HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է Եհովայի չորս վկաների. կփոխհատուցի 48 000 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը պարտվել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով։

ՄԻԵԴ-ը վճիռը կայացրել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին և Հայաստանին պարտավորեցրել որպես փոխհատուցում հատկացնել 48 000 եվրոյին համարժեք դրամ։ Գումարը տրամադրվելու է 4 դիմումատուի՝ յուրաքանչյուրին 12 000  եվրո։ 48 000 եվրո գումարը արդարադատության նախարարությանն է տրամադրվելու կառավարության պահուստային ֆոնդից։

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 12-ին, իսկ հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է:

Գործի փաստական հանգամանքները

Դիմումատուները Եհովայի չորս վկաներ են, որոնք ճանաչվել են զինվորական ծառայության համար պիտանի։

2011 թվականի մայիսին ու հունիսին դիմումատուները զորակոչվել են զինվորական ծառայության։ Նրանք չեն ներկայացել, փոխարենը իրենց բնակության վայրի զինվորական կոմիսարիատ և մարզային դատախազություն են ուղարկել գրություններ՝ հրաժարվելով անցնել զինվորական կամ այլընտրանքային ծառայություն։ Նրանք նշել են Եհովայի վկաներ լինելու հանգամանքը։ Ավելացրել են նաև, որ պատրաստ են անցնել այլընտրանքային ծառայություն միայն այն դեպքում, եթե այն որևէ առնչություն չունենա զինվորական մարմինների հետ, և դրանով չխախտվեն իրենց կրոնական համոզմունքները։

2011 թվականի հունիսի 15-ին երկրորդ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար: Իսկ առաջին և չորրորդ դիմումատուները 2011 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել են։

Մեկ օր անց դիմումատուներին առաջադրվել է միևնույն մեղադրանքը։ Սյունիքի մարզային դատարանը որոշել է կալանավորել նրանց։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանավորելու մասին որոշումների դեմ դիմումատուների կողմից ներկայացված բողոքները:

Արդեն հուլիսի 27-ին երրորդ դիմումատուին առաջադրվել է միևնույն մեղադրանքը, և Տավուշի մարզային դատարանը ևս նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանը քննել է կալանավորելու մասին որոշման դեմ երրորդ դիմումատուի կողմից ներկայացված բողոքը և կրկին մերժել։ Կոտայքի մարզային դատարանը երկրորդ դիմումատուին մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել է երկու տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման: Նույն օրը նա կալանքի տակ է առնվել։

Սյունիքի մարզային դատարանը նույնանման պատիժներ է սահմանել առաջին և չորրորդ դիմումատուների նկատմամբ։ Նույնանման պատիժ է սահմանվել երրորդ դիմումատուի նկատմամբ ևս։

Դիմումատուներն իրենց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռների առնչությամբ ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, սակայն վերջինս ևս անփոփոխ է թողել դիմումատուների գործերով մարզային դատարանների կայացրած դատավճիռները։ Վճռաբեկ դատարանը ևս դիմումատուների բողոքները հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

2013 թվականի հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման արդյունքում դիմումատուներն ազատ են արձակվել ազատազրկման վայրից՝ իրենց պատիժը կրելով 26-27 ամիս։

Ինչ է արձանագրել ՄԻԵԴ-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ սույն գործով դիմումատուները հնարավորություն են ունեցել տվյալ ժամանակահատվածում խղճի նկատառումներով հրաժարվելու պարտադիր զինվորական ծառայությունից և փոխարենը անցնելու «այլընտրանքային աշխատանքային ծառայություն»: Դատարանը գտել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը տվյալ ժամանակահատվածում աստիճանակարգության և ինստիտուցիոնալ առումով բավականաչափ առանձնացված չի եղել զինվորական համակարգից:

Դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին և չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում ընդհանուր առմամբ հասարակության և դիմումատուների շահերի միջև։

Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 32 400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և ընդհանուր առմամբ 11 900 եվրո՝ ներպետական դատարաններում իրենց ներկայացրած երկու փաստաբանների համար կատարված ծախսերի և 9 000 եվրո՝ դատարանում իրենց ներկայացրած երկու փաստաբանների համար կատարված ծախսերի համար։ Սակայն ՄԻԵԴ-ը վճռել է 4 դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել 12,000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter