց իրականությունը կամ ոչ իրականությունը․․․ ես դատավոր չեմ, իմ վերաբերմունքը ընդհանուր է։ Երբ լսում եմ ոչ թե մեկ, տաս, այլ գուցե հարյուրավոր դեպքերի մասին, հասկանում եմ՝ չի կարող պատահի երկրում կոռուպցիոն դրսևորումներ չլինեն, եթե երկրում կա նման ֆոն»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ երկրում առկա կոռուպցիան էլ իր գնահատմամբ արտագաղթի պատճառներից մեկն է։

Նազարյանն արձագանքեց, որ նախորդ տարի Լոնդոնում հանդիպել է վերջինիս և հարցրել Ամուլսարի ծրագրի մասին․ «Դուք ասացիք, որ տնօրենների խորհրդի կազմից դուրս եք եկել, քանի որ վտանգավոր եք համարել այդ ծրագիրը շրջակա միջավայրի համար, պատրաստվո՞ւմ եք հիմա բարձրաձայնել այդ վտանգի մասին»։

Արմեն Սարգսյանն արձագանքեց՝ թյուրընկալում է եղել, ինքը որպես դիվանագետ նման հարցի մասին բաց տեքստով չէր կարող ասել։

«Ես Ձեզ հաղորդել եմ իմ վերաբերմունքը, ասել եմ՝ դիմում եմ ներկայացրել խորհրդի նախագահին, որտեղ նշել եմ իմ վերաբերմունքը: Դրական է, թե բացասական այն՝ Ձեզ չեմ ասել և այսօր էլ չեմ ասի, որովհետև դա իմ՝ հինգ տարի առաջվա վերաբերմունքն է»,- ասաց Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter