HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի հանրակացարաններն անմխիթար վիճակում են. իշխանությունները լվացել են ձեռքերը

Հանրակացարանի երկար միջանցքը կիսամութ է, սառը: Զեփյուռ Հարությունյանը ձայն է տալիս հարևանին՝ երկաթյա աստիճանը վերցնելու համար: Դրանով պիտի տանիք բարձրանա:

Աստիճանը հարմարեցնում է խորդուբորդ գետնին, ասում է, թե 47 տարեկան կին է, բայց ամեն օր բարձրանում է տանիք: Երբ անձրև է գալիս, մոմլաթներ ու ինչ ասես դնում են տանիքին: Սակայն դրանք էլ արդեն չեն օգնում: Առաստաղից ջուրն անընդհատ կաթում է: Ջեռուցիչը միացնելիս խոնավության հոտն անտանելի է դառնում:

Զեփյուռն արդեն 25 տարի որդու և դստեր հետ բնակվում է Հրազդանի նախկին տեխնիկումի (ներկայում կոչվում է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ) հանրակացարանի 4-րդ հարկում: Տարեցտարի մարդիկ հեռացել են այստեղից: Հիմա, ասում է, եթե մաղես, 13 ընտանիք կլինի, որոնք տուն չունեն: Ընտանիքներ էլ կան, որ հանրակացարանում սենյակներ ունեն, բայց փաստացի չեն բնակվում:

Զեփյուռը մեզ հրավիրում է իրենց սենյակ: Դուստրն արագ հավաքում է ջեռուցիչի մոտ դրված լվացքը: Մեկ սենյակում փորձել են ապրելու համար հարմարություններ ստեղծել, բայց, Զեփյուռի խոսքով, այստեղ ապրել ասվածը շատ վեհ է հնչում: «Փողոցում չմնալուց ավելի լավ է» տարբերակով են ապրում:

Շենքը 4-րդ կարգի վթարային է, 10 տարի է՝ նամակ են գրում, մինչև անգամ` երկրի նախագահին, սակայն բնակիչների ձայնը «վերեւներում» լսելի չէ: Շենքն օրեցօր քայքայվում է, ապրելը դարձել է վտանգավոր:

«Նախորդ տարի 63 տարեկան կինը պադվալի ջուրն ընկավ, խեղդվեց, երևի զուգարան էր գնացել էնտեղ, չգիտեմ, մի շաբաթ մնաց, հետո իմացան»,- նշում է բնակչուհին:

Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում սանհանգույցը մեկն է, որից օգտվում են բոլոր բնակիչները: Շենքում վաղուց լոգասենյակ չկա: Զեփյուռի ասելով՝ սենյակներն են փոխարինում դրան:

Հարկերով շրջում ենք: Երկրորդ հարկի զուգարանն, օրինակ, առանց խողովակաների է, պարզապես անցք են բացել ուղիղ դեպի առաջին հարկ: Հոտը տարածվել է շրջակայքում:

Ամբողջ շենքը խմելու և կենցաղի ջուրը վերցնում է առաջին հարկում գտնվող ծորակից: Որպեսզի խողովակները ցրտից չսառչեն, ջրի ծորակը չեն փակել, ջուրն անընդհատ հոսում է, ու լվացարանի շուրջը սառույցի հաստ շերտեր են գոյացել:

Հանրակացարանի բակում մի քանի րոպե կանգնելով՝ կարելի է տեսնել ստվարաթղթե արկղերով բեռնված մարդկանց: Խանութներից ու փողոցներից են հավաքում դրանք՝ սենյակները ջեռուցելու համար:

Շենքի հետնամասը քանդվում է: Այստեղ ավելի սուր է զգացվում երկրորդ հարկի կոյուղու բացակայությունը: Շուրջը աղբ ու կեղտ է:

Բնակիչներն ասում են, որ իրենց գոյության մասին հիշում են միայն ընտրություններին: Խոստումներ շատ են լսում, բայց գործուն քայլեր չեն տեսնում:

Ջէկի հանրակացարան. Միկրոշրջան թաղամաս, 71 շենք

Հրազդանի երկրորդ հանրակացարանը, որտեղ գրեթե նույն վիճակն է, գտնվում է Միկրոշրջան թաղամասում:

Սամվել Թադևոսյանն ազատամարտիկ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Կնոջ հետ այստեղ է բնակվում արդեն 18 տարի: Մինչև պատերազմն էլեկտրիկ էր աշխատում ջէկում: Ասում է, որ նախկինում հանրակացարանում պատուհան ու դուռ կար, անգամ պարետ ունեին, ու պատահական մարդիկ չէին կարող մտնել շենք, իսկ հիմա «շներն են վխտում»:

Ըստ բնակիչների՝ մոտ 25 ընտանիք է փաստացի ապրում այստեղ:

Սամվել Թադևոսյանն ասում է, որ ապրելու հնարավորություն այլևս չկա: Հետո հարց է տալիս՝ այս շենքում կապրեի՞ք: Ես չեմ պատասխանում, որովհետև ինքն էլ գիտի պատասխանը: Ասում է, թե սենյակը վերանորոգել է, բայց դա էլ չի օգնում: Խոնավությունն ամբողջ շենքում է: Նախորդ ձմռանը 3 մեքենա սառույց է հանել-թափել. քաղաքապետարան էր զանգել, մեքենա էին տրամադրել դրա համար:

1995 թվից այստեղ բնակվող Արամ Սիրեկանյանն էլ մեզ ուղեկցում է նկուղային հարկ, որտեղով խմելու ջրի խողովակներն են անցնում: Ասում է՝ շենքը սկսել է քայքայվել, ձմռանը խողովակների վրա վերմակներ է բերել-գցել, որ չսառչեն, բայց դրանք էլ են թրջվում: Արամի կնոջ հայրն աշխատում էր ջէկում, որտեղից էլ ստացել են հանրակացարանի սենյակը:

Բնակիչների խոսքով՝ հիմնականում սենյակներ ստացել են կա՛մ իրենք, կա՛մ իրենց հարազատները ջէկում աշխատելու տարիներին: Մարդկանց շրջանում անհանգստություն կա, որ ամեն պահի կարող են իրենց հանել հանրակացարանից:

Քաղաքապետարանի պաշտոնյա. «Մենք կապ չունենք հանրակացարանների հետ»

Հրազդանի քաղաքապետարանի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանը հաստատում է, որ Հրազդանում երկու հանրակացարան կա՝ ջէկի սեփականությունն ու քոլեջինը: Ըստ Խաչատրյանի՝ երկրորդում ժամանակին ուսանողներ էին ապրում: Հիմա այդ շենքը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության ենթակայության տակ է:

«Մենք կապ չունենք այդ երկու հանրակացարանների հետ: Ուղղակի աջակցում ենք ինչով հնարավոր է, օրինակ՝ ֆինանսական օգնությամբ, եղել է դեպք, որ տանիքի համար շինանյութ ենք տրամադրել, մեքենա ենք տրամադրել ջրմուղի հետ, բնական է, որ այդ շենքերում սոցիալական խնդիրներ ունեցողներ կան: Մենք մինիմալ ձևով աջակցում ենք, բայց այնտեղ անհրաժեշտ է կապիտալ վերանորոգում, մենք սպասում ենք, թե կառավարությունն ինչ քայլեր է անելու»,- նշում է Շոթա Խաչատրյանը:

Ըստ նրա՝ 2013թ. տեխնիկումի հանրակացարանը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել: Այս հանրակացարանի շենքը կառուցվել է 1960 թ.: Շենքում, ըստ Շոթա Խաչատրյանի, փաստացի և գրանցված ընտանիքների թիվը 19 է (50 բնակիչ): Ջէկի հանրակացարանում էլ փաստացի ու գրանցված 45 ընտանիք կա՝ 75 բնակիչ: Նախկինում այստեղ նաև փախստականներ են բնակվել:

«Մենք պատրաստ ենք, եթե համայնքից մի բան կախված լինի, մենք երբեք չենք հրաժարվել դրանից, մեր բնակչությունն է»,- ավելացնում է քաղաքապետարանի պաշտոնյան:

Ի՞նչ է պատասխանում պետգույքի կառավարման վարչությունը

Հրազդանի քոլեջի հանրակացարանի մասին գրավոր հարցեր էինք ուղարկել պետգույքի կառավարման վարչությանը: Այստեղից պատասխանել են, որ շենքը կառավարության 2005թ. որոշմամբ հանձնվել է պետական գույքի վարչության տնօրինությանն՝ այնտեղ բնակվող փախստականների կողմից զբաղեցրած սենյակներն իրենց ընտանիքներին սեփականաշնորհելու, իսկ մնացած սենյակները Հրազդան քաղաքային համայնքին նվիրաբերելու նպատակով:

«Հանրակացարանային մասնաշենքը վարչության տնօրինությանը հանձնելուց հետո պարզվել է, որ նշված շենքում փախստական ընտանիքներ չեն բնակվում, և շենքն ամբողջությամբ պետք է նվիրաբերվի Հրազդան քաղաքային համայնքին»,- ասվում է պատասխանում:

Նվիրաբերության գործընթացն իրականացնելու նպատակով նշված անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում և հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար վարչությունը բազմիցս դիմել է համայնքին, սակայն համայնքը հայտնել է, որ, համաձայն համապատասխան կազմակերպության կողմից տրամադրված եզրակացության, շենքը 4-րդ աստիճանի վթարային է և ենթակա է քանդման:

Այսինքն՝ պետգույքի կառավարման վարչությունը պիտի քոլեջի հանրակացարանը նվիրի քաղաքին, սակայն վերջինս չի պատրաստվում ընդունել այն, քանի որ շենքը վթարային է ու քանդման ենթակա:   

Երկու հանրակացարանի բնակիչների մեծ մասը հրաժարվեց զրուցել մեզ հետ, ասացին, որ այլևս հոգնել են լրագրողների հետ խոսելուց, քանի որ դրանից որևէ փոփոխություն չի լինում: Բնակիչների մի մասը բավական ագրեսիվ էր տրամադրված, ինչն ունի իր պատճառները:

Մյուս կողմից՝ Հրազդանի քաղաքապետարանը իրեն հարմար պատասխան ունի՝ հանրակացարանները համայնքին չեն պատկանում, բայց իրենք տարբեր հարցերով օգնում են: Պետգույքի կառավարման վարչությունն էլ իր պատասխանն ունի: Սակայն այս պատասխաններից ո´չ վթարային շենքն է ամրանում, ո´չ էլ հանրակացարանների պայմաններն են բարելավվում:

Հ.Գ. Ջէկի հանրակացարանի վիճակի և ճակատագրի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել սեփականատիրոջը՝ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազջէկ)» ԲԲԸ-ին, որի պատասախանը կհրապարակենք ստանալուց հետո: 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter