HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էլեկտրոնային միասնական համակարգին չմիանալու դեպքում գյումրեցի ատամնաբույժներին սպառնում են զրկել լիցենզիայից

Մարտի 5-ին` ժամը 12-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, գյումրեցի ատամնաբույժները բողոքի ակցիա անցկացրին մարզպետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: Մարզպետը բացակայում էր, եւ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին փոխմարզպետ Հարություն Արշակյանն ու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին: Փոխմարզպետի առաջարկով ստոմատոլոգներն իրենց միջից ընտրեցին 10 պատվիրակի` կառավարություն ուղարկվելիք նամակի բովանդակությունն առավել մանրամասն քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը: Այս որոշմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարության աշխատակազմը՝ լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, ինչպես նաեւ դեղատնային գործունեություն իրականացնող անձանց ուղարկել է գրություն` կից ժամանակացույցով՝ նշելով էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման նվազագույն պահանջների ապահովման վերջնաժամկետները:

Ծանոթանալով էլեկտրոնային միասնական համակարգին միանալու պահանջներին` Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժներ մարտի 4-ին հրավիրել էին արտահերթ նիստ՝  քննարկելու որոշման կետերի հետ կապված խնդրահարույց հարցերն ու հիմնական բացթողումները, որոնք, ըստ իրենց, չեն բխում ոլորտում առողջապահության կազմակերպման շահերից: Հավաքի մասնակիցները մտադիր չեն միանալ համակարգին, քանի դեռ տեղերում չեն կազմակերպվել քննարկումներ, եւ համակարգը ներդնողները չեն տեղեկացել բողոքներին ու առաջարկներին:

Նիստի ավարտին արտահայտած մտահոգությունները, մտավախություններն ու կանխատեսումները վերաձեւակերպված առաջարկի տեսքով, որպես մամլո հաղորդագրություն, նախ տարածվեց լրատվամիջոցներով:

Գյումրեցի ատամնաբույժներին վրդովեցրել էր հանգամանքը, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ –ից գրությունից զատ, որով էլեկտրոնային համակարգին միանալու կառավարության համապատասխան որոշումն է ուղարկվել, ստացել են նաեւ չմիանալու դեպքում տուգանքի եւ լիցենզիայից զրկվելու սպառնալիքներ: Նրանք, ովքեր փորձել են ճշտել կայքի ծագումնաբանությունը, պարզել են, որ ինչ-որ անհայտ կազմակերպություն է, չկա ոչ մի տվյալ, ընդամենը նշված է միջազգային մի քանի կառույցների անուններ: Ի դեպ, համաձայն կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 866-Ն որոշման՝ ՀՀ կառավարության եւ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ միջեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնսերցիոն կառավարման հանձնելու պայմանագրի՝ ատամնաբուժարանները պետք է ամսական գումարներ վճարեն համակարգից օգտվելու համար(7000-20000 դրամ), կախված համակարգում գրանցվող այցերի քանակից:

«Սա հավելյալ բեռ է աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզում աշխատող ատամնաբույժների համար: Ըստ այս որոշման` ստացվում է, որ գնալու ենք հավելյալ ծախսերի, հավելյալ աշխատուժ ներգրավելու, որն էլ բերելու է մատուցվող ծառայությունների գների բարձրացման,- մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկաների անունից մտահոգությունը հայտնեց ստոմատոլոգ Հովհաննես Մելքոնյանը,- ամեն այցի համար մենք 30 դրամ ենք վճարելու, այսինքն` եթե առաջ խորհրդատվությունն անվճար էր, հիմա դրա համար վճարելու ենք, քանի որ ձեւակերպվելու է որպես այց: Ամսական մինչեւ 200 այց ապահովելու դեպքում վճարելու ենք 7000 դրամ, 500 այցի դեպքում՝ 20.000 դրամ է: Խոսքը պացիենտի մասին չէ, այլ այցերի: Մենք հաշվարկել ենք բոլոր ծախսերը, տարեկան «Արմեդ» համակարգին վճարելու ենք 600 հազար դրամ ու որ հաշվում ենք ամբողջը՝ 1-1,5 մլն դրամի հավելյալ բեռ է դրվում կլինիկայի վրա տարեկան կտրվածքով, իսկ դա բերելու է գների բարձրացման»:

Խնդրահարույց է նաեւ հիվանդին շաբաթ-կիրակի օրերին սպասարկելը, քանի որ համակարգն այդ օրերին չի աշխատելու: Ատամնացավից գիշերային ժամերին տառապող հիվանդներին եւս սպասարկել չեն կարողանալու: Խնդիրներ են առաջանալու նաեւ կրոնական համոզմունքների պատճառով ID եւ սոցիալական քարտից հրաժարված անձանց հետ: Իհարկե քիչ չեն լինի մարդիկ, ովքեր կտրականապես կհրաժարվեն իրենց վերաբերող առողջապահական տվյալները ինչ-որ էլեկտրոնային բազայում հրապարակելուց: Շիրակի մարզի ատամնաբույժները պահանջում են վերանայել որոշման մի շարք կետեր եւ հաշվի առնել իրենց առաջարկները, ինչպես նաեւ կազմակերպել քննարկում տեղի մասնագետների հետ:

Մեկնաբանություններ (1)

Վարդան Գեւորգյան
Կազմակերությունը պատկանում է վարչապետի որդուն։ Բոլոր հիմնադիրները գրանցված են շվեյցարական օֆշորներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter