Կիրակի, 23 սեպտեմբերի

Նորից Ծարասարի ոսկու հետքերով. 3-րդ անգամ նույն տարածքում ոսկի են որոնելու



2017 թվականի դեկտեմբերի 14-ին գրանցված «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում ուզում է  երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է: Այն հիմնադրել են Մեղրաձորում գրանցված Ավետիք Միքայելյանը և երևանյան գրանցում ունեցող Պարգև Պետրոսյանը:

Պարգև Պետրոսյանն առնչվում է նաև «Արատտա մայնինգ» ՍՊԸ-ին, որը Վերին Շորժայում, Կողասարում, Ջիլ Արեգունի, Մաքենիսի տարածքներում ուսումնասիրություններ է իրականացրել: 

Նա նաև «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ի բաժնետերերից է: Այս ընկերությունը շահագործում է Ջաջուռի անդեզիտների բաց հանքավայրը, «Կապս-բզնոցի» տոլերիտային բազալտների հանքավայրը, Առափի ավազակոպճային խառնուրդի հանքավայրը: Բացի դրանից, զբաղվում է նաև ավտոմայրուղիների և ճանապարհների շահագործան աշխատանքներով, ինչի համար իր ենթակայության տակ ունի ասֆալտ-բետոնի, խճի մանրացման արտադրություններ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում:  

Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան-հյուսիս-արևմտյան լանջերին, Մասրիկ գետի ավազանի վերին հոսանքներում:

Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7.5 կմ դեպի հարավ-արևելք և Վարդենիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Այրք և Վերին Շորժա գյուղերը:   

Նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություններ 2010 թվականից ի վեր ստացել են ևս երկու ընկերություններ՝ «Արմենիան Իինտերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն՝ 2011-2014թթ, «Ինթերնեյշնլ գոլդ» ՍՊԸ-ն՝ 2015-2017թթ, այժմ էլ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն` 2018-2020թթ.:

Նախորդ ուսումնասիրող «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Ծարասարի ոսկու պաշարներով օտարերկրյա ներդրողներ են հետաքրքրված: Սակայն թե ինչ են հայտնաբերել երկրաբանական ուսումնասիրությունները, հանրությունն այդպես էլ չի իմանում: Մի ընկերությունն անհետանում է, հայտնվում է մեկ ուրիշ ընկերություն և նույն տարածքում սկսում երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնել:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակած որևէ քաղաքականություն չունի: Մեր հարցումներից մեկին, թե ինչու է նույն տարածքում կրկին հետազոտություն կատարում մեկ այլ ընկերություն, պատասխանել էր, որ «դա պայմանավորված է տնտեսվարողի ցանկությամբ»:

Այս անգամ էլ Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակն է գնահատել ոսկու և դրան ուղեկից բազմամետաղների պաշարների, դրանք հաշվել ըստ C1 և C2 արդյունաբերական կարգերի, ինչպես նաև գնահատել հեռանկարային պաշարներն ըստ P1 կարգի: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կազմել հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարությանը հիմնավորող տեխնիկա-տնտեսական հաշվարկներ և պաշարների հաշվարկումով երկրաբանական հաշվետվություն: 

Մարտի 17-ին՝ ժամը 14.00-ին, Ակունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ընկերության ներկայացրած նախագծի հանրային քննարկումները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Մինասյան Ս.08:50 - 4 մարտի, 2018
Նայեք ինչ է ասում այս պետական պաշտոնյան` «դա պայմանավորված է տնտեսվարողի ցանկությամբ» (!) - Իսկ եթե «տնտեսավարողը», մեղմ ասած, ադեկվատ մեկը չէ (այսինքն ավանտյուրիստ սրիկա է) միթե պիտի թողնեն իր ուզածն անի մեր բնաշխարհի եւ այնտեղ ապրող մարդկանց հետ? Փաստորեն իրենց համար հենց այդպես է (շաբաշը տվել են!) Բայց չէ որ այնտեղ էլ են տնտեսավարողներ ապրում դարերով, որոնք իրենց շահերն ու ցանկություններն ունեն եւ աղաղակում ու աղաչում են, որ իրենց չվնասեն? Միթե սա բացահայտ լպիրշ «բացատրություն» ու «հիմնավորում» չէ? Վաղն էլ մարդասպանին են պարգեւատրելու, ասելով` «ինքը բարի գործ է կատարել, մարդուն ազատել է այս կյանքի տառապանքներից!» Այս լրբությունը կարող է ավարտվել?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ