HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանի ընկերությունը համայնքապետարանի գնումների հաղթողն է

Հրազդանի համայնքապետարանի 2018թ. կարիքների համար հայտարարված սեղմված բնական գազի ձեռքբերման գնումների հաղթողը «Դանիել-Ա» ՍՊԸ-ն է: Ընկերությանը պատկանող գազալցակայանը Հրազդան քաղաքում է եւ, հրազդանցիների ասելով, պատկանում է Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանին:

«Դանիել-Ա» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2014թ., ընկերության միակ բաժնետերը եղել է համայնքապետի եղբայրը` Անաստաս Դանիելյանը: 2016թ. հոկտեմբերի 25-ից ընկերությունը նոր բաժնետեր է ներգրավել, եւ Անաստաս Դանիելյանն իրեն պատկանող 100% բաժնեմասը կիսել է նրա հետ:

Ընկերությունն այս տարի համայնքապետարանի ենթակա ոչ առեւտրային կազմակերպությունների կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման միակ հայտատուն է եղել: 2017թ. համայնքապետարանի ենթակա «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի համար սեղմված բնական գազի ձեռքբերման մրցույթի հաղթողը դարձյալ այս ընկերությունն է:

Հրազդան համայնքի վարչական տարածքում հեղուկ գազի լիցքավորման 5 կայան է գործում՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ, «Հրակնատ» ՍՊԸ, «Բագռաֆ» ՍՊԸ, «Կ.Հ.Ա.Ռ.» ՍՊԸ եւ «Դանիել-Ա» ՍՊԸ: Համայնքապետարանի հայտարարած գնումների մրցույթին նշված 5-ից մասնակցում է միայն «Դանիել-Ա» ՍՊԸ-ն:

2018թ. Հրազդանի համայնքապետարանի հայտարարած սեղմված բնական գազի ձեռք բերման միակ հայտատու «Դանիել-Ա» ՍՊԸ-ի բաժնետեր եւ տնօրեն Անաստաս Դանիելյանը փաստաթղթով հավաստել է, որ

ա) թույլ չի տվել եւ թույլ չի տալու հակամրցակցային համաձայնություն,

բ) բացակայում է գնանշման հարցման հրավերով սահմանված «Դանիել-Ա» ՍՊԸ-ին փոխկապակցված անձանց եւ կամ «Դանիել-Ա» ՍՊԸ-ի կողմից հիմնադրված կամ ավելի քան 50% «Դանիել-Ա» ՍՊԸ-ին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության դեպք:

Հրազդանի համայնքապետարանի ենթակայությամբ գործում է 5 ՀՈԱԿ՝ «Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն», «Աղբահանություն եւ սանմաքրում», «Հրազդանքաղլույս», «Մաքուր Հրազդան», «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման եւ շահագործման», որոնց համար գնվել է սեղմված բնական գազի ծառայությունը: Պայմանագիրը կնքելու համար ընկերության տնօրենը 32 մլն 240 000 հազար դրամ է առաջարկել համայնքապետարանին:

Հրազդանի համայնքապետարանի 2012թ. հուլիսին կայացած աճուրդով Արամ Դանիելյանը հասարակական կառուցապատման 300 քմ հողատարածք է վաճառել 2 եղբայրներին՝ Անաստաս եւ Արթուր Դանիելյաններին, յուրաքանչյուրին՝ 150 քմ: Ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2014թ. սեպտեմբերի 5-ին, եւ արդեն 4 տարի գազալցակայանը գործում է:

Հրազդան համայնքի ավագանու որոշման համաձայն՝ գազալցակայաններն ամեն տարի 200 000 դրամ տեղական տուրք պետք է վճարեն համայնքային բյուջե՝ գործունեության թույլտվություն ստանալու համար: Սակայն «Դանիել-Ա» ՍՊԸ-ն այդպես էլ չի հաշվառվել համայնքապետարանի փաստաթղթերում, եւ համայնքային բյուջե տուրք չի վճարել: Հրազդան համայնքի հնգամյա ռազմավարական ծրագրում նշված է, որ համայնքի վարչական տարածքում գործում է 3 հեղուկ գազալցակայան: Սա նշանակում է, որ տարեկան բյուջեն կազմելիս համայնքապետարանը մուտքեր է նախատեսում միայն 3-ի համար:

Գազալցակայանները, ինչպես նաեւ բենզալցակայանները, շուրջօրյա աշխատող  օբյեկտներ են, հետեւաբար ժամը 24-00-ից հետո աշխատելու համար նույնպես թույլտվություն պետք է ստանան: Գիշերային ժամերին աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը առեւտրային օբյեկետների օրացուցային տարվա համար Հրազդանի ավագանին սահմանել է 5000-ից մինչեւ 50 000 դրամ: Սակայն, անցնող 4 տարիներին «Դանիել-Ա» ՍՊԸ-ն չի վճարել նաեւ այս տուրքը:

Այս ընկերության մասին միայն երկու անգամ է հիշատակվում համայնքապետարանի փաստաթղթերում: Դրանցից մեկով Արամ Դանիելյանը եղբոր՝ Անաստաս Դանիելյանի 2014թ. օգոստոսի 21-ի դիմումը հիմք ընդունելով՝ թույլատրել է փոփոխություն կատարել ավտոգազալիցքավորման ճնշման կայանի կառուցման աշխատանքային նախագծի գլխավոր հատակագծում: Երկրորդ անգամ ընկերության անունն ի հայտ է գալիս համայնքապետարանի գնումների փաստաթղթերում` որպես սեղմված բնական գազի ձեռք բերման գնումների հայտատու եւ հաղթող:

Հրազդանի համայնքապետարանն ունի ներքին աուդիտի բաժին, որը գործում է համայնքի ղեկավարի ենթակայությամբ: Նպատակը՝ «նվազեցնել վատնումների  եւ  այլ  չարաշահումների դեպքեր տեղի ունենալու հավանականությունը»: Բնականաբար, աուդիտի պատասխանատուները «չեն նկատել», որ համայնքապետին պատկանող գազալցակայանները տեղական տուրք չեն վճարում եւ դրանով անհավասար հարկման դաշտում են նույն տարածքում գործող մյուս 3 գազալցակայանների հետ: Համայնքային բյուջեից 32 մլն 240 000 հազար դրամ եկամուտ ստացող ընկերությունը չի ցանկանում մոտ 250 000 դրամ տուրք վճարել համայնքային բյուջե:

Միաժամանակ, Հրազդանի համայնքապետարանը երբեք պարտք չի մնում Ա. Դանիելյանի կազմակերպությանը: Համայնքապետարանի 2017թ. պարտքերի գույքագրման ցուցակում ավելի քան 52 պարտատեր կա, սակայն «Դանիել-Ա» ՍՊԸ-ն չկա այդ ցուցակում: Համայնքապետարանն այլ ընկերությունների ու կազմակերպությունների 46 մլն 959 000 դրամի պարտք ունի:  Նրանցից մի քանիսը դատական կարգով են բռնագանձել իրենց գումարները:

Արամ Դանիելյանին փոխկապակցված մյուս ընկերությունը «Կ․Հ․Ա․Ռ.» ՍՊԸ-ն է

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի անվան հետ է կապվում նաեւ «Կ․Հ․Ա․Ռ.» ՍՊԸ-ն: Հրազդանի համայնքապետի եղբայրներից Արթուր Դանիելյանն այս ընկերության 50%-ի բաժնետերն է եղել հիմնադրման օրից: Ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2006թ. սեպտեմբերի 8-ին եւ նույնպես սեղմված գազի վաճառքով է զբաղվում:

Հիմնադրումից 6 ամիս անց` 2007թ. մարտի 1-ից մինչեւ 2016թ. փետրվարի 4-ը, «Կ․Հ․Ա․Ռ.» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Արամ Դանիելյանի մյուս եղբայրը՝ Անաստաս Դանիելյանը: Հիշեցնենք, որ նա միաժամանակ «Դանիել-Ա» ՍՊԸ-ի տնօրենն էր:

2016թ. փետրվարի 4-ին ընկերության սեփականատերերի փոփոխություն է տեղի ունեցել՝ բաժնետոմսերն անցել են այլ անձանց, եւ Հրազդան համայնքի ղեկավարի եղբայրները դուրս են եկել ընկերությունից: Սակայն, 2002թ.-ից անընդմեջ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արամ Դանիելյանը նրանց դուրս գալուց հետո էլ շարունակել է առանձնահատուկ հոգատարությամբ նպաստել այս ընկերության բարգավաճմանը:

Նոր սեփականատերերից մեկը՝ Արմեն Դերձակյանը, դարձել է 50% բաժնեմասի տերը, իսկ նրա որդին՝ Սերոբ Դերձակյանը, ստանձնել է ընկերության տնօրենի պաշտոնը:   Արմեն Դերձակյանի սեփականատեր լինելու ընթացքում, 2016թ. մայիսին տեղի ունեցած աճուրդով, Արամ Դանիելյանը «Կ․Հ․Ա․Ռ.» ՍՊԸ-ին 1918 քմ բնակավայրերի նշանակության հողատարածք է վաճառել: Այնուհետեւ, եւս 840 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, Հրազդան համայնքի ավագանու թույլտվությամբ, ուղղակի վաճառքով օտարել է «Կ․Հ․Ա․Ռ․» ՍՊԸ-ին՝  գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: Հրազդան համայնքի Հարավային  թաղամասի Երեւան-Սեւան մայրուղուն հարող տարածքում գտնվող 840 քմ հողակտորը համայնքապետը վաճառել է 9500 դրամով:

2016թ. հուլիսի 11-ի N 396 որոշումով հողամասին  հասցե է տրամադրել՝ քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, Երեւան-Սեւան մայրուղի 62: Մեկ այլ որոշման մեջ այս հասցեն հիշատակվում է՝ գազալցակայան, հիմնական շինություն (Երեւան-Սեւան մայրուղի 45 կմ):

Արմեն Դերձակյանի հետ Հրազդանի համայնքապետի բարեկամությունն, ըստ ամենայնի, ավելի վաղ պատմություն ունի: 2015թ. նոյեմբերի 20-ին կայացած աճուրդով համայնքապետը Ա. Դերձակյանին հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 1000 քմ հողատարածք է վաճառել: Այդ ժամանակ նա դեռեւս «Կ․Հ․Ա․Ռ.» ընկերության բաժնետեր չէր:

Ընկերությունը եւս մեկ սեփական տարածք է ձեռք բերել 2009թ. հոկտեմբերին` Հրազդան քաղաքի Պուրակային  փողոց  4 հասցեում:

2017թ. հուլիսի 3-ին Արմեն Դերձակյանն իր բաժնեմասը փոխանցել է մեկ այլ բաժնետիրոջ, սակայն նրա որդին՝ Սերոբ Դերձակյանը, շարունակում է զբաղեցնել ընկերության տնօրենի պաշտոնը: Նրա բաժեմասն այլ սեփականատիրոջ անցնելուց հետո միայն, Հրազդան համայնքի ղեկավարն առաջին անգամ տեղական տուրք է գանձել «Կ․Հ․Ա․Ռ.» ՍՊԸ-ից՝ 2017թ. հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար: Մինչ այդ, այս ընկերությունը նույնպես արտոնյալ վիճակում է եղել եւ տեղական տուրք չի վճարել համայնքային բյուջե:

Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter