Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Լեռնավանցի ֆերմերը բազմաթիվ ձախողումներից հետո կարողացել է հավաբուծությունը վերածել շահութաբեր բիզնեսի



Լոռու մարզի Լեռնավան համայնքի բնակիչ, 27-ամյա Համլետ Մազմանյանը մեկ տարի է` զբաղվում է հավաբուծությամբ: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդը որոշել է՝ պետք է մնա գյուղում՝ ընտանիքի կողքին, ու սկսի սեփական գործը: Չնայած դժվարություններին, Համլետը վստահ է՝ գյուղում աշխատելով էլ հնարավոր է հաջողության հասնել:

Լեռնավանի գյուղամիջում մեծ թվով տղամարդիկ են հավաքված: Մի քանի մետր այն կողմ տղամարդկանց մեկ այլ խումբ է կանգնած: Առաջին միտքը, որ ծագում է, հարցի տեսքով է. գյուղում անելու գործ չկա՞:

Րոպեներ անց, գյուղի ակտիվ ֆերմերներից Համլետ Մազմանյանի տուն ուղեկցող երիտասարդը մեր հարցին ի պատասխան, ասում է. «Ի՞նչ գործ, էստեղ անելու բան չկա: Գյուղի բոլոր տղամարդիկ պատրաստվում են խոպան գնան»:

Բակում արդեն լսվում է հավերի կչկչոցը: Րոպեներ անց հավանոցից դուրս են գալիս Համլետն ու մայրը՝ աշխատանքից հոգնած, կարմրած, քրտինքը երեսներին:

Հավաբուծարանում շուրջ 1000 թռչուն կա: Հավի ձվի ինկուբացիայից մինչև վաճառքի հանելու ողջ գործընթացն անում են ընտանիքի անդամներով՝ Համլետը, կինը և ծնողները:

 Հավաբուծարան հիմնելու որոշումը 27-ամյա երիտասարդը կայացրել է մեկ տարի առաջ:

«Չորս տարի ես էլ բոլորի նման Ռուսաստան էի գնում-գալիս: Արդեն զզվել էի գնալուց: Չորս տարին բավարար էր, որ հասկանայի՝ ապագա չկա էնտեղ, հեռանկար չկա»,- ասում է Համլետը:

Գյուղում մնալու որոշումը կայացնելուն նպաստել է նաև հոր փորձառությունը, որը 30 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, ու երեխաները հորը տեսնելու բերկրանքը վայելել են տարվա մեջ մի քանի ամիս միայն:

«Ես ինչ հիշում եմ, ինքը գնացել է: Մինչև ամուսնանալը գնացել ա, ամուսնանալուց հետո գնացել ա: Մենակ ինքը չէ, մեր գյուղում ոնց որ ավանդույթ է դարձել, որ երեխեն դպրոցն ավարտեց, պիտի գնա Ռուսաստան»,- պատմում է Համլետը:

Արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը չեն վերադարձել, մի մասն էլ ժամանակի ընթացքում տարել է ընտանիքներին:

«Հիմի որ դուրս գանք, դատարկ տները հերթով ցույց տամ, կսարսափեք: Մեր տնից էն կողմ` բոլոր տները դատարկ են»,- ասում է զրուցակիցս ու թվում գյուղից հեռացածների անունները:
Թռչնաբուծությամբ զբաղվելու որոշումը կայացրել է տարիներ շարունակ ոլորտը ուսումնասիրելուց հետո: Չնայած տեսական գիտելիքներին` պրակտիկայում բազմաթիվ ձախողումներ է ունեցել:

«Սկզբից մենակ ձախողում էինք: Առաջին ձախողման պրոբլեմներն էի փորձում հասկանալ, վերլուծել, երկրորդ փորձն էի անում, հիմա էլ մի ուրիշ սխալ էի թույլ տալիս: Սկզբնական շրջանում հավերս համատարած սատկում էին»,- կատակում է Համլետը:

Ասում է՝ հավաբուծության նրբություններին ծանոթանալու համար դիմել է  հավաբույծների օգնությանը: Կարևորագույն  նրբությունների մասին, սակայն, իմացել է միայն սեփական ձախողումների ու փորձառության արդյունքում:

«Հայաստանում մարդը, որ մի բան կարողանում է անի, չի ուզում կիսվի: Մենք գիտենք, ուրիշին չենք ուզում ասենք: Դիմում էի հավ պահողներին, ասում էին էնպիսի բաներ, որ բոլորը գիտեն, բայց էն ամենակարևոր նրբությունները, որ պետք է իմանայիր, լրիվ գաղտնի էին պահում»,- ասում է նա ու վստահեցնում՝ հիմա ինքը պատրաստ է օգնել հավաբուծությամբ զբաղվող ցանկացած մարդու:

Գյուղատնտեսության տարբեր ճյուղերում առաջընթացի բացակայության կամ դանդաղ տեմպերի կարևորագույն պատճառն, ըստ Համլետի, գյուղացու գիտելիքների պակասն է:

«Գյուղերում շատ քիչ գիտելիք ունեն գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ճիշտ զբաղվելու հետ կապված: Ով ոնց գիտի, ոնց կարում ա, էդպես էլ անում ա: Գյուղացին կրթվելու կարիք ունի: Շատ երիտասարդներ կան, որ իրանց պատեպատ են տալիս, չգիտեն ի՞նչ անեն, ո՞ր կողմից սկսեն: Մի պետական ծրագիր կամ աջակցություն չկա, որ դրա շրջանակներում գյուղի երիտասարդներին ուղղորդեն, թե որ ուղղությամբ առաջ շարժվեն»,- նշում է երիտասարդը:

Հարցնում եմ՝ իսկ պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութը, սերմացուն աջակցություն չէ՞:

«Ես չեմ կարծում, որ էդ գները սուբսիդավորված են: Թանկացնում են, հետո իջացնում նորմալ գնի, անունը դնում սուբսիդավորում: 7000 դրամ մեկ պարկ ազոտական պարարտանյութը սուբսիդավորված է՞: Եթե դա է սուբսիդավորելը, ուրեմն ես չգիտեմ սուբսիդավորելն ինչ է,- ասում է Համլետն ու անդրադառնում գյուղատնտեսական վարկերին,- գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, ու շատ կարճ ժամանակում գյուղացին պարտավոր է հետ վերադարձնել: Շատ փոքր է սուբսիդավորված վարկերի ծավալը: Մինչև իմանում ես դրա մասին, պրծնում է»:

Սպառողին որակյալ հավ մատակարելու համար Համլետն անընդհատ զբաղվում է ինքնակրթությամբ, փորձում պահպանել անհրաժեշտ բոլոր պայմաններն ու կերացանկը՝ լավագույն արդյունք ստանալու համար:

«Եգիպտացորեն, ցորեն, գարի, գարոխ (կանաչ ոլոռ), սոյա, ձեթի մնացուկներ, արևածաղկի կճեպ, ձկնալյուր, մսալյուր, մածուն, կեֆիր. իմ հավերի հիմնական կերացանկը սա է: Միակ թերությունը, որ գնորդները նշում են, հավի փոքր քաշն է՝ 1,0-1,3 կգ: Դրա պատճառն էլ այն է, որ ուղղակի չեն հասցնում պատվերները կատարել, իսկ արհեստականորեն խոշորացնել չեմ ուզում»,- նշում է Համլետը:

Վստահ է՝ կգա ժամանակն ու սպառողը կսկսի գնահատել տեղական, առանց հավելումների որակյալ արտադրանքը:

«Հասարակությունն ինչքան շուտ սկսի գիտակցել, որ պետք է առողջ սննդով սնվի, այնքան գյուղատնտեսության վիճակը երկրում կլավանա: Ինչքան շուտ գիտակցենք, որ խթանելով տեղական արտադրողին` նպաստում ենք նոր աշխատատեղեր բացվելուն, այնքան լավ»,- ասում է Համլետը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (7)
1. Սուսաննա11:16 - 5 մարտի, 2018
Ապրես, Համլետ ջան, հաջողություն գործերիդ:
2. Արթուր15:11 - 5 մարտի, 2018
Լավ է, որ ուզում է աշխատել, բայց ինչքան տեսնում եմ նկարներից այդ պայմաններում որևէ կենդանի պահելը առնվազը անխղճություն է:
3. Հայկ17:29 - 8 մարտի, 2018
Արթուրի հետ համամիտ եմ: Ըստ նկարների հավերը շարժվելու տեղ չունեն: Նաև լուսավորության պակաս կա: Դրաք անհարժեշտ են օրգանիզմի զարգացման համար:
4. Scandinavian21:51 - 8 մարտի, 2018
Great job, Hamlet! Try to keep your chicken happy!
5. Նարեկ11:36 - 9 մարտի, 2018
Եթե հավին պահում են մսատվության համար,հեչ պարտադիր չէ ազատ տարածք ունենա::Թռչնաբուծարանները նայեք:
6. Հայկ23:32 - 9 մարտի, 2018
Հարգելի Նարեկ Իսկ ո՞վ ասաց որ մեծ թռչնաբուծարանները ճիշտ են վարվում: Համլետի իր առջև խնդիր է դրել պահել որակյալ, ոչ արհեստականորեն խոշորացված հավեր: Սա հարգանքի արանի բան է: Փաստ է որ շարժվող, քուջուջ անող, ուրախ ապրող հավերի ձուն և միսը ավելի համեղ են: Նույնը վերաբերում է նաև այլ կենդանիներին:
7. Anna23:00 - 10 մարտի, 2018
Hamlet, hachoghutyun kordzerit! If something goes wrong, do an internet search in order to find out what other chickenkeepers are doing in their activity. There is a lot of information online on this subject and your questions could find an answer. Make sure to feed chickens twice a day, give them fresh and proper water. In cages must be clean straw bedding and no more than 15 chickens per square meter.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ