HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նախարարության տվյալները չեն արտացոլում համայնքների պարտքերի իրական պատկերը

Բյուջետային պարտքեր չգոյացնելը համայնքների գործունեության լավագույն ցուցանիշ է համարվում: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կարեւորում է աշխատավարձի պարտքեր չկուտակելը, որպեսզի համայնքները կարողանան բյուջետային աճ ապահովել եւ, ինչպես շեշտվում է ամեն առիթով, գումարներ ունենալ` բնակչությանը ծառայություններ մատուցելու համար:

Անցնող տարվա ընթացքում մարզխորհուրդների նիստերի ժամանակ նույնպես մարզպետները համայնքների ղեկավարներին հորդորում էին աշխատավարձերի ընթացիկ պարտքեր չկուտակել եւ մարել ունեցած պարտքերը: Ցուցումը տրվում էր նախարարությունից, նախարարը պարբերաբար հիշեցնում է բյուջեների կատարման, պարտքերի մարման ցուցանիշների մասին: Սակայն, ներկայացված թվերը համայնքների ունեցած պարտքերի իրական պատկերը չեն ներկայացնում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դ. Լոքյանը փետրվարի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախորդ տարվա ձեռքբերումները լրագրողներին ներկայացնելիս հայտնել էր, որ  լրջագույն խնդիրներից մեկը, որն առնչվում է համայնքների հաստիքացուցակին եւ աշխատողների թվակազմին, նույնպես կանոնակարգվել է: Արդյունքում՝ 2017թ.-ին աշխատավարձերին վերաբերող շուրջ 200 մլն դրամի համայնքային պարտքը նվազեցվել է: 

Նախարարին ուղղված մեր գրությանը, թե 2017 թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ որքա՞ն է կազմում համայնքների պարտքը, որո՞նք են պարտքերի գոյացման պատճառները եւ բյուջեի ո՞ր տողերով չեն կատարվել վճարումները, տեղեկացրել են, որ համայնքների պարտքն աշխատավարձերի գծով 2018թ. հունվարի 30-ի դրությամբ կազմում է 20,645,9 հազար դրամ, որը գոյացրել է 5 մարզերի` թվով 10 համայնք (տես՝ կից աղյուսակը): 

Մարզ

համայնք

գումարի չափը (հազար դրամ)

Արագածոտն

Ալագյազ

3 800 000

Արմավիր

Նալբանդյան

8 131 700

 

Լուկաշին

987 700

 

Ամասյա

1 133 400

 

Տալվորիկ

169 000

 

Արտամետ

706 200

Գեղարքունիք

Ջաղացաձոր

1 022 000

 

Ազատ

597 200

Լոռի

Ձորագյուղ

307 000

Տավուշ

Աչաջուր

3 751 700

 

Պարտքերի խնդիրն ակնառու դարձավ, հատկապես, համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ, երբ միավորվող համայնքները վարչական մարմնին փոխանցեցին նաեւ կուտակած պարտքերը: Ուսումնասիրություններից մեկում Դիլիջան համայնքի ղեկավարը դժգոհություն էր հայտնել, որ շուրջ 40 մլն դրամի պարտք է ժառանգել Դիլիջանի հետ միավորված համայնքներից (միավորվեց 6 գյուղ), իսկ դա լուրջ խոչընդոտ է առաջընթացի համար:

2017 թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Ապարան համայնքում միավորվեցին 21 գյուղեր: Միավորված համայնքների ակտիվների ու պարտավորությունների գույքագրման արդյունքների ամփոփումից հետո 107 800 մլն դրամի բյուջետային պարտք է փոխանցվել Ապարան համայնքի վարչական մարմնին: Նշված գումարից 73 մլն 655 784 դրամը եղել է չվճարված արձակուրդայինների գումարը: Ընդ որում, արձակուրդայինի պարտքեր են ունեցել միավորված բոլոր համայնքները, սակայն ամենամեծ գումարները կուտակել են Ապարանի համայնքապետարանը՝ 8 մլն 697 552 դրամ, Նիգավանինը՝ 8 մլն 581 931 դրամ, նշվածներից հետո նվազման կարգով մոտ 8 մլն դրամի է հասնում Եղիապատրուշի, 7 մլն դրամի՝ Վարդենուտի, 6,5 մլն դրամի` Արայի եւ 5,5 մլն դրամի՝ Հարթավան համայնքների պարտքը եւ այլն: Նշված գումարից 47 մլն դրամը սառեցվել է, քանի որ նրանք շարունակում են աշխատել համայնքապետարանում եւ վերջնահաշվարկներ չեն արվել, ավելի քան 20 մլն դրամ վճարվել է, եւ դեռեւս 30 մլն դրամ պետք է մարվի:

Արձակուրդային վճարները «պահեստավորելը» նորություն չէ համայնքների ղեկավարների շրջանում: Իրենց պաշտոնավարման տարիներին, երբեմն մեկ տասնամյակից ավելի, նրանք չեն ստանում իրենց արձակուրդային վճարները եւ պաշտոնանկ լինելուց հետո մի քանի միլիոն դրամի պարտավորություն են փոխանցում նորընտիր համայնքի ղեկավարին:

Մոտ 10 տարի առաջ, միայն այս պատճառով համայնքների կեսից ավելիի բյուջեն կալանքի տակ էր, որովհետեւ պաշտոնանկ լինելուց հետո նրանք դիմում էին դատարան՝ վճարման պահանջով: Քանի որ բյուջեում գումար չկար, դատարանը կալանքի տակ էր դնում այն, մինչեւ նոր ընտրված համայնքապետը կմարեր նախորդի պարտքերը: Այս գործընթացը շարունակական էր, որովհետեւ նախորդի պարտքը մարելուց հետո պետք էր մարել իր կուտակած պարտքերը:

Նախարարությունը մի քանի տարվա հետեւողական աշխատանքի արդյունքում կարողացավ հասնել նրան, որ համայնքները մարեն նախորդ պարտքերը եւ նոր պարտքեր չկուտակեն: Տարիներ անց, սակայն, նույն երեւույթը կրկնվեց, քանի որ իրավական լուծում չտրվեց հարցին՝ պարտավորեցնել ՏԻՄ-երին օգտվելու ամենամյա արձակուրդից:

Աշխատավարձի պարտքն, իհարկե, լուրջ հարց է, սակայն համայնքները միայն այդ պատճառով չէ, որ պարտքեր են կուտակում: Նախարարությունը չի պատասխանել մեր հարցման մյուս մասին, թե բյուջեի ո՞ր տողերով չեն կատարվել վճարումները: Մեզ հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն պահանջում համայնքներից, հետեւաբար չեն կարող ասել, թե իրականում ինչքան են կազմում այլ տողերով կուտակված պարտքերը:

Բայց, չէ՞ որ այլ տողերով կուտակված պարտքերը կարող են ավելի մեծ լինել, քան աշխատավարձի պարտքն է: Դժվարանում եմ բացատրել տրամաբանությունը, թե ինչու է նախարարությանը հուզում ինչ-որ մեկին աշխատավարձ կամ արձակուրդային չվճարելը, բայց ոչ համայնքի պարտքերի իրական չափը եւ դրանց գոյացման ոչ օբյեկտիվ պատճառները: Տարբերություն կա՞, թե որ տողերով կուտակած պարտքերի կամ ում հայցապահանջի հիման վրա է համայնքային բյուջեն կալանքի տակ դրվում: Եթե բյուջեները կալանքի են վերցվում, բնականաբար, աշխատավարձ էլ չեն կարող վճարել, էլ չենք խոսում որեւէ  ծառայություն իրականացնելու մասին:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել ենք Սեւանի համայնքապետարանի պարտքերի պատմությունը, որն առաջացել է քաղաքում ասֆալտապատման աշխատանքները կատարող կազմակերպությանը չվճարելու պատճառով (թեկուզեւ ոչ օբյեկտիվ պատճառներով): Համայնքապետարանի բյուջեն կալանքի տակ էր, որը կազմալուծում էր տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը, եւ նրանց խնդրանքով դատարանը հայցի ապահովումը կիրառել էր համայնքապետարանին ենթակա գույքի վրա, որպեսզի կարողանան մարել պարտքը:

Հրազդանի համայնքապետարանը չի վճարում գնումների մրցույթը շահած եւ համայնքապետարանին ծառայություններ մատուցած կազմակերպությունների գումարները: Դատարան դիմողները միջնորդել էին նաեւ հայցի ապահովման միջոց կիրառել՝ կալանք դնել համայնքապետարանի գույքի վրա: Դատարանները չեն բավարարել միջնորդությունները՝ մտածելով, որ գումարի չափը մեծ չէ, եւ առանց դրա էլ հնարավոր է հայցապահանջը բավարարել: Առանձին-առանձին հայցերով, եթե գումարների չափը մեծ չի թվում, ապա պարտատերերի միաժամանակյա հայցապահանջի դեպքում այն լուրջ գումար է, եւ կարող է կաթվածահար անել համայնքապետարանի աշխատանքը:

Հիշեցնենք, որ Հրազդանի համայնքապետարանը 2017 թ. տարեվերջի դրությամբ 52 կազմակերպության պարտք է մոտ 47 մլն դրամ: Գումարների վրա հաշվարկված են նաեւ տոկոսներ, այնպես որ ուշացնելու դեպքում այս թիվն անընդհատ կարող է աճել: Հետեւաբար, դատավորների «լավությունը» համայնքի ղեկավարին այնքան էլ լավություն չէ:

Չարենցավանի համայնքապետարանը 3 մլն 641 388 դրամ պարտք ունի անցնող տարվանից փոխանցված՝ եկամտահարկ, սոցվճար, կոմունալ վճարներ՝ «Հայռուսգազարդ», «Հայջրմուղկոյուղի» եւ այլ ընկերություններին, նաեւ՝ անհատ ձեռներեցներին: Անցյալ տարի եւս մեկ դատական գործ է քննվել այդ պահանջով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան՝ Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ից 734 507 ՀՀ դրամ պարտքի եւ 14690 դրամ վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջով: Նշենք, որ երաժշտական դպրոցը համայնքապետարանի ենթակայության հիմնարկ է, եւ համայնքապետարանն է հաստատում նրա տարեկան բյուջեն:

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի աշխատավարձի գծով պարտքը 2017թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմել է 1 մլն 025.5 հազար դրամ, սակայն նախարարության ցանկում ներկայացված չէ:

Վեդիի համայնքապետարանը տարին ավարտել է 11 մլն 204 հազար դրամ պարտքով:

Ինչպես նկատեցիք, ո´չ Չարենցավանի, ո´չ Մարմաշենի, ո´չ էլ Ապարան համայնքի անունները չկան նախարարության ներկայացրած պարտապան համայնքների ցանկում: Ամփոփ վիճակագրություն ունենալու դեպքում, կարծում ենք, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, նաեւ մարզպետարանները կվերանայեն առաջընթացի եւ ձեռքբերումների մասին իրենց տվյալները:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Ինքն ու տեղակալը սարերի, ամպերի մեծությամբ խոստումներ էին բաժանում թե հեսա միացվեք ու կտեսնեք ինչ լավ ա ըլելու: Հիմա հեռվից անորոշ բաներ են մզմզում: Ավելի ճիշտ կլինի հարցնեք, թե Եվրոպացիների նվիրած 10 մլիոն դոլլարն ինչ արին ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter