HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տորոնտոյում անցկացվող հանքարդյունաբերական ոլորտի խոշորագույն հավաքին մասնակցում է նաև Հայաստանը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը  մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։  

Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս  համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:

PDAC-ն համարվում է  հանքարդյունաբերության  զարգացման  ժամանակակից միտումների և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաև կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը:

Վարդան Գևորգյանը  մասնակցել է  նաև կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Սերբիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները:  Նախարարի  տեղակալ Գևորգյանը ներկայացրել է  վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում  մասնավորապես կարևորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը:

«Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող «Լիդիան ինթըրնեյշնլը»՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է»,- հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter