Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Օ՜ «պադվալներ», օ՜ աստվածներ, օ՜ մարդիկ



Մարտի մեկի երեկոյան Լուսավորիչ 12 հասցեում (Մաշտոցի պողոտա-Լուսավորիչ հատման կետում), նախկին second hand խանութում «բան» էր տեղի ունենալու։

Պատուհանները փակ են վարագույրով, իրար ճանաչող մի 40 հոգի դրսում կանգնած սպասում են, որ  Էլլան «ներս թողնի»։ Մի քանի բառի փոխանակում, եղանակի տեսություն, տասը տարի առաջ հենց այս նույն տարածքում կատարված մարտիմեկյան դեպքերի քննարկում, սիգարետ, ծաղիկներով մեկը, նորից սիգարետ, մեկ էլ, հո՛պ, պոկվում են վարագույրները, ու Նարինե Վարդանյանը, ոտքից գլուխ սեւ, հեռացնում է կտորը հիմնական սրահից։

Բոլորով ներս ենք մտնում, կիսամութ է, խոնավության հոտը խառնվել է վառվող մոմերի հոտին, Էլլայի դեմքին պրոյեկցիա է ընկել, ու ուզում է բացման խոսք ասել, բայց չի ասում մինչեւ վերջնշում է, որ տեխնիկական հարց կացուցահանդեսը նկուղում է, իսկ նկուղ իջնելու համար պետք է բաժանվենք խմբերի։ Երեք-երեք բեռնատար վերելակը մեզ կտեղափոխի այնտեղ․․․

«Խեր, Շառ, Աստվածուհի» ցուցահանդեսի բուն նյութի մասին շատ բան որոշել եմ չգրել, որովհետեւ մինչեւ ցուցահանդեսն էլ զրուցել եմ արտիստի՝ Նարինե Վարդանյանի ու համադրողի՝ Էլլա Կանեգարիանի հետ (զրույցն՝ այստեղ), բայց թեմատիկ մի քանի առանձնացումները, կամ մտքերը, որոնք ծագեցին կոնկրետ իրադարձության ընթացքում, հատկապես արխիվի համար, կարեւորում եմ, որովհետեւ ցուցահանդես էր, որը բառիս բուն իմաստով «տեղի ունեցավ» բացվեց մարտի մեկի երեկոյան ու փակվեց նույն մարտի մեկի գիշերը։

second hand․ «պադվալը»

Բեռնատար վերելակով երրորդ խմբի հետ իջնում եմ։ Մարդու հասակին համապատասխան նկուղ է (նկուղ` բառիս բուն իմաստով)։ Չգիտեմ՝ մտածված է, թե չէ, բայց նախասրահը, որտեղ վերելակի «մատոռն» է, վառած յուղի հոտն ու մոմերը, ներս քաշելու տրամադրություն է հաղորդումարկղերի մեծ կույտ կա, պատին նշումներ, տոնածառի լույսը թռթռում է «մատոռի» ֆոնին։

Առաջին բանը, որ անցնում է մտքովս «second hand» բաճկոնս է, որ ուսանող ժամանակ գնեցի, ու մի քանի տարի տառապում էի, որ իմանամ՝ ով է նախկինում հագել այն։ Իրականում մի տասը կերպար էդպես հորինել էի, երբ մի օր ընկերներիցս մեկն ասեց, որ գիտես՝ տղամարդու բաճկոն է։ Հարցրի՝ ինչից հասկացավ, ասեց, որ կոճակները հակառակ կողմում ենկնոջ հագուստի դեպքում աջից ձախ են կոճկվում, իսկ տղամարդունը՝ հակառակ։

Ու այս մտքի վրա, երբ ինձ բռնացրի, աչքիս առաջ պատմությունների մի քանի դրվագներ սկսեցին արագ անցնել։ Հիշեցի, թե ոնց իննսունականների վերջին Վանաձորում թափով մի աղանդ էր տարածվում, ու ես ու քույրս էլ էինք հայտնվել էնտեղ, որովհետեւ Ամերիկայից «պասիլկա» էր գալիս, մեջը՝ օճառ, խաղալիքներ, գուլպաներ, ծամոններ, կոնֆետներ։

Չտեսնված ուրախանում էինք, չնայած որ խելոք սպասում էինք «ալելուա՜» ասելուն, հետո տուն էինք վազում ու բացում նվերները։ Նույն մոգականությունն էն ժամանակ էր, որ տեսնես՝ ով է նվերները փաթեթավորել․․․ Մեզ ասում էին, որ մեր բարեկամն է, մեր «քույրը» կամ «եղբայրը», որ ապրում է օվկանիոսից այն կողմ։

Ու հիմա Էլլան ցուցահանդես է անում երկակի ստանդարտների մասին, Նարինեն իր սելֆիները դարձրել է կոլլաժ, ռազմակրոնական թեման էս ամենի մեջ ներկայացնելու փորձ էլ կա, իսկ ես կանգնել եմ նախասրահում, առաջ չեմ գնում։

Ասե՞մ՝ ստացվեց իրենց մոտ, թե մտածեմ՝ իմ պատմություններով ընկա «ծուղակը»։

Նկուղի նախասրահում էսպես հիշողություններով մնալուս պատճառը նաեւ անակնկալն էր, որ մտածում էի՝ մի երկու րոպե էլ ոտքս կախ գցեմ, ու մտնեմ ներս՝ հայտնաբերողի պես։

Փաստորեն Էլլայի նախաբանի տեքստի մեջ իրոք էդ նկարագրության ճշմարտությունը կար, որ այս ցուցահանդեսը «վերաբերում է ամեն մեկիս, մեր կոնտեքստին, մեր անցյալին, մեր 90-ականներին: Չկա զտված արվեստային մոտեցում, կա «սպիտակ նիվայական» էսթետիկա»․․․

Իմ էդ բաճկոնն էսպիսի նկուղում է պահվել, էսպիսի արկղերի մեջ  ու մի ուրիշ արկղով էլ հասել է տեղ, ինձ համար էլ «հայտնություն» դարձրել, որ տղամարդու ու կնոջ համար նախատեսված հագուստի տարբերությունը նշանով էլ կարելի է հասկանալ։

Մտնում ենք ներս

Դեմ-դիմաց երկու «սրբապատկերային» տաղավար էմիջանկյալ տարածությունն այնքան, որ անազատության զգացումը միանգամից խփի գլխիդ։ Հետաքրքիր է, որ ցուցահանդեսի բուն նյութը՝ Նարինեի սելֆիները, որոնք վերածվել են սեւ-սպիտակ թղթե կոլլաժների, միանգամից ուշադրություն չեն էլ գրավում։ Աջ անկյունում խորշ կա, աղոթող հրեշտակի արձանիկի տակ մոմ է վառվում։

Տաղավարներից մեկը մոտիկից ուսումնասիրելու անմիջական ցանկություն է առաջանում, որովհետեւ «պադվալի» նյութն ինքն է։ Մոտենում եմ, ու ա՜յ քեզ։ Մտածել են փաստորեն, որ  շա՜տ մոտիկից ուսումնասիրելու ցանկություն է առաջանալու, ու փակել են տաղավարը կարմիր շղարշով։ Կանացի թեթեւ հնարք, ու միաժամանակ ցանկացած բան սեքսուալ շղարշի տակ տեսնելու անհագ կարիք։

Ավելի եմ մոտենում։ Իննսունականների «սերվանտի» պես խառը, արժեք չունեցող, տեղ-տեղ էժանագին իկոնաներ, արձանիկներ, փոքրիկ դետալներ, որոնք տեսնելու համար «ստիպված» ես շղարշին «քսել» քիթդ։ Կոլլաժների ու էս դետալային առատության արանքում փոքրիկ պլաստմասե զինվորներն են, հրթիռները, զենքը։

Սրբապատկերի մասին մտածելու պահը

Սրբապատկերի սիմվոլիկ ու միստիկ նշանակությունն այստեղ՝ նկուղում օգտագործվել է իր առաջնային նշանակությամբայն պետք է կապ ստեղծի դիտողի ու «դավանանքի» միջեւ, ազդեցություն ունենա։

Այստեղ կինն է՝ «շրջապատված» եւ «շրջափակված» զինվորներով, զենքերով, սոցիալական կրիչներովհարց է առաջանումինքն է «պաշտպանյալի» դերում, թե՞ «իրեն են պաշտպանում»։ Երկուսի դեպքում էլ մարդն իրեն անզոր է զգում։ Եվ ինչպիսի՜ թյուրիմացություն, որ երկուսի դեպքում էլ մարդը նախ կերպարին, պատկերին է հավատում։

Ինչպե՜ս պատկերը դարձավ պաշտամունքի առարկա, ինչպես մարդիկ խոնարhվեցին դրա առաջ, խունկ ու մոմ ծխեցրին, համբուրեցին, զարդարեցին ծաղիկներով ու սպասեցին խորհրդավոր մի իրադրության։ Ինչպե՞ս պատերազմի ժամանակ զինվորի աղոթք գրվեց, եւ ինչպես քահանան օրհնեց մարտի դաշտ գնացող այդ զինվորին։

Քսան րոպեի ընթացքում էս տեսակ տասնյակ հարցեր անցան մտքովս։

Ավարտի մասին, երբ արդեն դրսում էի

Սելֆին ինքնուրույն դիրքավորվելու հնարավորություն է տալիս։ Սրբապատկերը «դիրքավորում» է մեզ։

Մենք թվացյալ դիրքի համար կրկնապատկում ենք մեր գործողությունը, գտնվելու վայրը, տրամադրությունը կամ․․․ Ամբողջությամբ կեղծում ենք գտնվելու վայրը, տրամադրությունը, գործողությունը։ Այդպես սելֆին «ստեղծում» է մեզ երեւում ենք այնպիսին, ինչպիսին գոնե կուզեինք երեւալ։ Սրբապատկերը չերեւացող(ած)ի պատկերումն է։

Նարինեի էքսպերիմենտն էս ամեն ինչի կոնտեքստում ահագին մտածելու տեղիք է տալիս։

Հ․Գ․ «Խեր, Շառ, Աստվածուհի»-ն NarNur նախագծի առաջին ցուցադրությունն էր, որտեղ ներկայացված էին Նարինե Վարդանյանի կոլլաժային աշխատանքները։ Ցուցահանդեսը տեւել է մի քանի ժամ, նկուղում, հատուկ տեխնիկական ցուցումներով։

Համադրող՝ Էլլա Կանեգարիան։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ