HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Խաչիկ Սաֆարյան

սկիզբը 

Խաչիկ Էլոյի Սաֆարյանը ծնվել է 1932թ. ապրիլի 1-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: 1952թ. ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո` 1957-59-ին աշխատել է Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում` որպես ուսուցիչ եւ գյուղատնտես։ 1959-62-ին սովորել է գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1962-1963-ին նույն ինստիտուտում աշխատել է որպես մեթոդիստ: Ստացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի կոչում:

Եղել է «Հայ երիտասարդների միություն» կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը։ «Յոթի գործով» դատավճռի նրան վերաբերող մասում ասվում է. «Սաֆարյանի մասնակցությամբ տարբեր հավաքույթներում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր եւ հատկապես` անդամատոմսեր ունենալու, անդամավճարներ սահմանելու եւ գանձելու, զենք ունենալու, տպագրական մեքենա ձեռք բերելու հարցերը, որոնց նկատմամբ նա ունեցել է երբեմն մյուս ամբաստանյալների կարծիքին չհամապատասխանող կարծիք: Այսպես, նա դեմ է եղել մասսայական անդամատոմս ունենալու հարցին` գտնելով, որ պետք է անդամատոմս ունենալ սահմանափակ թվով՝ պրոպագանդայի համար: Դեմ է եղել զենք ձեռք բերելուն` նշելով, որ ամենաուժեղ զենքը մեր պրոպագանդան է, որի վրա պետք է բեւեռել հիմնական ուշադրությունը»։

1960-ականների առաջին տարիներին գործող «Հայ երիտասարդների միությանը» անդամակցող կամ դրա աշխատանքներին մասնակցող խմբակները եւ առանձին անհատներն ավելի քան խայտաբղետ էին։ Նրանք չունեին մեկ ընդհանուր գաղափարական հենք, նպատակներով ու գործելաոճի մասին ունեցած իրենց պատկերացումներով իրարից կարող էին ոչ միայն էապես տարբերվել, այլեւ հակադիր բեւեռներում լինել։ Այնտեղ կային կոմունիստական ու սոցիալիստական ուղղվածություն ունեցող մարդիկ, կային իրենց առջեւ քաղաքական մեծ խնդիրներ չդրածներ, կային ուղղակի ազատամիտներ եւ այդ ժամանակաշրջանում չափազանց քիչ հանդիպող անկախականներ ու հակախորհրդային ուղղվածության գործիչներ։ Նրանց բոլորին միավորողը Խորհրդային Միության սահմաններում Հայաստանի կորսված տարածքների՝ Նախիջեւանի եւ Ղարաբաղի վերամիավորման հոգսն էր եւ ազատորեն Եղեռնի մասին խոսելու եւ Եղեռնի օրը նշելու հնարավորության պահանջը։

Էջմիածին քաղաքում` Մերուժան Հովհաննիսյանի տանը կայացած մեծ հավաքի ու մի քանի ժամ տեւած քննարկումների ընթացքում ընտրվում է 7 հոգուց բաղկացած ՀԵՄ խորհուրդը, որը պետք է կարողանար ղեկավարել այս մեծ ու խայտաբղետ կազմակերպությունը։ Խորհրդի կազմում ընդգրկվում է նաեւ Խաչիկ Սաֆարյանը։

Կազմակերպության մեջ ընդգրկված անհատ մարդկանց ու խմբակների աշխատանքները համակարգելու համար Խաչիկ Սաֆարյանը հանդես է եկել առաջարկությամբ, համաձայն որի` իրենց կազմակերպությունը պետք է կուռ կազմակերպչական կառույց դառնա եւ կարողանա գործել ընդհատակի պայմաններում։ Պետք է ունենալ մեկ ընդհանուր ղեկավար կենտրոն, որտեղից կապավորների միջոցով հնարավոր կլինի ղեկավարել իրարից առանձին գործող եւ իրար գոյության մասին չիմացող խմբակները։ Իսկ իրար գոյության մասին չիմացող խմբակները պետք է տասնյակներից բաղկացած լինեն եւ ղեկավարվեն տասնապետերի կողմից։ Տասնապետերի հետ ու նրանց միջեւ կապն էլ իր հերթին պետք է ապահովեր խորհուրդը։   

Սաֆարյանն ունեցել է «անկախական» հայացքներ եւ անկախ Հայաստան ստեղծելու ուղղությամբ քարոզչական աշխատանքներ է տարել, ինչը բացահայտվել է նախաքննության ընթացքում եւ դարձել Սաֆարյանին ներկայացված գլխավոր մեղադրանքներից մեկը:

Խաչիկ Սաֆարյանի միջոցով են կազմակերպություն հասել որոշ քարոզչական նյութեր, որոնք հետագայում բազմացվել ու տարածվել են։ Աշխատել է կապեր հաստատել հայկական սփյուռքի կենտրոնների հետ։ Հանդիպել է «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագրության` Երեւան ժամանած աշխատակցի հետ ու նրանց հետ համագործակցության հնարավորություններ քննարկել։

Խաչիկ Սաֆարյանին եւ Խաչատուր Ամիրջանյանին է հանձնարարվել գրել կազմակերպության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչը նրանք ավարտին հասցնել չեն կարողացել կալանավորման պատճառով։

Խաչիկ Սաֆարյանը կալանավորվել է 1963թ. դեկտեմբերի 29-ին։ Դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Ազատ արձակվելուց հետո ընդհատակյա գործունեությամբ այլեւս չի զբաղվել։

1970-90 թթ.աշխատել է Հայկական այգեգործական գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտաշխատող: Մի շարք մասնագիտական աշխատությունների ու դպրոցական դասագրքերի հեղինակ է:

1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի, իսկ 1995-ին` ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: Վախճանվել է Երեւանում` 2001թ. հունիսի 5-ին:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter