HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի ծանրորդների դոպինգային արկածները

Անի Մեջլումյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկված լինելու պատճառով բաց կթողնի մարտի 26-ին Ռումինիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը:

2017-ի հոկտեմբերին Ծանրամարտի Հայաստանի  ֆեդերացիան որակազրկվեց մեկ տարով։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հույս ունի, որ ապրիլից սանկցիաները կհանվեն: Որակազրկման պատճառը 2008-ի՝ Պեկինի և 2012-ի՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի փորձանմուշների վերստուգումների ժամանակ Հայաստանը ներկայացնող երեք ծանրորդների դրական թեստերն են:

Արգելված խթանիչներ օգտագործելու հետևանքով մրցումներից տարիներ անց՝ 2016-ին Տիգրան Գ. Մարտիրոսյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը վերադարձրին մեդալները: Որակազրկվել են նաև Ռուսաստանի (10 դրական թեստ), Ղազախստանի (10),  Բելառուսի (7), Ադրբեջանի (5), Չինաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Թուրքիայի (3-ական) ֆեդերացիաները:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 2015-ին կասեցրել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության լիազորությունները: Ռուսաստանը մեղադրվում է պետական դոպինգային ծրագրի հովանավորության մեջ: Ռուսաստանի ամենամասշտաբային որակազրկումը տեղի ունեցավ Մաքլարենի երկրորդ զեկույցից հետո՝ ռուսաստանցի մարզիկները զրկվեցին 2018թ. ձեռային Օլիմպիական խաղերում սեփական դրոշի ներքո հանդես գալու իրավունքից: Սպորտային արբիտրաժային դատարանը Ռուսաստանի բողոքարկումը բավարարեց` արդարացնելով Սոչիի օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ մեղադրվող 39 մարզիկներից 28-ին: Ինչից հետո Ռուսաստանն առաջարկեց ՄՕԿ-ին ձմեռային օլիմպիական խաղերին հրավիրել 15 մարզիկների, բայց ՄՕԿ-ը մերժեց: Արբիտրաժային դատարանն արդարացրել է 28 ռուս մարզիկների` համարելով, որ Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովի (Григорий Родченков) և ուրիշների վկայություններն ու տրամադրած փաստաթղթերը բավարար չեն ապացուցելու համար, որ մարզիկներից յուրաքանչյուրը մեղավոր է դոպինգ օգտագործելու մեջ:

Ավելի վաղ ՄՕԿ-ը և  WADA-ն ներկայացրել էին Մոսկվայի լաբորատորիայի և «Ռուսադայի» դոպինգ ստուգումների արդյունքների կեղծիքների սխեման: «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածում և «Իկարուս» վավերագրական ֆիլմում այդ մեխանիզմը ներկայացվում է հենց Ռոդչենկովի մասնակցությամբ:

Պաշտոնական Ռուսաստանը հերքեց, թե պետությունը դոպինգային ծրագիր է ֆինանսավորել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գրիգորի Ռոդչենկովին հիմար է անվանել, ում խոսքերին չի կարելի վստահել: «Նա օրենքի հետ խնդիրներ ունի, և ամբողջ գործը հիմնված է նրա վկայությունների վրա, իսկ կարելի՞ է արդյոք նրան հավատալ»,- ասել է Պուտինը:

WADA-ի կողմից լիցենզավորված Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի ծառայություններից օգտվել են հետխորհրդային մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Ինչու են Հայաստանում աշխատել Ռոդչենկովի հետ

Հայաստանի հակադոպինգային գործակալությունը (ARMNADO, Արմնադո)WADA-ի հավաստագրով  իր աշխատանքը սկսել է 2009-ից: Մինչ այդ չկան պահպանված տվյալներ, թե քանի դոպինգ թեստ են հանձնել և որ լաբորատորիաներից են օգտվել:

Արմնադոն դոպինգի վերահսկման իր գործունեությունն իրականացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում, որտեղ գտնվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև` Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան: «Արմնադոյի ստուգումները պետք է իրականացվեն առանց մարզիկներին և ղեկավար մարմիններին տեղյակ պահելու»,- նշվում է WADA-ի կանոնադրության 5.2 կետում: 

Արեգ Հովհաննիսյանը

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանն ասում է, թե այդ տարիներին իրենք փող չունեին, որ սեփական նախաձեռնությամբ  դոպինգ ստուգումներ անցկացնեին։ «Պետությունը լուրջ չի վերաբերվում, թող այնքան փող տան, որ մենք որոշենք` ում ենք ստուգում ու երբ: Ովքեր նշել են «Արմնադո», կարող են լինել ֆեդերացիայից նամակով ստացած պատվեր, մենք փող չունեինք, որ ինքներս անեինք»,- ասում է Արեգ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը պատմում է, որ ֆեդերացիան նամակով էր պատվիրում թեստերը և ասում, թե ում ստուգեն:

Մեզ հասանելի տվյալները, որոնք սկսվում են 2011-ից, ցույց են տալիս, որ «Արմնադոյի» ստուգումների արդյունքում երբեք որևէ հայ ծանրորդ դրական դոպինգ թեստ չի հանձնել: Իսկ դոպինգ ստուգումներ անցկացնելու պատվերը նրանք ստացել են Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայից, 2012-ին՝ օլիմպիական տարում, նաև ՀԱՕԿ-ից:

«Արմնադոն» զբաղվում է մարզիկների նմուշների (մեզի) հավաքմամբ և տեղափոխմամբ: Դրանց արդյունքները մշակվում և ուղարկվում են «Արմնադոյին», ինչպես նաև` WADA-ին, այն լաբորատորիայից, որի հետ նրանք համագործակցում են: Մինչև 2014-ը դա եղել է WADA-ի կողմից լիցենզավորված Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան: Հիմա արդեն բոլոր տվյալները գրանցվում են ADAMS էլեկտրոնային համակարգում: 2013-ը ներառյալ` արդյունքների մենեջմենթով զբաղվել է Մոսկվայի լիցենզավորված լաբորատորիան, որի ղեկավարն էր Ռոդչենկովը: Նմուշները մեր հակադոպինգային գործակալությունն ազատ էր ուղարկել նաև այլ լաբորատորիաներ, օրինակ` Ավստրիա, ինչպես հիմա են անում, բայց հատկապես ծանրամարտի դեպքում դրանք ուղարկվել են Մոսկվա:

2014-ից ի վեր` «Արմնադոն» նմուշներ չի ուղարկում Մոսկվա: 2014-ից ի վեր ոչ մի հայ ծանրորդ դոպինգ դրական թեստ չի հանձնել միջազգային և տեղական  ստուգումների ժամանակ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը 2003-ից մինչ օրս թվով 20 որակազրկված հայ ծանրորդների անուններ է նշում: Եթե դրան գումարենք երեք  դեպք ՄՕԿ-ի վերստուգումներից հետո, կստացվի 23:

Ինֆոգրաֆիկան՝ Պարույր Ազիզյանի

Թեստերի հավաքումը, տեղափոխումը և ստուգումը 2012-ին արժեր հատը 150 հազար դրամ, այժմ 200 հազար դրամ է Ավստրիայում ստուգելը: Այս տարվա բյուջեով Հայաստանի հակադոպինգային ընկերությունը կարող է միայն 32 դոպինգ թեստ անցկացնել:

Ինչպես և ինչու են դոպինգ ընդունել. պատմում են ծանրորդները

2008-ի Պեկինի և 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի համար մեդալ բերելն այնքան կարևոր էր, որ ծանրամարտի ֆեդերացիան գործի դրեց «դոպինգային ծրագիրը»:

Մեզ հետ զրույցում հայ ծանրորդներից մի քանիսը հաստատեցին, որ իրենք օգտագործել են խթանիչներ: Ոմանք էլ հրաժարվեցին խոսել իրենց անուններով։ Ըստ մարզիկների` դոպինգ ձեռք բերելու համար երբեմն իրենք են վճարել, երբեմն էլ անվճար տրամադրել է ֆեդերացիան։ Մրցումներից առաջ պարտադիր ստուգել են, որպեսզի ֆեդերացիան վստահ լինի, որ ոչ ոք չի բռնվելու:

Աղասի Աղասյանը

Ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը  պատմում է. «Մրցումից առաջ մեր նմուշներն ուղարկում էինք, տեսնում էինք Աղասյան Աղասը մաքրվել է՝ գնաց մրցումների, իսկ, օրինակ, Պողոսյան Պողոսը չի մաքրվել, չի՛ գնա: Այսինքն` մաքսիմում այնպես էին անում, որ մարդ չբռնվի: Չեմ կարող ասել` ով էր կոնկրետ ուղարկում անալիզները, բայց ֆեդերացիան հետևում էր, որ մարզիկ չբռնվի»։

Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ Պեկինի օլիմպիական խաղերի վերահաստատված արծաթե մեդալակիրը, ևս հաստատեց, որ մրցումներից առաջ ստուգողական անալիզներ են հանձել. «Մեզի անալիզ վերցրել են մրցումներից առաջ, ասել են` մաքուր ենք կամ մաքուր չենք»:

Աղբյուրներից մեկը, գաղտնի մնալու պայմանով, ասաց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում նույնիսկ անալիզների ստուգման գներն էին հայտարարում. «Մեզ ասում էին, որ փորձանմուշի ստուգումն արժեր 120 եվրո` Մոսկվայի անալիզինը: Ասում էին` եթե պետք եղավ երկրորդը տալու, դուք կվճարեք: Առաջինի ստուգման ժամանակ, եթե կեղտոտ էիր, մի հատ էլ պետք է ստուգվեիր, շատերն այդպես էին անում, երկու անգամ էին ստուգվում, որ իմանան` երբ են մաքրվում»,-պատմում է անունը բացահայտել չցանկացող ծանրորդը:

«Ֆեդերացիան ասել է` գնիր խթանիչներ կամ էլ ձրի է առաջարկել»

Ծանրորդները հիմնականում օգտագործել են անաբոլիկ ստերոիդներ: ՄՕԿ-ի տվյալների համաձայն` գերակշռել է ստանոզոլոլի և տուրինաբոլի կիրառումը:

Գաղտնի աղբյուրը մեզ պատմում է. «Ուկրաինայից դոպինգն էժանով բերում էին այստեղ, թանկով վաճառում: Օլիմպիական հավաքականում չէին վաճառում, ձրի տալիս էին: Պրեպարատները թանկանոց չէին՝ մոտ 100 հատը 20 000 դրամ»:

Եղել են դեպքեր, երբ մարզիներն իրենք են գնել: «Իմ դեպքում ֆինանսը չի հերիքել, որ վիտամին առնեմ, բայց հերիքել է, որ 1000 դրամ տրամադրեմ դոպինգի: Էժան է, դեղատներում վաճառում են, ես էլ երեխա, առել օգտագործել եմ»- ասում է Ա. Աղասյանը:

«Առանց բժիշկների թույլտվության ոչ մի դեղ, անգամ վիտամին չենք օգտագործել…Բայց եթե մարզիկին ասում են, որ 10 օրում օրգանիզմը մաքրվում է, հետևաբար հավատում ենք»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է  Հռիփսիմե Խուրշուդյանը:

Արդյունքների կեղծման մեխանիզմները

Արդյունքները կեղծվում էին մի քանի տարբերակով և երկու փուլով։

Տարբերակ 1. Մաքուր մեզի նմուշ

Գաղտնի աղբյուրը պատմում է, որ միջազգային ստուգումների ընթացքում սառնարանում պահած մեզ են տվել ստուգողներին, որը դոպինգից մաքուր է եղել։ «Մաքուր» երևալու մեկ այլ մեթոդ էլ են կիրառել: «Երբ արտերկրից պաշտոնական ստուգողները գալիս էին, մենք արդեն մոտավորապես գիտեինք` որ օրը պետք է մաքուր լինենք: Պատկերացրի՞ր ինչ մաքուր՝ մի անգամ ստուգված մաքուր: Սա շարունակվել է մինչև Լոնդոնի օլիմպիական խաղեր»,- ասում է գաղտնի աղբյուրը:

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանը հաստատում է. «Դոպինգ ստուգողները նախօրոք զանգում, գալիս էին, մարզիկներն իրենց հին, պահած անալիզներն էին տալիս: Դա հայտնի պրակտիկա է»:

Փաստորեն, ստուգումներն իրականացվել են WADA-ի կարգի խախտմամբ՝ ստուգողը չի ցանկացել վերահսկել թեստի հանձնման պրոցեսը:

Տարբերակ 2. Կեղտոտ արդյունքներ, մաքուր փաստաթղթեր

Ըստ Արեգ Հովհաննիսյանի` նմուշները տարել են Գրիգորի Ռոդչենկովի մոտ. «Գրիշայի մոտ տարել են, փողն էլ առձեռն են տվել»:

Մինչև 2011-ը պարզ չէ, թե որ լաբորատորիայից են օգտվել հայաստանցի մարզիկները, սակայն 2011-ից Մոսկվայի լաբորատորիայի հետ համագործակցությունը հաստատում է նաև «Ռուսադան» իր տարեկան հաշվետվություններում:

Պավլե Կասրաձեն

Ռեգիոնալ եւ Վրաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Պավլե Կասրաձեն պնդում է, որ խնդիրը Հայաստանի հակադոպինգային գործակալության անկախ չլինելն է: Ասում է նաև, որ հայտնի բան է՝ «եթե ցանկանում էին կեղծել արդյունքները, հենց Ռոդչենկովին էր պետք դիմել»:

«Իսկ հանուն ինչի՞ պետք է Ռոդչենկովը կեղծեր» հարցին պատասխանում է. «Ի՞նչ եք կարծում, հանուն սիրուն աչքերի՞»:

«Փողի՞»,- հարցնում ենք:

Պավլե Կասրաձե. «Այո, վերջ»:

Կասրաձեի խոսքով` Վրաստանը մեկ անգամ է փորձել Մոսկվայի լաբորատորիայի հետ աշխատել և անուհետև հետ է կանգնել այդ մտքից: Անալիզների տեղափոխման ժամանակ նմուշները շաբաթներով մնացել են մաքսատանը: Կասրաձեի խոսքով՝  պետք չէ բացառել, որ հայ ծանրորդների նմուշները կեղտոտ են եղել, իսկ արդյունքները` մաքուր:

Հայաստանում  դոպինգ թեստեր են անցկացրել Հայաստանի և ռեգիոնալ հակադոպինգային գործակալությունները: Հայաստանի հակադոպինգային գործակալությանը ծանրորդների ստուգումները հիմնականում պատվիրում էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, անալիզներն ուղարկվում էին ստուգման՝ Մոսկվա: Ռեգիոնալ հակադոպինգային գործակալությունը` EE RADO-ն, որը Թբիլիսիում է, թեստեր անցկացնելու  համար սեփական ստուգողներին չի ուղարկում, փոխարենը դրանք անցկացնում է EE RADO-ի կողմից լիցենզավորված Կարեն Ստեփանյանը:

ՄՕԿ-ի վերստուգումների արդյունքում «բացահայտված» խթանիչներ օգտագործած հայաստանցի մարզիկների անալիզները պետք է որ այդքան հաճախակի ստուգումների ժամանակ դրական արդյունք տային, բայց չեն տվել: Ստորև ներկայացնում ենք 2012 թվականի դոպինգ ստուգումների հաճախականությունը, ստուգված ծանրորդների թիվը, դրանց հաջորդող մրցումները և մրցումներին մասնակցողների թիվը:

Ինֆոգրաֆիկան՝ Պարույր Ազիզյանի

Ըստ WADA-ի կանոնադրության 14. 4 կետի` բոլոր հակադոպինգային գործակալությունները պետք է իրենց կայքերում գոնե տարեկան հաշվետվություններ հրապարակեն: Հայաստանի հակադոպինգային գործակալությունը մասամբ է հրապարակել, կայքն էլ այլևս չի գործում: Տարեկան հաշվետվություններ հրապարակված չեն մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մոլդովայում, Բելառուսում (հրապարակված է միայն 2016-ի հաշվետվությունը):

Ովքեր էին գլխավոր դերերում 2008-2012թթ., և որքան խորն են եղել «դոպինգային ծրագրի» արմատները

2016-ին, երբ պարզ դարձավ, որ հայ ծանրորդները պետք է մեդալները վերադարձնեն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավարեդյանն ասուլիսում ասաց. «Օգտագործում էին այդ դեղամիջոցը բոլորը, բայց մրցումներից առաջ՝ դոպինգ հանձնելուց 100-120 օր առաջ պետք է մաքուր լինեիր: Թոմաս Բախը (ՄՕԿ նախագահը- խմբ.) եկավ, ասաց` չէ, ես ուսումնասիրել եմ և պարզել եմ, որ նախորդ 400 օրվա ընթացքում օգտագործածը կարող եմ բռնել»:

Փաշիկ Ալավերդյանը

Փորձեցինք Փաշիկ Ալավերդյանից պարզել, թե որքանով է տեղյակ եղել «դոպինգային ծրագրից»: 

«Ոչ ես անալիզ եմ ուղարկել այդ ժամանակ, ոչ անալիզ եմ ստացել, ոչ էլ պատասխանները գիտեմ, ես չեմ զբաղվել դրանով… Ես տեղյակ չեմ, ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել: Չորս տարի է ղեկավարում եմ այս ամենը, մեկի քթից արյուն չի եկել… Խնդրում եմ այդպես էլ գրեք՝ ես բանից տեղյակ չեմ»,- ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Հավաքականի` անունները հրապարակել չցանկացող նախկին անդամների պնդմամբ` «դոպինգային ծրագիրը», այսինքն՝ դոպինգի առքուվաճառքը, գլխավորել է  ֆեդերացիայի  նախկին նախագահ Սամվել Խաչատրյանը: Նա ղեկավարել է ֆեդերացիան 2006-2012 թվականներին:

Գաղտնի աղբյուրն ասում է. «Սամվել Խաչատրյանի ժամանակ սկսվեց դոպինգի առք ու վաճառքը: Մրցումներից առաջ ոմանց ասում էին՝ գնիր, մյուսներին առաջարկում էր ֆեդերացիան: Քեզ ոչ մեկ չի ստիպել, բայց թույլ էլ չեն տվել չանել: Չանեիր, ուրիշը կաներ՝ կբարձրացներ անհրաժեշտ կիլոգրամներն ու քո փոխարեն կընդգրկվեր հավաքական»:

Ս․Խաչատրյանը հրաժարական տվեց Լոնդոնի խաղերից հետո: Նախկին ֆեդերացիայից այսօր մնացել են կեղտոտ անցյալն ու Փաշիկ Ալավերդյանը, բայց մեզ հետ զրուցած մարզիկների խոսքով` դոպինգ բաժանելու կամ վաճառելու գործընթացին նա չի մասնակցել:

Հարցազրույցներում, ոչ հրապարակային հանդիպումներում ամենից հաճախ կրկնվող միտքը հետևյալն էր. «Սիստեմն էր այդպիսին»: Մեր գաղտնի աղբյուրն ասում է, որ այդ տարիներին հետխորհրդային երկրներում բոլորը համատարած օգտագործում էին խթանիչներ, նաև` Թուրքիայում. «Բաց խոսակցություն էր, բոլոր մարզիկներն ազատ պատմում էին` ով ինչ է անում և երբ է մաքրվում»:

Մեզ հետ զրուցած մարզիկների տեղեկություններով` սպորտի ոլորտի պատասխանատուները մասնակից չեն եղել «դոպինգային ծրագրին»։

Սամվել Խաչատրյանը, որին մատնաշում են իբրև միակ մեղավորի, հրաժարվեց մեկնաբանություն տալ։

«Չեմ ուզում, որ հարց տաք»,-մեր հեռախոսազանգին պատասխանեց նա ու անջատեց հեռախոսը:

Վերադարձված մեդալներ և պետությանը չվերադարձված գումարներ

Դոպինգային սկանդալը Հայաստանին արժեցավ 50 հազար դոլար: Դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հաստատեց այս գումարը։ Տիգրան Վ. Մարտիրոսյանի մեդալի գույնը փոխվեց՝ բրոնզից դարձավ արծաթ, բելառուս ծանրորդի որակազրկման հետևանքով: Մեդալն առանց արարողակարգի է հանձնվել:

«Հետքի» հարցմանը, թե արդյոք փոխհատացում կամ հետգանձում է իրականացվելու ետ կանչված մեդալների կապակցությամբ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատասխանեց.

«2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերում Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը և 2012թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանը գրավել են 3-րդ տեղը, պարգևատրվել են տասական մլն դրամով: Պարգևավճարները ՀՀ պետական բյուջե վերադարձված չեն: Պեկինի խաղերում Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը գրավել է 3-րդ տեղը, ինչի համար պարգևատրվել է 10 մլն դրամով, պարգևավճարի փոխհատուցում կատարված չէ, քանի որ դոպինգ ստուգումները շարունակվում են: Պարգևավճարների տարբերության փոխհատուցման և հետգանձման ժամկետները սահմանող համապատասխան իրավական ակտեր դեռևս չկան»:

Չնայած նախարարությունը նշում է, թե ստուգումները շարունակվում են, 2008-ի օլիմպիական խաղերի վերստուգումներն ավարտվել են 2016-ին: ՄՕԿ-ի սեպտեմբերի 15-ի զեկույցում ասվում է.

«Վերադարձված 75 մեդալների մեծամասնությունը փոխանցվել է իրենց հասցեատերերին: Հասցեատերերը մեքենայորեն չեն որոշվում, նրանց փորձանմուշները ևս վերստուգվում են մեդալն ուղարկելուց առաջ»:

Փոխհատուցման նախադեպ արդեն կա Լիտվայում: 2008-ին Պեկինում բրոնզե մեդալ նվաճած ծանրքաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մինդաուգաս Միզգաիտիսին «Հետքին» պատմեց, որ մեկ ամսվա ընթացքում, երբ արդեն որակազրկել էին Հասան Բարոևին, ինքը ստացել է տարբերություն կազմած ողջ գումարը:

«Լիտվայի Օլիմպիական կոմիտեն վճարեց ինձ նվիրած մեքենայի տարբերությունը: Երեք շաբաթ անց էլ սպորտկոմիտեն վճարեց բոլոր չստացածս պարգևավճարները՝  երեսուն հազար եվրո: Մի ամսում ամեն ինչ հատուցեցին»,- ասաց Միզգաիտիսը:

Հայաստանում սպորտի ոլորտի ղեկավարները պատասխանատվությունը չբարդեցին դոպինգ ընդունած մարզիկների վրա, բայց և իրենք էլ չստանձնեցին այն` ասելով, թե ֆեդերացիայի նախկին ղեկավարության մեղքն է:

Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել ԽաչատրյանըPanARMENIAN Photo), կենտրոնում՝ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը (© Getty Images), աջից՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (© Zimbio)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter