HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում. մաս I

Նախապատմություն

Հայաստանում արագ տեմպերով ընթացող փոփոխությունների տրամաբանությունը հանրության կողմից չի ընկալվում և ճիշտ չի գնահատվում: Հիմնական տեսակետն այն է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը պահպանելու համար փոխեց Սահմանադրությունը: Չվիճելով այդ տեսակետի հետ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ կառավարման մոդելի փոփոխության տրամաբանությունը: Ոչ մի երկրում, անգամ` Հայաստանում, հնարավոր չէ մեկ անձի շահերից ելնելով` կարողանալ նման կտրուկ փոփոխություններ իրականացնել, եթե այդտեղ չլիներ ավելի խորքային մի գործընթաց, որը չունենար մեծաքանակ շահառուներ կամ իր շահերը գիտակցող որևէ սոցիալական շերտ:

Ո՞ր շերտի շահերն է ներկայացնում Սերժ Սարգսյանը, և կառավարման ի՞նչ մոդել է ներդրվում Հայաստանում:

Կառավարման մոդելի փոփոխությունների «գաղտնիքը»  բացահայտող առանցքային միտքը փետրվարի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Մարտի 1»-ի դեպքերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արտաբերեց Սամվել Նիկոյանը, որն այդ դեպքերի փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի դեպքերի «ամենակարևոր» պատճառը հետևյալն էր. «և ամենակարևորը, ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու, կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը, որը, ըստ էության, բոլորի ելույթներում, հրապարակային, կար»:

Իսկ ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը:

2007-ի հոկտեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանը նկարագրեց այդ ժամանակ գործող համակարգի կոռուպցիոն բնույթը՝ տալով հիմնական դեմքերի անունները և նկարագրեց Հայաստանում գործող, ըստ նրա՝ «անօրինական» սեփականության կուտակման մեխանիզմները` փաստորեն կոչ անելով բռնազավթել այդ անօրինական սեփականությունը: Այդ շարժման ամենաառանցքային և  ծրագրային ելույթը կոնսոլիդացրեց իշխող խավին: Այդ ելույթն այսօր ավելի արդիական է, քան անգամ 2007 թվականին և արժե մեկ անգամ ևս այն լսել՝ այսօրվա քաղաքական տրանսֆորմացիաների պատճառը հասկանալու համար: Ըստ Սամվել Նիկոյանի՝ հենց այդ կոչերն էին «Մարտի 1»-ի ողբերգության «ամենակարևոր» պատճառը: Ուշագրավ է, որ Նիկոյանն իր ելույթում հավասարեցնում է այն ժամանակ առճակատման գնացած երկու կողմերի քայլերի դրդապատճառը. «Ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը»: Փաստորեն, ըստ Նիկոյանի,  երկու կողմերի նպատակը մեկն էր` պահպանել կամ վերաբաշխել սեփականությունը:

Հատված Տեր-Պետրոսյանի ելույթից. «... Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի՝ «գողապետություն»: Սակայն ես կնախընտրեի «ավազակապետություն» բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունն անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային: ... Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով: Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ` ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ՝ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր ... »:

Այնուհետև Տեր-Պետրոսյանն այդ ելույթում տալիս է կառավարության, դատախազության, հարկային մարմինների, Կենտրոնական բանկի, քաղաքների ու մարզերի ղեկավարների տասնյակ անուններ և մանրամասն ներկայացնում է տարբեր ոլորտներում տեղի ունեցող «կոռուպցիայի» կառուցվածքը և «գրպանված» գումարների մոտավոր քանակը: Փաստորեն, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի խոշոր սեփականության հիմնական մասն անօրինական է, որը պետք է վերադարձվի ժողովրդին: Դա վտանգավոր մարտահրավեր էր այդ մարդկանց համար, որոնք պետք է պաշտպանեին իրենց սեփականությունը, և պատահական չէր, որ Մարտի 1-ին ամենապատասխանատու գործողությունները վստահված էին հայտնի օլիգարխների զինված խմբավորումներին:

Պատահական չէր, որ օրերս ՀՀԿ-ն կողմ քվեարկեց «Մարտի 1»-ին նվիրված խորհրդարանական լսումների անցկացմանը չորրորդ նախագահի ընտրության նախաշեմին: Դա խորհրդանշական քայլ էր՝ հիշեցնելու համար «հայտնի սեփականատերերին», թե ընթացող կառավարման ռեֆորմներն ում շահերն են պաշտպանում:

Հետաքրքիր էր ևս մեկ անգամ լսել Տեր-Պետրոսյանի «ղազախական գազին»-ին նվիրված հատվածը. «...Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում»: «Ղազախական գազի» գործով, ըստ մամուլի հրապարակումների, գործող անձինք այսօրվա Հայաստանի առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք են:

Տեր-Պետրոսյանի այդ ելույթի մասին հիշատակումն անհրաժեշտ էր՝ հասկանալու այսօրվա քաղաքական ռեֆորմների տրամաբանությունը: Փաստորեն, ձևավորվել է մի համակարգ, որը սպասարկում է խոշոր սեփականատերերին, և խաղից դուրս է մղվել հանրությունը, որն այլևս չի կարող գոնե ֆորմալ ընտրությունների միջոցով ազդել քաղաքական գործընթացների վրա: Այսինքն՝ ձևավորել մի համակարգ, որտեղ խոշոր սեփականության վերաբաշխումը լինի անհնարին: Դա է ձևավորվող համակարգի հիմնական իմաստը, իսկ «Մարտի 1»-ի դեպքերը ընկած են այսօրվա զարգացումների հիմքում: Դա նախադեպ է, որի կրկնությունը չթույլատրելու համար փոփոխվում է կառավարման համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter