Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

SADA Systems․ հայ հիմնադիրների ճանապարհը՝ որպես Google-ի, Microsoft-ի, Facebook-ի հիմնական գործընկեր և ներդրումը Հայաստանում հեռաբժշկության զարգացման մեջ


Մանե Գևորգյան

SADA Systems-ը բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվական ընկերություն է, որն ապահովում է ամպային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվություն, ծրագրային ապահովման տեղափոխում և տեղակայում ամպային սերվերում, փոփոխության կառավարում և մատուցում նմանատիպ այլ ծառայություններ։ 

SADA Systems-ը հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում և Լոս Անջելեսում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է։ Հիմնադիրները Հովիկ և Անի Սաֆոյաններն են։ 2002 թվականից ընկերությունը ղեկավարում է նրանց որդին՝ Թոնի Սաֆոյանը, որը 2015 թվականին արժանացել է «Ernst and Young Entrepreneur of the Year Finalist award» մրցանակաբաշխության տարվա լավագույն գործարար մրցանակին։

SADA Systems-ի ղեկավար Թոնի Սաֆոյանը

1987 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո հաշվապահության մեջ փորձ ունեցող Անի Սաֆոյանը շարունակում է զբաղվել հաշվապահությամբ, հետո` գրաֆիկ դիզայնով, ապա սովորում կայքեր պատրաստել։ Հովիկ Սաֆոյանն աշխատում է որպես ծրագրավորող։ Անի Սաֆոյանի հաճախորդներից մեկը նրան խնդրում է կառուցել իրենց ձեռնարկության ռեսուրսների ծրագիր: Այն իրականացնելու համար Անի Սաֆոյանին անհրաժեշտ է լինում ամուսնու օգնությունը։ Միասին աշխատելուց հետո որոշում են հիմնել իրենց տեխնոլոգիական ընկերությունը՝ SADA Systems-ը, որը սկսում է ապահովել համակարգչային ու ծրագրային խնդիրների լուծում փոքր բիզնեսների համար։

SADA Systems-ի համահիմնադիրներ Անի և Հովիկ Սաֆոյանները

Ամեն ինչ փոխվում է, երբ 2007 թվականին SADA Systems-ին է դիմում Google-ը։ Վերջինս օգնության կարիք ուներ Google App-երն ավելի շատ ու տարբեր բիզնեսների վաճառելու, ինչպես նաև մի ծրագիր ստեղծելու համար, որը թույլ կտար օգտատերերին հեշտությամբ տեղափոխել իրենց էլեկտրոնային նամակներն ու նյութերը Google Apps-ի ամպային համակարգ։ SADA Systems-ը համաձայնում է, և այս համագործակցությունը դառնում է հետագայում նոր առաջարկների սկիզբ։

Անի Սաֆոյանի խոսքերով՝ ընկերության հաջողությունը պայմանավորված է ընտանեկան արժեքներով ու արագ զարգանալու ցանկությամբ։ Նա նշում է, որ ընտանեկան բիզնեսն ունի և՛ առավելություններ, և՛ մարտահրավերներ, որովհետև սեփական բիզնեսի դեպքում չկան սահմանափակումներ, ինքդ ես կայացնում կարևոր որոշումներ, սակայն դա նշանակում է աշխատել ոչ թե օրական մի քանի ժամ, այլ շաբաթը 7 օր, 24 ժամ։

Այժմ SADA Systems-ի համախառն եկամուտը 100 մլն դոլար է, և այն ունի ավելի քան 200 աշխատակից։ Այն համարվում է մեծ ընկերությունների, այդ թվում` Google-ի, Microsoft-ի, Facebook-ի գլխավոր ու հիմնական գործընկերը։ 2017 թվականին SADA Systems-ը ճանաչվել է Microsoft-ի տարվա գործընկեր՝ հասարակական, ինչպես նաև առողջապահական ոլորտում՝ դառնալով Microsoft Health Innovation Award-ի հաղթող։  

SADA և Microsoft ընկերությունների, Լոս Անջելեսի «Մանկական  հիվանդանոցի» տեսողական կենտրոնի ղեկավար բժիշկ Թոմաս Լիի համագործակցության շնորհիվ 2017 թվականից Հայաստանում հեռաբժշկության միջոցով հնարավոր է կատարել վիրահատություններ ու կանխել անհասների ռետինոպաթիան։ Վերջինս  սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի։ Հեռաբժշկությունն առողջապահական ոլորտում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է հեռակա խորհրդատվություն տրամադրելու համար։

Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսի «Մանկական հիվանդանոցի» տեսողական կենտրոնի ղեկավար բժիշկ Թոմաս Լիի և Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության համագործակցությունից։ Վերջինը հիմնադրվել է 1992թ. ԱՄՆ-ում՝ ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել Հայաստանում ձեռքբերովի կուրությունը: Այդ նպատակով իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ:

2010 թվականից ՀԱՆ-ը սկսեց համագործակցությունը Լոս Անջելեսի «Մանկական հիվանդանոցի» տեսողական կենտրոնի ղեկավար բժիշկ Թոմաս Լիի հետ, ինչը թույլ տվեց սկսել ազգային ծրագիր։ Համագործակցության շրջանակում բժիշկ Թոմաս Լին մի քանի անգամ եղել է Հայաստանում, իր փորձը փոխանցել բժիշկներին և ուսանողներին, կատարել մի քանի վիրահատություն։ 2014թ․ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ստեղծվել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն: Հայ վիրաբույժների վերապատրաստումն իրականացրել են Թոմաս Լին և ակնաբուժության ոլորտում հայտնի Սյու Չենգ Վոնգը (Մեծ Բրիտանիա):

Չնայած վերապատրաստումներին՝ վիրահատության ընթացքում առաջացող տարբեր զարգացումներին համապատասխանաբար արձագանքելու և դրանք կանխելու համար բժիշկները դեռ ունեին Թոմաս Լիի կարիքը, սակայն յուրաքանչյուր վիրահատության համար նա չէր կարող գալ Հայաստան, հատկապես, որ վիրահատություն պետք է կատարել հիվանդությունն ախտորոշելուց հետո 48 ժամվա ընթացքում։

Հարցի լուծման հնարավոր տարբերակը հեռաբժշկության համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն էր, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեռակա տեսնել վիրահատությունն ու որոշ միջամտություններ կատարել։

Հավաքներից մեկի ժամանակ SADA ընկերության հիմնադիրները՝ Սաֆոյանների ընտանիքը, հանդիպում է բժիշկ Թոմաս Լիին, ծանոթանում խնդրին ու որոշում անշահախնդիր միանալ նախաձեռնությանը։ Քանի որ SADA-ն Microsoft-ի հիմնական գործընկերներից է, և վերջինիս առաջարկած ամպային համակարգի լուծումներն ու տեղեկության պահպանման անվտանգության մակարդակը համապատասխանում էին բժիշկ Լիի պահանջներին,  SADA-ի հիմնադիրները որոշեցին օգտվել Microsoft Cloud-ի (Office 365, Skype for Business and OneDrive) լուծումներից ու Polycom-ի սարքավորումներից՝ բժիշկների համար հեռակա վերապատրաստումներ ապահովելու և ներկա ժամանակում համագործակցություն իրականացնելու համար։  

SADA-ի շնորհիվ հնարավոր դարձավ վիրահատության ժամանակ կապ ստեղծել հայաստանյան բժիշկների, Թոմաս Լիի, Սյու Չեն Վոնգի և այլ բժիշկների միջև: Հարկ եղած դեպքում Թոմաս Լին տեսակապին միանալ է առաջարկում այլ բժիշկների՝ տարբեր երկրներից, որոնք նույնպես օգնում են իրենց խորհուրդներով։

 

Անհաս ծնված երեխայի աչքի վիրահատության ընթացքը քննարկում են Թոմաս Լին (ԱՄՆ), Ռոջեր Օհանիսյանը (ԱՄՆ) եւ Սյու Չեն Վոնգը (Մեծ Բրիտանիա): Հեռաբժշկության համակարգի աշխատանքը վերահսկում է SADA Systems-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Սմիթը (ԱՄՆ):

Բժիշկ Լիի խոսքերով` աչքի հեռակա վիրահատությունն անհնարին էր թվում, սակայն SADA-ի և Microsoft-ի համագրոծակցությամբ տրամադրված տեխնոլոգիական լուծումները վերացրին հեռավորության խնդիրը. տեսազանգի շատ բարձր որակի շնորհիվ հնարավոր է շատ պարզ տեսնել աչքը, դրա հետ կատարվող գործողություններն ու ասել՝ տվյալ պահին ինչ է պետք անել, խորհուրդներ տալ ու հետևել ընթացքին։ Նախաձեռնության նպատակն է փոխանցել անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը, որպեսզի ժամանակի ընթացքում Երևանում աշխատող բժիշկները կարողանան ինքնուրույն կատարել վիրահատություններն ու իրենց փորձը փոխանակել տարբեր մարզերում աշխատող բժիշկներին։

SADA Systems-ը  նախատեսում է շարունակել համագործակցությունը բժիշկ Թոմաս Լիի հետ՝ կիրառելով  այս տեխնոլոգիան այլ երկրներում, ինչպես նաև առաջարկելով նոր լուծումներ տարբեր առողջապահական խնդիրների կարգավորման համար։ 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։