HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարինե Ամբարյանի նման մարդը չպիտի աշխատի որպես բժիշկ»

Երեւանի բնակիչ Թեհմինե Հայրումյանը «Հետքին» ուղարկած նամակում պատմում է մահամերձ հոր հանդեպ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թիվ 1 ենթակայանի բժշկուհի Կարինե Կարովի Ամբարյանի դրսեւորած վերաբերմունքի մասին: Սերգեյ Հայրումյանը մահացել է փետրվարի 3-ին: 

Հայրս 78 տարեկան էր: Երեք անգամ նրա սրտին խթանիչ էր դրվել (երկու անգամ՝ Հայաստանում, երրորդ անգամ՝ ԱՄՆ-ում):

Փետրվարի 2-ին՝ ժամը 23:00-ին, հայրս վատ էր զգում, շտապօգնության կանչ գրեցինք: Շտապօգնության բժիշկը երիտասարդ, գրագետ բժիշկ էր: Ասաց, որ հորս մոտ թոքի այտուց է, անմիջապես նստեցրեց, թթվածնային բալոն բերեց, առաջին օգնությունը ցուցաբերեց: Առաջարկեց հիվանդանոց տանել, բայց չստիպեց, հայրս էլ հրաժարվեց հիվանդանոց գնալ: Անձնակազմը ուշքի բերեց հորս, նա սկսեց կատակել, եկավ նստեց մեզ հետ, հեռուստացույց նայեցինք, խոսեցինք: Հետո ասաց, որ մի քիչ լավ չի զգում, ուզում է պառկել: Կեսգիշերն անց սկսեց նորից հազալ, չնայած առաջին անգամվա պես չէր, համեմատաբար ավելի լավ էր,  չսպասեցի, որ վատանա, միանգամից նորից զանգեցի շտապօգնություն:

Գիշերվա ժամը 3-ն էր: Քույրս իջավ շտապօգնության բժշկին դիմավորելու: Վերելակում բժշկուհի Կարինե Ամբարյանն առանց բարեւելու սկսեց փնթփնթալ, բողոքել, որ դրսում շատ ցուրտ է, իսկ ինքը  շտապօգնության մեքենայում է, եւ որ իր բախտը չի բերել, որ ուրիշները քնում են, ու հենց իր հերթապահության ժամանակ պիտի այսպիսի դեպքեր լինեն:

Երբ բարձրացավ տուն, հորս ճանաչեց, ասաց՝ էս «pacemaker» դրած պացիենտն է, եւ ինքը մեր տուն էլի է եկել: Հետո դարձյալ սկսեց մուննաթ գալ, թե ինչու նախորդ բժշկի հետ չենք գնացել հիվանդանոց, ասացինք, որ նախորդի դեպքում պացիենտն ուղղակի հրաժարվել է հիվանդանոց գնալ, եւ նրա կամքին չէինք կարող բռնանալ: Բժշկուհին սկսեց ջղայնանալ հորս վրա, թե ինչու չի գնացել հիվանդանոց: Նրան համոզեց, հագցրեցինք: Այդ ամբողջ ընթացքում հորս գիտակցությունը տեղն էր: Հագուստը հագցնելուց հայրս ասաց՝ հեռախոսս վերցնեմ, բժշկուհին թե՝ քեզ երկու օր ռեանիմացիայում հեռախոս պետք չի լինելու: Ասաց՝ շարֆով փաթաթեք, որ բերանը սառը օդ չմտնի:

Կարինե Ամբարյանն ու քույրս վերելակով հորս իջեցրին, իսկ ես ու բուժակը ոտքով իջանք (մեր բնակարանը 8-րդ հարկում է): Երբ հասանք առաջին հարկ, տեսա, որ հայրս ընկած է գետնին՝ վերելակի մոտ: Վերելակում ուշքը գնացել էր, բժշկուհին սկսել էր գոռալ, թե Սերգե՛յ, վեր կաց, Սերգե՛յ, ուշքի արի, քո ոտքով պիտի գնաս նստես մեքենան:

Շտապօգնության մեքենայից բրեզենտից մի կտոր բերեցին, որով հորս պիտի տանեինք դեպի մեքենան: Մեքենայում պատգարակ կար, բայց չբերեցին: Քույրս, շտապօգնության վարորդը, բժշկուհին ու բուժակը հորս շենքի մուտքից դուրս բերեցին: Հայրս այդ պահին աչքերը բացեց, բժշկուհին ասաց, որ հոգեվարքի մեջ է, ու սկսեց գոռալ, թե ինչու պիտի իր հերթապահության ժամանակ լինի, ինչու ուրիշի չարած գործն ինքը պիտի անի: Ասացի՝ կարո՞ղ եք օգնություն ցույց տալ մարդուն: Բժշկուհին պատասխանեց, թե եկեք հետ տանենք տուն: Ասացի՝ ո՞նց եք տանելու, հայրս իր ոտքով է իջել: Իմ միակ ցանկությունն այդ պահին այն էր, որ օգնեին հորս: Ի տարբերություն բժշկի՝ ես չգիտեի օրենքի մասին: Իսկ օրենքն ասում է, որ եթե մահը գրանցվում է շտապօգնության մեքենայում, ապա միջամտում է ոստիկանությունը: Սկսեցի գոռալ, ասել, որ օգնեն, վարորդն ասաց՝ ինչի՞ ես գոռում բժշկի վրա: Ասացի՝ հասկանո՞ւմ եք, իմ հայրն է:

Երբ նստեցինք մեքենա, քույրս դեռ խոսում էր հորս հետ, ճանապարհին բուժակն ինձ աչքով նշան արեց, հասկացա, որ հայրս մահացել է, բայց քույրս դեռ չէր հասկացել: Հասանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, հորս մեքենայից դուրս հանելիս քույրս ասաց՝ պապայի հողաթափերը վերցնենք, ոտքերը կմրսեն: Ասացի՝ դրանք էլ պետք չեն, մի վերցրու… Հիվանդանոցի ընդունարան մտա, աշխատակցուհին սուրճ էր խմում ու ծխում էր: Ծխելու դեմ օրենք են ընդունում, իսկ առողջապահության նախարարը գիտի՞ այն մասին, որ հիվանդանոցի աշխատողն ընդունարանի մեջտեղում կարող է ծխել:

Բժշկուհի Կարինե Ամբարյանի դեմ բողոք չներկայացրեցինք հետաքննիչին: Խոսեցի դատական բժիշկների հետ, նախորդ բժիշկն էլ ասաց, որ հորս սիրտը մաշվել է: Սրտի անբավարարությունից թոքի այտուց էր առաջացել: Հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Շատ լավ գիտակցում եմ այդ ամենը, այնպես չէ, որ ինքս ինձ խաբում եմ, բայց մեծահասակ մարդուն չէր կարելի տանջել:

Չեմ կարծում, որ Կ. Ամբարյանը պիտի փրկեր նրան, բայց չարեց: Պարզապես բարկացած եմ նրա մարդկային եւ մասնագիտական որակներից: Ինչո՞ւ, օրինակ, նախորդ բժշկից չեմ բողոքում. հասկանում եմ, որ այդ մարդը հնարավորինս օգնություն ցուցաբերեց: Ուղղակի չէի ցանկանա, որ իմ հայրն անօգնական պառկած լիներ վերելակի, շենքի դիմաց:

Իմ ցանկությունն այն է, որ Կարինե Ամբարյանի նման մասնագետներ չաշխատեն համակարգում: Այս բժշկուհին ինչպե՞ս է գնում մարդկանց օգնություն ցուցաբերելու, եթե իր սրտում կարեկցանքի մի կաթիլ չունի, բացի դրանից՝ մասնագիտական որակ չունի: Նման մարդը չպիտի աշխատի որպես բժիշկ:

Ես հիմա այնքան չեմ մտածում Ամբարյանի պատժվել-չպատժվելու մասին, որքան նրա, որ գուցե լինի շտապ բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտ, ում հնարավոր լինի փրկել, եւ Կարինե Ամբարյանը հիվանդանոց մտնելիս անտարբերությամբ չասի՝ բարեւ ձեզ, դիակ ենք բերել:

Շատ ցավալի բաներ եմ ասում, բառեր, որոնք գուցե այս բժշկուհու համար հերթական նախադասությունն են, ու ինքը սովորել է այդպես խոսել մարդկանց մասին, բայց դրանք չափազանց ցավալի են ինձ ու մյուսների համար:

Մեկնաբանություններ (12)

Աննա Հարությունյան
Խոսքը գնում է մեծատառով, մեծահոգի, հոգատար, ազնիվ մարդու և հմուտ բժշկուհու մասին, որը մոտ 2 տարի առաջ փրկել է անձամբ իմ և իմ ընտանիքի կյանքը։ Դեպքը տեղի էր ունեցել շենքի բնակարանում, շմոլ գազը ամբողջ գիշեր լցվել էր բնակարան, իսկ ինչպես հայտնի է այն անհոտ է։ Կարինե Ամբարյանը իր արագ կողմնորոշվելու ունակության և բժշկական
Աննա Հարությունյան
Կարինե Ամբարյանը իր հմտությունները ցուցաբերելով և իր ամբողջ ներուժն օգտագործելով փրկեց մի ողջ ընտանիքի կյանք։ Ամբողջ կյանքով պարտական եմ, այն մարդուն, որի շնորհիվ ես ունեմ ողջ և առողջ ծնողներ, իսկ իմ երեխան՝ առողջ մայր։
Աննա Հարությունյան
Արդյոք բավարար հիմքեր կար այդպես վարվելու՞։ Ինչպես՞ է դա բացատրվում և ինչով է դա հիմնավորվում։
Նինա
Հարգելի hetq.am, Ձեր իսկ կողմից ընդունված էթիկայի կանոնակարգը http://hetq.am/arm/about/code-of-ethics/ նշում է ձեր պարտավորությունը որեւէ մեկին անօրինական գործողության կամ անգործության մեջ մեղադրելուց առաջ լսել նրա կարծիքը եւ պատասխանի հնարավորություն ընձեռել: Արդյո՞ք լսել եք դուք բժշկուհու կարծիքը և ընձեռե՞լ եք նրան պատասխանի հնարավորություն: Էլ չեմ նշում անձի հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը հարգելու ձեր պարտավորության վերաբերյալ: Նույնիսկ եթե հոդվածում նշված բոլոր մանրուքները ճիշտ լինեն, մասնագիտական որևէ նորմի խախտման մասին այստեղ խոսք չի գնում, ինչի մասին նույնիսկ նյութի հեղինակն է նշում: Որպես մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնող լրատվամիջոց, ձեզ համար առնվազն անհանգստացնող պետք է լինի մեկ բողոքի /նույնիսկ եթե դա ձեր կայքում հրապարակված բողոքն է/ հիման վրա անձին աշխատանքից ազատելու Երևանի քաղաքապետարանի պրակտիկան: Սա մարդու աշխատանքային իրավունքների կոպիտ խախտում է:
Անահիտ Ստեփանյան
Նախկինում բժշկուհի այժմթոշակառու եմ:Խոսքս ուղղում եմ Թերմինե Այրումյանին``տիկին Այրումյան կարդալով ձեր բողոք հոդվածը,որտեղ դուք ձեր թեթև ջեռքով ձեր հոր մահվան մեջ մեղադրում եք շտապ օգնության բժիշկներին թե´առաջին բժշկին որը բարեխճորեն կատարել է իր գործը հանելով հիվանդին վերակենդանացման վիճակից,բայց չիստիպել,որ բռնի ուժով տեղափոխվեք հիվանդանոց,աշխարհի բոլոր մեղքերը բարդելով հաջորդ բժկուհու վրա ,որը ձեզ նախատել: է,թե ինչու նման հիվանդին ժամեր առաջ,երբ ամեն րոպեն կարող էր ճակատագրական լինել,չեք տեղափոխել հիվանդանոց,ևորը հիվանդանոցում արտահայտվել է ,որ դիակ են բերել(ի միիջիայլոց,բժշկության տերմինալոգիայում չկա հանգուցյալ բառը),ընդունարանում ընդունող բժիշկներին մեղադրել անտարբեր նստած սուրճ խմելու և ծխելու մեջ,դուք մտածել եք `արդյո՞ք դուք ունեք այդ իրավունքը,որ պահանջեք այդ բժշկներին պատժել:Ոչ´,չունեք:Տիկին Թերմինե,ես համոզված եմ,որ դուք լավ իրազեկված եք եղել ձեր հոր առողջական վիճակից,բայց դա ձեզ չի կասեցրել,որ մերժեք բժշկի առաջարկը ևայդպիսով անձամբ ինքներդ որոշելեք նրա ճակատագիրը,միբարդեք ձեր մեղքը ուրիշների վրա,այն էլ ստալինյան ժամանակներին հարիր ձեվերով.ես վստահ եմ որ ձեր փնոված բժիշկները իրենց աշխատանքաին պրակտիկայում հարյուրավոր մարդկանց կյանք են փրկել:
Արսեն Յան
Ցավում եմ, հիվանդը մահացել է․․․ Ես հաճախակի եմ շպվում շտապ օգնության աշխատակիցների հետ և անձամբ ճանաչում եմ Կարինե Ամբարյանին, որպես պրոֆեսնալի ու մարդու։ Չար լեզուները ասում են, որ Կարինեին հեռացևել են աշխատանքից։ Աբսուրդի հասնող երևույթ․․․ Որևէ մեկը, փորձե՞լ է հասկանալ, թե ինչու՞։ Եթե յուրաքանչյուր մահացող հիվանդի համար աշխատանքից հեռացնե 1 բժիշկ, ապա ո՞վ է բուժելու ձեզ։ Նույն Թեհմինեն նշում է, որ Կարինե Ամբարյան ճանաչել է հիվանդին, մի քանի անգամ բուժօգնություն է ցուցաբերել նույն հիվանդին, ու հիվանդը գոհ է մնացել։ Դուք ինքներդ ձեզ հարցրել եք, թե ի՞նչ է փոխվել։ Միթե՞ շատ կարճ ժամանակում բժշկուհին կորցրել է իր բժշկական գիտելիքներն ու հմտությունները։ Իհարկե, ոչ։ Այստեղ Թեհմինեն մեղավոր է փնտրում։ Եթե ավելի խորը մտածի, կհականա, որ բժիշկը սխալ չունի։
Աննա Հարությունյան
Վերջինիս ճիշտ առաջին բուժ օգնության շնորհիվ վիրահատությունը անցավ շատ բարեհաջող։ Վերլուծելով այս ամենը խնդրում եմ համեմատություն անցկացրեք վերոգրյալ ամպագոռգոռ հոդվածի և իրական փաստերի միջև։
Աննա Հարությունյան
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ փաստի առթիվ, որ մեր շատ սիրելի ու հարգելի ընտանեկան բժիշկ Կարինե Ամբարյանը ընդամենը մեկ տարի առաջ ճշգրիտ առաջին բուժ օգնություն ցուցաբերելու շնորհիվ (մինչև հիվանդանոց հասցնելը) փրկեց իմ տասնամյա դստերը, որը բակում գնդակ խաղալիս ընկել էր և կոտրել ձախ ձեռքի ճաճանչոսկրը։ Բժշկուհի Կարինեյի շնորհիվ
Գայանե Սիմոնյան
Հարգելի Թեհմինե Հայրումյան , թույլ տվեք ցավակցել Ձեզ: Կուզեի գրել մեր ընտանիքի, անձամբ ինձ համար շատ կարևոր անձի՝ հմուտ , բանիմաց, հոգատար բժշկուհի Կ.Ամբարյանի մասին, ում մասնագիտական անգերազանցելի որակի և արագ կողմնորոշման շնորհիվ արդեն երեք անգամ փրկվել է ամուսնուս կյանքը ինսուլտային իրավիճակից: Կարծում եմ, լավ կլինի Կ. Ամբարյանի նման շատ բժիշկներ աշխատեն շտապ օգնության համակարգում, որպեսզի ծանր հիվանդները կարողանան ժամանակին ստանալ առաջին բուժ.օգնություն և տեղափոխվեն հիվանդանոց: Կարեկցանքի մասին, խնդրում եմ, մի դատե՛ք բառերով: Անկախ իր էմոցիոնալ բնավորությունից, Կ.Ամբարյանը հրաշալի սիրտ ունի:
Լուիզա Շահբազյան
Ինչ վերաբերում է հիվանդին օգնություն ցույց տալու անհարմարություններին. հավատացեք բժիշկները շատ կուզեն, որ մեր շքամուտքերն ու աստիճանավանդակները հարմարեցված լինեն պատգարակներին ու հաշմանդամի սայլակներին: Ինչպես նաև ամբողջ ձմեռ մաքրվեն մուտքի աստիճանները, որ գիշերվա մութին սպիտակ խալաթավոր մարդիկ չսայթաքեն: Ու մի բան է. շտապօգնության բժիժկները մշտապես աշխատում են գերծանրաբեռնվածության, գերհոգնածության ու լարվածության պայմաններում, եթե հանգամանքներն այնպիսին են, որ բժշկի տոնը Ձեր համար աննրբանկատ է եղել, մի քիչ ներողամիտ եղեք:
Լուիզա Շահբազյան
Ցավում եմ իհարկե Թեհմինե Հայրումյանի ծանր կորստի կապակցությամբ: Ինքս հայր եմ կորցրել ոչ վաղ անցյալում: Չէի արձագանքի, եթե անձամբ չճանաչեի Կարինե Ամբարյանին: Հազվադեպ հանդիպող բացառիկ գրագետ բժշկուհի է: Հաստատապես տիրապետում է իր մասնագիտությանը: Եթե ես կամ իմ հարաատները լինեն ծանր դրության մեջ թող Աստված ինձ Կարինե Ամբարյանիննման մեկին կանգնեցնի իմպատգարակի առաջ: Այս բժշկուհուն կարելի է կյանք վստահել: Ցավում եմ իհարկե, որ դեպքը ավարտվել է հարազատի վախճանով: Բայց բժիշկները միշտ չեն ամենազոր:
Աննա Հարությունյան
Մի' դատեք, որ չդատվեք։ Խնդրում եմ հիշել վերոգրյալը և չքաըկոծել ու չմեղադրել մարդու, որը թե որպես մարդ, և թե որպես բժշկուհի ազնիվ է և օժտված է բժշկին հատուկ մարդասիրությամբ, որն անշուշտ մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող երևույթ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter