ՈՒրբաթ, 22 հունիսի

Քննիչի և փաստաբանի վերաբերյալ կաշառքի գործով նիստը հետաձգեց. պաշտպանը վատառողջ է



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործով քննությունը։ Ինչպես նախորդ նիստում հայտարարվել էր, այսօրվա նիստին պետք է ցուցմունքը շարունակեր Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը։

Սակայն փաստաբան Սիմոն Ամիրխանյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։ Քննիչ Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նիստը շարունակեն մյուս փաստաբանի ներկայությամբ՝ նշելով, որ Ամիրխանյանը ծանր հիվանդ է եւ չի կարողացել ներկայանալ նիստին։

Դատախազ Արամ Մնացականյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ որեւէ խոչընդոտ չկա առանց փաստաբանի նիստը շարունակելու համար, իսկ փաստաբան Անանյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ թեեւ պաշտպաններից մեկի ներկայությունը բավարար է նիստը շարունակելու համար, բայց այսպես կպաշտապանվի փաստաբանի իրավունքը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ քրեադատավարական կարգով համամիտ է մեղադրողի դիրքորոշման հետ։ Դատավորը հայտնեց` հաշվի է առնում այն, որ փաստաբան Սիմոն Ամիրխանյանը եւս կարող է հարցեր ունենալ վկաներին, թեեւ ավելացրեց, որ այս հարցը կարելի է լուծել՝ վկաներին կրկին դատարան հրավիրելով, սակայն դատարանը հետաձգեց նիստը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու օգտին գործողություններ կատարելու համար քաղաքացի Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: 

Համաձայն գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության հոդվածով: Քաղաքացին քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, որն ընդունվել է։

Մեղադրանքի համաձայն՝ քննիչը նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Զադոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Նրանց համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ