HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի հանձնարարականները. գնումների գործընթաց, Trade.gov.am միասնական հարթակ, լիզինգային գործընթացի բարելավում

Կառավարության մարտի 6-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը։

«2018 թվականի հունվարի 18-ի Կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էինք 2017 թվականի 2016-ի համեմատությամբ պետական գնումների ու կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության հարցին։ Ներկայացված տեղեկատվության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես՝ ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ, ինչպես նաև որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի ու պլանավորվածի միջև անհամապատասխանությունններ»,- ասաց Կարապետյանը։

Վերջինս ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը։ Վարչապետը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի՝ բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր։

«Երկամսյա ժամկետում առողջապահության նախարարի հետ համատեղ մշակել ու կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր»,- ասաց նա։

Կարապետյանը հանձնարարեց նաև գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը՝ ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե ապրանքախմբերի։

«Մենք 2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից, այն բյուջեները, որը պլանավորում ենք՝ ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ, որը վերագրվում է, որ այսքանը ավելացել է, խնայվել է, այդ գումարը հե՛տ վերադարձրեք, բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորման ժամանակ շատ ենք պլանավորում ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա»,- ասաց Կարապետյանը։

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին:
«Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը պարտավորվում են ըստ ապրանքների տեսակների՝ մի շարք մարմիններին ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարության և որոշակի տևողության, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի՝ ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնոմ է դժվարություններ տնտեսվարողների համար»,- ասաց վարչապետը։

Վերջինս հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ-ի, բնապահպանության և առողջապահության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապանքների ներմուծման և արտահանման, փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գորունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ:

«Մեկ հարթակում տնտեսվարողը ներկայացնում է նյութը, մաքսիմալ պարզ ասում ենք՝ նյութը ինչպես է ներկայացվում, և տնտեսվարողը յուրաքանչյուր գործողության ժամանակ հստակ գիտի պետական մարմինները երբ և ինչ ձևով են իրեն պատասխանում, ընդ որում էլեկտրոնային հարթակ և բոլոր մնացած առավելություննեը»,- ասաց նա։

Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր լիզինգային գործունեության զարգացմանը․

«Ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում երկու մասնագիտացված լիզինգային ընկերություններ՝ 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից երեքը, գործող 21 առևտրային բանկերից` հինգը։ Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով, օրենսդրությամբ սահմանված չէ լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, հստակ չէ նաև կողմերի պարտականությունների հստակ շրջանակը։ Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց վարչապետը։

Հաշվի առնելով վերոնշյալը` Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը՝ անդրադառնալով օրենսդրական թերի կարգավորումների հստակեցմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter