HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Վահե Ղուկասյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  «բուքմեն» Վահե Ղուկասյանն է։

Վահե Ղուկասյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Մի տեքստ ունեմ, որը գրելու պրոցեսի ինտիմ լինելու մասին է։ Պատկերացրու՝ միտքը կա, դու նստած ես ստեղնաշարի առաջ, պետք է գրես, գնա՜ց մի քան տողը․․․ Ես համակարգիչն ուժեղ կփակեմ, այնպես, որ կջարդվի, կընկճվեմ ու կնեղվեմ, երբ հանկարծ մեկն ինձ հարցնի՝ «այդ ինչ ես անում»։ Ես կամ պիտի խաբեմ, որն ինձ վրա էլի բացասական ազդեցություն կունենա, կամ պիտի ասեմ՝ գրում եմ, ու ամեն ինչ կորչի, գնա։ Պահը շատ ինտիմ է։ Քեզ հետ նուրբ մի բան է տեղի ունենում, որը  պիտի չխախտվի, իսկ հարցադրման, միջամտության դեպքում ռակուրսը խախտվում է։

Հիմա, եթե սկսեմ իմ մասին երրորդ դեմքով խոսել, մոտավորապես նույն բանը կլինի։ Այն, որ ես կամ, ինչ-որ բաներ եմ գիտակցում, բանականություն ունեմ, աշխարհն իր ազդեցությունն ունի ինձ վրա ու ես՝ իր, շատ ինտիմ բնույթ է կրում։ Եթե հիմա խախտեմ այդ ներքին հավասարակշռությունն ու ինձ այլ կողմից նայեմ․․․ Չէ՛, հասկանում եմ, որ դեռ պատրաստ չեմ։

Գուցե հիսուն-վաթսուն տարեկանում կամ մեռնելուց տասը րոպե առաջ, երբ զգացում լինի, թե ավարտվում է, ճանապարհն անցել եմ արդեն, ինտիմության այդ շեմն էլ անցնեմ։ Իսկ հիմա այդ ընթացքն է, եւ պատմությունը մինչեւ վերջ գրված չի։

Դեռ 2013թ-ի պատկերներով եմ քեզ հիշում երբ «Բուկինիստում» «ուրիշ» վաճառող- խորհրդատու էիր։ Հետո պատմությունները, որ ամեն օր գրում էիր ու այդպես մի տարի շարունակ պատմում էիր՝ գրքավաճառի օրագրի պես։ Հետո «Մալիբու» սրճարանն էր, որտեղ երեկոները ինչ-որ բան էինք քննարկում։ Գրքի հերոսի պես էիր կարճ ասած միշտ պողոտայի այդ հատվածում քեզ կարելի էր գտնել։

Անցումային լուրջ փուլ էր, մետամորֆոզ․ մարդը փոխվում է։ Ենթադրում եմ՝ բոլորի հետ էլ այդպես լինում է։ Ինչպե՞ս ասեմ․․․ Ոնց որ բջիջներիդ կոմպլեկտը փոխվում է։ Երբ դու գրեցիր, հարցրեցիր՝ կգաս «Բալկոն», ինձ մոտ էլ միանգամից ասոցիացան կապվեց այդ ժամանակների հետ, ես էլ հիշեցի «Մալիբուի» աբսուրդ երեկոները։

Գրախանութի հետ կապված բոլոր պատմությունները հիշում եմ արխիվից հանած գրքերդ, որ հենց հայտնվում էին սեղանին, միանգամից վաճառվում էին։ Այն ժամանակ միայն գրքի հետ էի քեզ ասոցացնում դրա համա եմ ասում` փոխվել ես։ Տպավորություն է՝ անցյալից ես եկել։

Իրականում ոչ թե անցյալից եմ եկել, այլ հիմա գնում եմ անցյալ, որ պատմեմ։ Չեմ ուզում «ճակատագրական» բառն օգտագործել, բայց գրախանութն իսկապես ամենաճիշտ հանգրվանն էր, որտեղ կարող էի հայտնվել։ Մեծ հաշվով հենց այնտեղ էլ բացահայտեցի տեքստը։

Ընտանիքս, կրթությունս միշտ էլ կապել են ինձ գրքին, բայց սերը կոնկրետ ձեւակերպված չէր եւ առանձնապես չէր արտահայտվում։ Գրախանութն ինձ կլանեց, բոլոր տեքստերը սկսեցի տեսնել, ինչ-որ նշաձող գտա, «իմացա», որ տառերի որոշ հաջորդականություն ես էլ կարող եմ «կրակել»։

Ասածս, որ վիզուալ աչքիդ երեւա, պատկերացրու, որ մատրիցայի նման բոլոր տեքստերն իջնում են, դու մտնում ես այդ կոդերի մեջ ու քո փոքր կոդերն ես դնում։

Չեմ հիշում, թե որ պատմվածքիցդ էր, բայց մեջբերումը դեռ 2014թ-ին պահպանել էի ինձ մոտ։ Այսպես էր «․․․Իրականում ես ոչինչ չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ այ այն կինը, որը հիմա ամսագիր է կարդում, տասը տարի առաջ գնել է իրեն բացարձակ պետք չեկող ճամպրուկ, որը նա կնվիրի իր տանը մաքրություն անող մալականուհուն, իսկ մալականուհին կուղարկի ճամպրուկն իր հարազատներին՝ գյուղ, որոնք մյուս անգամ սունկը քաղաք կուղարկեն այդ ճամպրուկով։ Ի դեպ, դրանք հենց նույն մարդիկ են, ում աճեցրած սունկը դու հիմա ուտում ես»։

Ռիթմիկ, դինամիկ, կոնցեպտուալ ձեւակերպված պատմվածք էր, բայց գաղափարը ծեծված․ խոսքը թիթեռի էֆֆեկտի մասին է, երբ որոշակի իրադարձություններ հանգեցնում են այլ որոշակի իրադարձությունների։ Եթե ես հիմա քո բալկոնից ձեռքիս իրը ներքեւ գցեմ, դիպչի այս մեքենային, գուցե տիրոջ հետ ունեցած ծանոթությունս ինչ-որ իրադարձությունների սկիզբ կամ պատճառ դառնա։ Հենց այս էֆֆեկտի մասին էր։

Հետաքրքիր է՝ այս պատմվածքը մի շրջանում եմ գրել, երբ գրքերի աշխարհում էի ոչ միայն փոխաբերական իմաստով, այլ նաեւ աշխարհագրորեն․ իմ կյանքը Մաշտոցի պողոտան էր ու գրախանութի շուրջն ընդգրկող քառակուսին։ Սովորություն ունեի խանութից յոգուրտ կամ հյութ գնել, գնալ, նստել Մաշտոցի պուրակում, ու հենց այնտեղ, ընդմիջման ժամանակ մտածեի՝ բա որ հենց հիմա ուղղաթիռ ընկնի այստեղ․․․ Աչքիս երեւում էր պատկերը միանգամից, ու պատմվածքներն այդ ժամանակ գրում էի շոթի պես։

Կտրուկ անցում անենք, ու հարցնեմ քո ու Հայաստանի հարաբերությունների մասին։

Իմ դեպքում ավելի շուտ իմ ու Երեւանի հարաբերությունն է, հետո՝ իմ ու Հայաստանի, ապա իմ եւ Հայաստանի հանրապետության։ Չեմ խորանա հանրապետության հետ ունեցածս հարաբերության մեջ, չնայած հետաքրքիր շերտավորում կստացվեր, բայց Երեւանի ու իմ հարաբերությունը մարդու ու իր տան հարաբերության պես է։ Տուն է։ Ուրիշ ավելի հարմար նկարագրություն չգիտեմ։ Տուն ասելով ամեն ինչ կամփոփեմ․ այդտեղ եւ իմ կոնֆլիկտները կան, եւ իմ կոմֆորտը կա, եւ հարազատության զգացումը։

Հարաբերությունները լրիվ փոխվեցին մի քանի իրադարձություններից հետո, որոնք այսպես ձեւակերպելու հնարավորություն են տալիս հիմա։ Ես երկրից շատ ուշ եմ դուրս եկել եւ մինչ այդ համեմատության փաստացի այլընտրանք չեմ ունեցել։

Երբ մի քանի անգամ դուրս ու ներս արեցի, հասկացա, որ ծանր են համեմատությունները։ Ոնց որ գնաս հարեւանիդ տուն, ընտիր կահավորված լինի, փափուկ բազմոցներ, պատից պատ հեռուստացույց, իսկ քո տանը, մեղմ ասած, մի տեսակ տխուր է․․․ Մի շարք քաղաքներց հետո անհանգստացա, ճնշվեցի, եղան ճամփորդություններ, որ հետ գալու պահին տխրեցնում էին։ Բաց այս ամենի ֆոնին մի բան տեղի ունեցավ, որից հետո սկսեցի Երեւանն այլ կերպ ընկալել, լրիվ փոխվեց վերաբերմունքս։ Հռոմից հետո էր․․․

Հետաքրքիր է․․․

Հա, երեկ ընկերներիցս մեկի հետ հենց այս մասին էի խոսում, կարողացա ձեւակերպել միտքս ու հիմա կկրկնեմ։ Հռոմում ես տեսա քաղաքակրթության մաքսիմում, աբսոլյուտ․ որ «բուլիժնիկը» նայում ես, Ռաֆայելն է «քերծել», որ հրաշալի բանը տեսնում ես, դա Վինչին է «նկարել», ու այսպես շարունակ․․․ Տեսնում ես՝ իրենք ինչպես են վարեբերում դրան, ինչպես են պահում։ Հասկացա, որ, եթե չունենամ իմ հարազատը, որ արմատիս հետ կկապեմ, աշխարհում իմ տեղն ուղղակի չեմ ունենա։

Որտեղ էլ ապրես, լինելու է մի ուրիշ տեղ, որն ավելի «լավն» է, մի ուրիշ տեղ, որտեղ ավելի շատ պահպանված կամ կառուցվող բան կա, բայց հարցը միշտ լինելու է՝ դա քոնն է, թե չէ։ Հռոմում ես հակսացա, որ ցանկացած մեկի մոտ գլուխս չկախելու համար պիտի վերաիմաստովորեմ, գնահատեմ ու ընդունեմ իմը։

Վերաիմաստավորման ընթացքում ի՞նչ տեղի ունեցավ։

Գիտե՞ս՝ քաղաքներն առհասարակ իրար նման են, ինչպես օրգանիզմները․ հիմա իմ, քո, քո կատվի օրգանիզմները մեծ հաշվով նույնն են, նույն օրգան համակարգերով․․․ Այդպես էլ քաղաքները, որտեղ մարդիկ են կարեւոր, աուրան, շարժը, հարաբերությունները։ Հենց այս կենդանի օրգանիզմն էլ կարեւորվեց։

Երեւանը՝ որպես  հարաբերությունների քաղաք։

Պատկերացրու այսպիսի պրոցես։ Գիշերը երեքին-չորսին փռերում հաց են թխում, հետո առաքիչն առավոտ շուտ գնում է, վերցնում օրվա բաժանվելիք հացի քանակը, մեծ հավանականությամբ փռի աշխատակիցների հետ սուրճ է խմում, մի հատ ծխում են, նոր ինքը գնում է խանութ, խանութպանի հետ «բարեւ-բարլուս, օրդ բարի լինի»։ Ու շարունակվում է օրվա ընթացքում հենց այսպես։

Սա մի օրինակ է, ու հենց այսպիսի մի օրինակով անգամ կարելի է պատկերացնել հարաբերությունների շղթայական պրոցեսը։ Պատկերացրու՝ սա անիմացիայի ձեւով, ու այդ հարաբերությունների տեղում, ասենք, «Ինստագրամի» սրտիկներ են դուրս ցցվում քաղաքի վրա։ Այս մի գիծը դուրս եկավ փռից, հետեւից՝ մի սրտիկ, հետո մտավ տասը խանութ, ամեն խանութից հետո մի սրտիկ, «բարեւ-սրտիկ», «բարլուս-սրտիկ», «ինչ-կա», «ոնց եք»․․․Քաղաքը լրիվ ծածկվում է։

Գրել էիր՝ կոմֆորմիստ լինելը ավելի դժվար է, քան նոնկոնֆորմիստ լինելը։ Շարունակությունը հատուկ չկարդացի, որ հիմա խոսես դրա մասին։

Հասկանում եմ, որ օքսիմյուրոնի նման է հնչում ու անհեթեթ է։ Իրականում դասական իմաստով անհեթեթ է․ նոնկոնֆորմիստը պայքարող, ըմբոստ, չհամակերպվող տեսակն է, ուրեմն ինչպես կարող է ավելի հեշտ լինել իր համար։ Սա բառի դասական իմաստն է, բայց ժամանակ առ ժամանակ, երբ շուրջբոլորս ուշադիր եմ նայում, տեսնում եմ որ առօրյայում, մեդիայի մեջ, ֆեյսբուքում տարածված է ամեն ինչից դժգոհ, ամեն բան քննադատող, «քլնգող» մարդը կամ այդպիսի կարծիքը։

Այսինքն մարդկանց մի մեծ խումբ իրեն դրսեւորում է «նոնկոնֆորմիստի» դիրքից, բայց իրականում ոչ մի բան է։ Իսկ եթե դու ոչ մի բան ես, հարմար է բողոքելը։ Հասկանու՞մ ես ինչ եմ ասում․ այդ մարդիկ էապես այդպիսին չեն, որովհետեւ եթե անցար կոմֆորմիստի եզրը, կանգնում ես հաղթելու կամ պարտվելու առաջ։ Շատ լուրջ բան է։ Եթե դու ամբողջ կյանքում նոնկոնֆորմիստ ես եղել, միշտ հոսանքին հակառակ ու մի պահի չես հանդարտվում, պարտության նման բան է դառնում։

«Իմ բախտը բերել էր, որ մեր տան հեռուստացույցը գունավոր էր, երբ հարեւաններինը դեռ սեւ ու սպիտակ էր»։ Քո մանկության շրջանը հենց երրորդ հանրապետոթյան ձեւավորման եւ պատերազմի հետ է համընկել։ Այդտեղից եկած հիշողություններ կա՞ն, որոնք «գիտաֆանտաստիկ» են։

«Գիտաֆանտաստիկի» փոխարեն կասեմ «պոստապոկալիպտիկ»․․․ Իսկապես մի շրջան, որը պոստապոկալիպտիկ կինոյի սյուժե է հիշեցնում։ Մենք հիմա մեր կյանքի ռիթմն ունենք, չգիտեմ՝ այֆոններով, մեսինջերներով, գազ, ջուր, լույս, ու պատկերացրու՝ ամեն ինչ մի պահ վերջանում է․ լույսը չի միանում, գազ չկա, հեռախոսդ չես կարող լիցքավորել, ցուրտ է, էներգիա չկա, ի՞նչ անես։ Չեմ պատկերացնում, թե իմ ծնողների մոտ բեկումն ինչպես է գնացել, բայց, ասենք, 2005 թվականին ծնված երեխայի համար անասաելի շոկ կլինի։

Ես երեխա էի ու ինձ համար լրիվ ուրիշ պատմություն էր․ տեսնում էի կարուսելը, ու գիտեի, որ ինքը պիտի պտտվի, բայց չի պտտվում, ամեն շաբաթ, անձրեւից ու արեւից էլ ավելի էր խորանում ժանգը։ Ու այդ ընդհանուր վիճակի շողքն այնքան մեծ էր․ մանավանդ նրանք, ովքեր ապրել են արդյունաբերական թաղամասերում, ավելի ակնհայտ են տեսել ամեն դետալի քայքայումը, դեգրադացումը։

Հիշում եմ, երբ առաջին անգամ փաթեթավորած ու հայատառ գրառումով պաղպաղակ տեսա, ապշել էի, ճշտում էի՝ այս թուղթն իսկապես այստեղ է տպվել։ Այսինքն չէի հավատում, որ այստեղ տպել հնարավոր է, պատկերացնու՞մ ես։

Իհարկե, նույնը ես եմ զգացել, երբ շուկայում «դերբիներին» ու «փափյոններին» փոխարինելու եկավ հայկական արտադրության շոկոլադը։

Հա՜, սա մի պատմություն է, իմը, բայց ի՜նչ մասսայական բնույթ է կրել, մարզերում ինչպե՜ս է դրսեւորվել։ Այս շրջանն իր դրսեւորման ձեւը վաղ, թե ուշ զգացնել տալու է, չգիտեմ՝ ինչպես, բայց հաստատ արտահայտվելու է։

«Սուպերմարկետ», «սուպերհերոս», նույնիսկ բենզինի «սուպերը» կա․․․Էլ չեմ ասում «հիպեր»-ների մասին։

Քինգը կտեսնի միստիկ հրեշների, Կուպերը  հնդկացիների ու կովբոյների ․․․Ընկալման հարց է։ Ես կարող եմ քայլել փողոցով, քո ասած «սուպեր» բառը կրող խանութը, տաքսին ինձ տեղափոխեն կիբերպանկային աշխարհ։ Հետաքրքիր է բայց, որ մտքիս հենց դա եկավ։ Ինչու՞ հենց «կիբերպանկային»․ կիբերպանկում տեխնոլոգիաները հասել են իրենց գագաթնակետին, բայց մարդկային հարաբերությունները, որակները, հասարակական կառուցվածքն ընդհանրապես դեգրադացված է։

Այդպիսի նշանային կրիչներ հաշվին Երեւանն ուղղակի տարածական տարբեր շերտեր կարող է ապահովել, կարելի է անընդհատ հորինել, պատկերացնել։

Հա՜, հիշում եմ, որ տեղափոխվել էինք Առաջին Մասիվ, ընկերներս մնացել էին Հինգերորդում, եւ իրենց հետ հանդիպելու համար կարճ ճանապարհ էի ընտրել, որն անցնում էի ոտքով (Երրորդ Մասիվի ձորով անցող ճանապարհն էր, որով հասնում էիր Վեցերորդ ու բարձրանում Հինգերորդ Մասիվ)։

Այդ ձորի հատվածում ինչ-որ արդյունաբերական զոնա է եղել ժամանակին, որտեղ հին խողովակներ էին՝ նեխած, արմատուրաներ, շինարարական նյութեր։ Այդ ժամանակ Ստրուգացկիների պատմություններն էի վերընթերցում՝ մասնավորապես «Պիկնիկ՝ ճամփեզրինը» (“Пикник на обочине”), ու զարմանում էի․ նկարագրությունները բառ առ բառ համընկնում էին անցածս ճանապարհի տեսարաններին ու դետալներին։

Լավատե՞ս ես։

Ուղղակի «այո» չեմ պատասխանի, որովհետեւ ինձ համար նորմալ վիճակը դա է։ Եթե ինչ-որ մեկի համար  տարօրինակ է, որ ես լավատես եմ, դրական տրամադրվածություն ունեմ, ու ինքը չի հասկանում՝ ինչպես, ապա նույնկերպ ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է միայն վատը տեսնել։

Անվանդ կից ֆեյսբուքում փակագծերի մեջ նշված է «բուքմեն»։

Գրախանութում աշխատելու տարիներին, արդեն ասացի, որ ինձ ուղղակի վաճառող չէի համարում․ վաճառողը կողքի մթերային խանութում էր, որ շատ ազնիվ ու շնորհակալ գործ էր անում՝ կարագ էր կշռում, հաց էր վաճառում․․․ Գրախանութում էլ կային վաճառողներ, բայց ես ինձ ուրիշ անկյունից էի նայում։ Հիշում եմ, որ գիրքը ներկայացնելու համար հաճախ փերֆորմանսային իրադրություններ էի ստեղծում․ պտտում էի գրքերը, «խաղում» դրանց հետ այնպես, ինչպես բարմենը։ Այդ առումով ես էլ «բուքմեն» էի։

Ավելի ուշ, երբ էլ գրախանութում չէի աշխատում, գործընկերներիցս մեկը գրել էր․ «Բուքմեն, ինչ-կա, ոնց ես»։ Ու մտածեցի, որ եթե ուրիշների համար էլ այդպես է, ուրեմն կարող եմ ինձ վերագրություն անել։

Հա՜, եւ իսկապես ինչ էլ ասես հիմա, ինչպես էլ քեզ ներկայացնես, ինձ համար շարունակում ես մնալ Վահեն, որ հրաշալի մի ձեւով գիրք էր վաճառում․․․ Ու գրում էր ֆանտաստիկ կարճ պատմություններ։

Հիմա էլի գրում եմ։ Էլի ուզում եմ ինձնից դուրս եկած տեքստը լինի իմպուլսիվ, սպոնտան, բնական, ներսից արդեն ձեւավորված։ Գրում եմ ուշ-ուշ, փոքր ծավալների մեջ։ Սա շատ եմ գնահատում, չնայած հասկանում եմ, որ շատերի համար տեքստ ստեղծելու պրոցեսն իրոք այլ է, բարդ է, երկարատեւ․․․ Բայց ինձ համար շոթի պես է՝ թեքիլա օրինակ, իսկ եթե տխուր ես, օղի․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter