HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Փաշինյան․ «Բա որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետ կամ նախագահ, հիմա անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նկատմամբ թե՛ հանրության, թե՛ ընդդիմության կողմից հարգանք է եղել, բայց Սարգսյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հանրության նկատմամբ։ Պատգամավորն իր խոսքերը հիմնավորեց հետևյալ կերպ․

«Մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որոնք վկայում են, որ 2011 թվականից հետո էլ եղել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Արդեն մի ամիս է՝ Հայաստանում քննարկումը սա է՝ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ ոչ: Ձեր թեկնածության լեգիտիմությունն է քննարկվում, և դուք մի պարզ գործողություն չեք անում՝ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիությունից հրաժարվելու համար, և դիմումը բավարարվել է։ Եվ սա չեք անում այն պայմաններում, երբ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մտերիմներ ունեք, և եթե դա չի արվում, մի եզրակացություն կա, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Եվ ինչպես դուք մեր խմբակցության անդամների հետ հանդիպմանն էիք ասում, Բրիտանիայում հնարավոր չէ կեղծ թղթեր վերցնել պետական մարմիններից»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորի վստահեցմամբ՝ իր ողջ խորհրդարանական կարիերայի ընթացքում այսօր առաջին անգամ ինքնազգացողությունը վատացել է․

«Այսօր մի քանի ՀՀԿ-ականներին միջանցքում մոտեցել, ասում եմ՝ կարո՞ղ է դուք իսկականից սատանայական ուժ եք, ասում եմ՝ լավ ոնց կարելի է առաջին հայացքից բյուրեղյա կենսագրություն ունեցող մարդուն բերել դնել այս մամլակի տակ ու երկու րոպեում այդ կենսագրությունը արժեզրկել»,-ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի վրա անեծք է դրված, որ օրինական ընտրված նախագահ չունենա․

«Եվ սա համարում եմ անեծքի հերթական արարը»,-մանրամասնեց Փաշինյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխող ուժի ներկայացուցիչների կողմից գովասանքով լեցուն ելույթներին․

«Արմեն Սարգսյանը՝ արեգակ է բացվել մեր երկրի վրա, բայց սա իրենց համար չեմ ասում, պատկերացրեք վաղը այս շարքերի մեր գործընկերներն ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Արմեն Սարգսյանին։

Պատգամավորը կրկին հիշեցրեց 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից արված այն հայտարարությունը, որ չի հավակնելու վարչապետի կամ նախագահի պաշտոններին և հեգնեց․

«Բա որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետ կամ նախագահ, հիմա անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am-ի կայքի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter