HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ Արփի համայնքի Շաղիկ բնակավայրում

Լեռնային պայմաններին հարմարեցված ամենագնացի անիվները կպչուն ցեխի արդեն շաղախված հատվածներն անխնա տարածում են շուրջբոլորը՝ ստեղծելով Փարիզ-Դակար ավտոարշավի իմիտացիա: Վարորդը հմտորեն մանևրում է գյուղական ցեխառատ փողոցում՝ վստահ մեքենայի հնարավորությունների վրա: Արփի խոշորացված համայնքի Շաղիկ բնակավայրում ենք: Ձյան հաստ շերտով ծածկված Արփի լճի գեղեցկությունը դեռ անհասանելի է: Գյուղը լճի հյուսիս-արեւմտյան հատվածում է: Ամռանն այստեղ առավել գեղեցիկ է` ալպիական գոտուն բնորոշ բուսատեսակների առկայության շնորհիվ:

Գյուղում, սովորաբար, բնակիչների աշխույժ շարժ է լինում տաքերն ընկնելուն պես: Շատերը ձմռանը հեռանում են՝ տներն օգտագործելով հիմնականում որպես ամառանոց: Ցեխը չի թողնում ազատ տեղաշարժվել գյուղում՝ քայլում ենք օգտագործելով պահպանված ձյան շերտի հատվածները: Անծանոթների տեղաշարժին անտարբեր մի քանի տղամարդ, մեքենայի շուրջ հավաքված, զրուցում են: Նրանցից միայն մեկն է ֆոտոխցիկը տեսնելով` արձագանքում. «Տղե՛ք, մեզի կնկարե»: Տարեց մի կին տուն է հրավիրում՝ պնդելով, որ անպայման պիտի հյուրասիրի մածունով ու թարմ թխած հացով:

Շաղիկցիների հետ զրուցում եմ գյուղական տուրիզմի զարգացումից: Թերահավատ են: Հարցնում են. «Բայց տուրիստն էս ցեխին գյուղ գուքա՞»: Հետո պարզաբանում՝ իրենք էլ են լսել տուրիզմի զարգացման մասին, գյուղում ազատ տներ կան, պատրաստ են հյուրընկալելու, սակայն ճանապարհները, կոմունալ հարմարությունների պակասը կարող են խոչընդոտ լինել: «Չըսինք ասֆալտ էնեն՝ հավատալու բան չէ, բայց էս վիճակն էլ բանի նման չէ: Ըստեղ մենակ ձյան վախտ է հավես, թե չէ գարունը ցեխ կշաղվենք, ամառը՝ թոզ կշնչենք»,- նկատում է բնակիչներից մեկը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի լավատես է: Ասում է՝ փողոցների հարցը կարող են լուծել` խճապատելով: Կոմունալ հարմարությունները շաղիկցիներն իրենք պետք է ապահովեն: Որքան էլ ասեն, թե արտասահմանցի զբոսաշրջիկը խստապահանջ չէ, հասկանալի է, որ փայտե զուգարանով, առանց` լոգանք ընդունելու տարրական հարմարությունների, ոչ ամռանը, ոչ էլ առավել ևս ձմռան խստաշունչ ամիսներին, բարձր լեռնային բնակավայրերում ոչ միայն օտարերկրացի, անգամ տեղացի զբոսաշրջիկին երկու օր չես պահի:


Արթուր Խաչատրյան

«Շիրակի մարզը հարմար է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային զբոսաշրջության զարգացման համար,- ասում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը,- սա կարեւորագույն հանգամանք է, քանի որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտին բնորոշ է խիստ ընդգծված սեզոնայնությունը, երբ ձմռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազում է: Ուղղակի պետք է ունեցած առավելություններն ու ուժեղ կողմերը կարողանանք ներկայանալի դարձնել»:

«Արփի լիճ» ազգային պարկի պոտենցիալի հաշվին շրջակա համայնքների զարգացումը մարզում զբոսաշրջության զարգացման ծրագրերում գերակա ուղղվածություն ունեցող կետերից մեկն է: Տարածաշրջանի առավելությունները թվարկելիս շեշտվում է վայրի բնությունը, լեռնային մաքուր օդը, մարդկանց հյուրընկալությունը, ինչու չէ՝ քաղաքային բնակավայրերից եղած հեռավորությունը:

«Վերցնենք թեկուզ հենց Շաղիկ գյուղը: Մենք պատրաստակամ ենք լուծելու ճանապարհների հարցը, բայց գյուղական տուրիզմը զարգացնելու համար բնակիչներն իրենք պետք է տներում որոշակի մինիմալ պայմաններ ստեղծեն: Գյուղում խանութ չկա: Լավ կլիներ որեւէ մեկը մտածեր այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ տուրիստների հոսք լինի, պահանջարկ լինի` դա էլ կլինի: Գյուղական տուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի գյուղը»,- նշում է մարզպետը:

Հարեւանությամբ գտնվող Արփի լճում արգելված է լողալը, սակայն` ոչ ձկնորսությունը: Զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի նաեւ այս տարածաշրջան հասնել թռչնադիտարկման նպատակով: Մարզպետի համոզմամբ, ձմեռային տուրիզմի զարգացման առումով մարզն ունի մի քանի անվիճելի առավելություններ՝ սեզոնին ձյան մշտական առկայությունը, արեւոտ օրերի առավելագուն քանակը՝ ինչը մեղմում է ցրտի գործոնը, հարմար բնական լանդշաֆտները՝ ձմեռային մարզաձեւերի զարգացման համար եւ այլն: Թվարկած գործոնները վերաբերում են Արփի լճի շուրջ տեղակայված բոլոր բնակավայրերին:

Շաղիկ գյուղը մարզկենտրոն Գյումրիից հեռու է մոտ 41 կմ, Արփի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Բերդաշենից՝ 3 կմ: Գյուղը գազիֆիկացված չէ, ձմռանը ջեռուցման նպատակով օգտագործվում է ավանդական աթարը: Բնակավայրի դրական կողմերից են սարերից եկող սառնորակ ջուրն ու լեռնային մաքուր օդը: Գրող Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններում  նկարագրված գյուղերին բնորոշ խաղաղությունն ու լռությունը կարելի է վայելել նաեւ Շաղիկում:  Նրանց համար, ովքեր երազում են քաղաքակրթությունից հեռու գոնե մեկ շաբաթ ապրել ու վայելել բնության բարիքները, Շաղիկը, թերեւս, ամենահարմար բնակավայրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter