HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իտալիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են Եվրամիության դեմ հանդես եկող քաղաքական ուժերը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած աջ կենտրոնամետ կոալիցիան և «Հինգ աստղ շարժում» կուսակցությունը նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ ստացել են ամենաշատ քվեները, սակայն դա բավարար չէ Իտալիայի օրենսդիր մարմնում մեծամասնություն ձևավորելու համար, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները:

Խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախնական հաշվարկներով՝ աջ կենտրոնամետ կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը ստացել է քվեների 18,9%-ը, իսկ Բերլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցությունը՝ 13,2%: «Հինգ աստղ շարժումը» ստացել է քվեների 30%-ը, իսկ ձախ կենտրոնամետները՝ իշխող Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, ստացել են ձայների 24,9%-ը:

Իտալիայի օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Սենատի ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջատարները կրկին աջ կենտրոնամետներն են ու «Հինգ աստղ շարժումը»: Կոալիցիայի մեջ մտնող «Լիգա»-ն ստացել է 18,3%, իսկ «Առաջ Իտալիա»-ն 14,1%: Կոալիցիայի մյուս անդամ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ստացած քվեների հետ միասին աջ կենտրոնամետները ստացել են ձայների 37%-ը: «Հինգ աստղ շարժումը» ստացել է քվեների 31,2%-ը, ինչը լավագույն արդյունքն է առանձին հանդես եկող կուսակցությունների շարքում: Իշխող ձախ կենտրոնամետները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ ստանալով քվեների 24,15%-ը:

Աջ կենտրոնամետները կառավարություն ձևավորելու համար պետք է բանակցությունների մեջ մտնեն մյուս կուսակցությունների հետ, որոնց անհաջողության դեպքում Իտալիայում կրկին ընտրություններ կլինեն: Այնուամենայնիվ, եթե ուժերի դասավորությունը նույնը մնա, ապա երկրի վարչապետի պաշտոնը, ամենայն հավանականությամբ կզբաղեցնի «Լիգա»-ի նախագահ Մատեո Սալվինին: Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Առաջ Իտալիա»-ի հետ, որի առաջնորդ 81-ամյա Սիլվիո Բերլուսկոնին դատվածության պատճառով մինչև 2019 թվականի ավարտը չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել:

Ընտրությունների նախնական արդյունքներից արդեն պարզ է դարձել, որ Իտալիայում մոտակա տարիներին իշխելու են Եվրամիության դեմ հանդես եկող քաղաքական ուժերը, քանի որ թե՛ աջ կենտրոնամետները, թե՛ 2009 թվականին բլոգեր Բեպե Գրիլոյի հիմնած «Հինգ աստղ շարժումը» դեմ են եվրաինտեգրմանը, ինչպես նաև Եվրամիության որդեգրած արտաքին քաղաքականությանը:

Լուսանկարը՝ REUTERS / Alessandro Bianchi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter