Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Նախագահի լիազորությունների կրճատում, կառավարության դռնփակ նիստ, տարկետման տրամադրում․ արտահերթ նիստի օրակարգը



Մարտի 6-ին Խորհրդարանը Կառավարության առաջարկությամբ հրավիրելու է արտահերթ նիստ։ Ներկայացնենք օրակարգում ներառված հարցերից մի քանիսը։

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ հանրապետության նախագահն այլևս Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Ըստ նախագծի՝ այդ խորհրդի անդամներն են լինելու՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերից է «Հանրային խորհրդի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Առաջին ընթերցմամբ Կառավարությունը ներկայացրել է «Պետական պարգևների և կոչումների մասին» նախաձեռնությունը, որտեղ առաջարկում է փոփոխել օրենքի երկրորդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ պետական պարգևների և կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, այս օրենքով և հանրապետության նախագահի հրամանագրերով։ Այժմ գործադիրն առաջարկում է այդ հոդվածից հանել նախագահի հրամանագրերը հատվածը։ Եւ չնայած նախագահի կողմից պարգևատրում կատարելը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից է, սակայն նախագծով հանվում են այն բոլոր դրույթները, թե որ դեպքերում է նախագահը պետական պարգև շնորհում։ Նախագծում նշվում է, որ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ նախագահին դիմելու իրավասություն ունեն վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները։

Մյուս նախագիծը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծն է, որով կարգավորվում են Կառավարության անդամների կազմավորման կարգը, վարչապետի լիազորությունները, այստեղ է ամրագրված նաև այն դրույթը, որ Կառավարության նիստերը դռնփակ են, սակայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց։ Նախագծում նշվում է նաև այն, որ Կառավարության նիստի օրակարգը ենթակա է հրապարակման՝ նիստից առնվազն մեկ օր առաջ, ընդ որում օրենքով գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն՝ նշվում է «գաղտնի» բառը։

Կառավարությունն առաջարկում է նաև փոփոխություն «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագծում՝ ամրագրելով, որ ակադեմիայի նախագահը չի կարող մասնակցել Կառավարության նիստերին։ Ըստ «Գործատուների միությունների մասին» օրենքի Կառավարության առաջարկի՝ գործատուների միության նախագահը ևս չի կարող մասնակցել Կառավարության նիստին։ Օրակարգում ներկայացված է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը, գործադիրն այս օրենքում ևս առաջարկում է հանել այն դրույթը, որտեղ ամրագրված է, որ Երևանի քաղաքապետը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Կառավարության նիստերին։ Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահն ու Կենտրոնական բանկի նախագահը ևս չեն կարող նիստին մասնակցել՝ համապատասխան օրենքների ընդունման դեպքում։

Օրակարգում ներառված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթը Կառավարությունն առաջարկում է նախագծում ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում նաև Կառավարության անդամ նշանակված քաղաքացուն՝ Կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով։

Արտահերթ նիստի ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ