HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ

Իշխող ՀՀԿ-ի և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի օգտին կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ՝ 10, ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 101-ը, մեկ քվեաթերթիկ  անվավեր ճանաչվեց։

Նախագահի ընտրության արդյունքները ներկայացրեց ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորները քվեարկել էին միակ թեկնածուի օգտին փակ-գաղտնի ընթացակարգով։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Արմեն Սարգսյանին «պատասխանատու պաշտոնում ընտրվելու համար»։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին քվեարկության համար:

«Ինչպես ասել եմ նախկինում՝ իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը, եռանդս ներդնելու եմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին, ակնկալում եմ  նաև ձեր աջակցությունը»,-ասաց Սարգսյանը։

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրը լրանում է ապրիլի 9-ին։

Նիստի գումարման օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ Խորհրդի որոշմամբ։ Ըստ նոր Սահմանադրության՝ նորընտիր նախագահը պաշտոնավարելու է յոթ տարի, և նույն անձը չի կարող առաջադրվել մեկից ավելի անգամ։

Ներկայացնենք հանրապետության նախագահի լիազորություններն ըստ Սահմանադրության․ 

Արտաքին քաղաքականության բնագավառ

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

ա) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր։

բ) Վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

գ) Ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2.Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Զինված ուժեր

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ: 

Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը 

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: 

Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: 

Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Մեկնաբանություններ (1)

Կարապետ
հարգարժան պն նախագահ, սրտանց շնորհավորում եմ մեր երկրի, ողջ հայ ժողովրդի համար շատ կարևոր ժամանակահատվածում շատ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։թող աստված Ձեզ պահապան, որ առողջ մարմնով, հոգով ու մտքով հանեք այս անորոշ վիճակից և տանեք կայացման, զարգացման, հզորացման տանող ճանապարհով, որ վերջապես մեր երկիրը համաշխարհային մեծ ընտանիքում իրեն արժանի տեղը ունենա իր միասնականությամբ և մի հայրենիքավ, մի մայրաքաղաքով ու միշտ պաշտպանված լինի հայրենիքի կողմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter