HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պայքարում ենք արդարության համար, պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ» (վիդեո)

Դեկտեմբերի 27-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված վիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակաով հանդիպել են մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետ Մինաս Սայադյանի հետ: «Մեր գալու նպատակն է պարզել, թե ինչ տեսակետներ ունի մարզպետարանը այս երևույթի նկատմամբ»,- «Հետքին» ասաց Անահիտ Բախշյանը:  

Աքորի համայնքի դպրոցի ուսուցիչների բողոքի ցույցից հետո դեկտեմբերի 21-ից առ այսօր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցի ուսուցիչների հետ չի հանդիպել մարզպետ Արթուր Նալբանդյանը: Անահիտ Բախշյանը հանդիպման սկզբում Մինաս Սայադյանից խնդրեց տրամադրել Լոռու մարզի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կազմը: Պատգամավորն ասաց, որ վերջինիս հետ կապված նամակ է ուղարկել Լոռու մարզպետին. «Աքորի միջնակարգ դպրոցի արհմիությունից անկապ մի երկու նամակ էլ ենք ստացել, դա էլ կարող ենք Ձեզ տրամադրել»,- ասաց Մինաս Սայադյանը:

 «Այդ նամակները ես ունեմ: Կարող է դուք նրանց հետ համաձայն չլինեք, բայց մի ասեք անկապ»,- վարչության պետին դիտողություն արեց պատգամավորը: «Արհմիությունը վերջ ի վերջո պետք է օրենքի տարրը իմանա ու նոր նամակ ուղարկի մարզպետին: Ոչ թե վերցնի ու նամակ ուղարկի, թե մենք ուզում ենք էս ինչը լինի տնօրեն: Հո գյուղապետ չեն ընտրում, վերջը կարգ գոյություն ունի, եթե օրենքը կառավարման խորհրդին է տվել գործադիր տնօրենի ընտրությունը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:  

Անահիտ Բախշյանը նույնպես դպրոցի արհմիութենական կազմակերպության այդ որոշմանն համաձայն չէր. «Եթե ես լինեի, դա չէի գրի» ,- ասաց նա: Մանկավարժների հետ չհանդիպելու հանգամանքը Արթուր Նալբանդյանը բացատրեց նրանց նկատմամբ իր վրդովմունքով. «Ես այնքան վրդովված և վիրավորված եմ, որ մարդը կարա երեխաներին նույնիսկ այդ մակարդակի իջեցնի, ու գնան գյուղապետի տուն` դավաճան ու հուդա գոռալով: Ես դեռ մարզպետ չեմ եղել, իրենք են խորհուրդը ընտրել, իրենք են կողմ քվեարկել, որ դպրոցական խորհրդի նախագահը լինի գյուղապետ Կամո Սիմոնյանը: Հիմա ի՞նչը փոխվեց: Ում ուզում եք ընտրեք, ես իմ սկզբունքներին երբեք դեմ չեմ գնա»,- ասաց մարզպետը:

«Ում ուզում են ընտրեն, բայց կարգին համաձայն»,-միջամտեց Անահիտ Բախշյանը և բացատրեց, որ դպրոցական խորհրդի կողմից կարգի խախտումը սկսվել է այն պահից. երբ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել է 2010թ.-ի հունվարին. «Ով է նշանակվել` կարևոր չէ, նա մինչ օրս մնում է որպես ժամանակավոր պաշտոնակատար: Կարգում հստակ գրված է, որ տնօրենի պաշտոնի թափուր մնալու դեպքում դպրոցի կառավարման խորհուրդը պետք է հայտարարի մրցույթ: Աքորիի դպրոցի կառավարման խորհուրդը չի հայտարարել մրցույթ: Արդեն սա մեկ կոպիտ խախտում է»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ըստ պատգամավորին` երբ գործադիր տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանը հունիսին դպրոցի տնօրենի մրցույթի մասնակցելու դիմում է ներկայացրել, մրցույթ չի հայտարարվել: «Խորհրդի նախագահ, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը այս հարցին պատասխանել է, թե վերևներից ցուցում չունեմ, դրա համար չեմ հայտարարել»: «Եկեք, որը իմ պաշտոնավարման ժամանակին է վերաբերվում, դրա մասին խոսենք, որի պատասխանը չգիտեմ, բնականաբար, ես չեմ կարող պատասխանել»,- ասաց մարզպետը: «Եթե պատասխանը չգիտեք, պարոն Նալբանդյան ջան, եկեք օրենքի կարգին համապատասխան գործենք»,- առաջարկեց պատգամավոր Բախշյանը:

Արթուր Նալբանդյանը պատգամավորից խնդրեց բացատրել Աքորիում կայացած մրցույթի անօրինականությունը: «Նախ խորհրդի կազմը, ես շատ կասկածում եմ, թե  գյուղապետը, իր կինը, գյուղապետի տեղակալը որպես ինչ են խորհրդի կազմում: Ո՞վ է նախարարության ներկայացուցիչը այդ խորհրդի կազմում, ես էդպես էլ չկարողացա պարզել: Երրորդ, խորհրդի նախագահը ընտրությունը կազմակերպելուց հետո պետք է արձանագրի` ինչ կատարվեց, քվեաթերթիկները կցեր այդ գործին: Ութ հոգի են քվեարկությանը մասնակցել, բայց չգիտես ինչու 16 քվեաթերթիկ է մասնակցել»:  

Արթուր Նալբանդյանին հետաքրքրեց, թե որտեղից է պատգամավոր Բախշյանի այդ տեղեկությունը. ««Հետքում» դրանց նկարը կար»,- պատասխանեց պատգամավորը: Մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետ Մինաս Սայադյանը փորձեց ընտրության օրինականությունը հիմավորել ԿԳ նախարարության ներկայացուցիչի մասնակցությամբ: «Նախարարության լիազոր ներկայացուցիչը տվել է դրական եզրակացություն»,- ասաց նա: Անահիտ Բախշյանին հետաքրքրեց, թե այդ ներկայացուցիչը ընտրության ընթացակարգի վերաբերյալ արձանագրություն կազմե՞լ է, թե՞ ոչ: Պատգամավորը հայտնեց, որ նամակ է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ հարցապնդում է արել նախարարության ներկայացուցչի կողմից ընտրության գործընթացը արձանագրելու և նշված արձանագրությունը իրեն տրամադրելեւ մասին: Մինաս Սայադյանը պատգամավորներին ներկայացրեց իր ձեռքի տակ եղած ԿԳ նախարարության ներկայացուցիչ Վանիկ Միսակյանի եզրակացությունը, որտեղ ընդամենը գրված էր. «Մրցույթը կազմակերպվեց և անցկացվեց ՀՀ կառավարության 4.03.2010թ. N 319 –Ն որոշմամբ հաստատված տնօրենի ընտրության կարգի պահանջերին համապատասխան: Հաստատության գործադիր տնօրենի ընտրության արդյունքի հիման վրա գործադիր տնօրեն ընտրվեց Անահիտ Մուսայելյանը»:

«Ես ուզում եմ հասկանալ, պարոն մարզպետ, ինչքանով եք Դուք` որպես մարզպետ պատասխանատվություն զգում այս վիճակի համար: Այստեղ կառավարման խորհրդի գործունեությունն անցած տարվա ընթացքում հաստատ անօրինական է: Ժամանակին չի հայտարարվել տնօրենի մրցույթ» ,- մարզպետին հարցրեց Անահիտ Բախշյանը: Իր հարցի պատասխանը, սակայն, պատգամավորը չստացավ: Կողմերը քննարկեցին  Աքորիի դպրոցի տնօրենի ընտրության օրինականությունը` կրթության տեսչության կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Նույն օրը պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը Աքորի գյուղում հանդիպեցին դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների հետ. «Ես ասում եմ, մենք պայքարում ենք արդարության համար, պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ»,- կոլեկտիվի անունից պատգամավորներին ասացի Աքորի միջնակար դպրոցի ուսմասվար Սեդա Խլոպուզյանը:

Կառավարման խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը պատգամավորներին հանձնեց Անահիտ Մուսայելյանի կողմից կառավարման խորհրդին ներկայացված չկնքված և նախարարի կողմից չստորագրված հավաստագիրը: Սեդա Թոմոյանը հրապարակայնորեն պատմեց տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանի կողմից  ընտրությունից առաջ իրեն կաշառք առաջարկելու մասին, որից ուսուցչուհին հրաժարվել է: Տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանի մայրն էլ ասաց, որ որդու տնօրեն դառնալու համար Կամո Սիմոնյանը իրեն ասել է, թե որտեղ պետք է տա 5 հազար դոլար:

Քննարկվեց նաև ուսուցիչների դեկտեմբեր ամսվա աշխատավարձի վճարման խնդիրը:  Լոռու մարզպետարանը ուսուցիչների և աշակերտների վրա ճնշումներ գործադրելու նպատակով դեկտեմբերի 27-ի դրությամբ չէր վճարել ուսուցիչների աշխատավարձը:  Մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետ Մինաս Սայադյանը պնդում էր, որ ուսուցիչների երեք օրվա աշխատավարձը չեն կարող վճարել:  

Երեկ`դեկտեմբերի 28-ին Անահիտ Բախշյանը հեռախոսով «Հետքին» հայտնեց, որ լուծվել է ուսուցիչների աշխատավարձի խնդիրը: ԱԺ պատգամավորը նաև հայտնեց, որ Աքորի գյուղի դպրոցի գործադիր տնօրենի ընտրության օրինականությունը կստուգվի կրթության տեսչության կողմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter