HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-Ի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է ԱՄՀ-ի պատվիրակությանը

Փետրվարի 28-ից մարտի 12-ը Հայաստանում է Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն, այսօր պատվիրակության անդամներին ընդունել է ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով կոմիտեի շուրջ մեկ ու կես տարվա իրականացրած բարեփոխումներին, պատվիրակության անդամները փաստել են տեսանելի և տպավորիչ արդյունքների մասին՝ բարձր գնահատելով եկամուտների շարունակական աճը, կոմիտեի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքների կազմակերպման նոր գործելաոճը:

ՊԵԿ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ փոփոխությունների իրականացման հիմքում դրվել է բիզնեսի համար առավելագույն հարմարավետ միջավայրի ապահովման սկզբունքը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարում ՊԵԿ-ի վարչարարությունն ուղղվելու է եկամուտների թերհայտարարագրման, իրացման շրջանառությունների ֆիքսման, հարկերից խուսափելու գործելաոճի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է վարչարարական այնպիսի գործիքակազմի կիրառումը, որն առավելագույն արդյունք կապահովի՝ միաժամանակ աննկատ մնալով բիզնեսի համար: ՊԵԿ-ի նախագահն ակնկալում է արդյունավետ համագործակցություն ԱՄՀ-ի հետ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ ներդրումների համար բարենպաստ եղանակ կստեղծվի, որի ձևավորման հարցում հարկային քաղաքականությունը կարևորագույն գործիք է», -նշել է ՊԵԿ-ի նախագահը:

ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների արդյունքում՝ ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում: Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter