HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լոռիում 62,5 միլիոն դոլար ներդրմամբ լեռնադահուկային կենտրոն կստեղծվի

Կառավարությունը այսօրվա նիստին հավանության արժանացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագիրը։

Լոքյանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագիրը իրականացնող «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն պետք է նախնական՝ գույքային և հողային, գնահատում իրականացնի։ Մասնավորապես՝ ընկերությունը կկատարի չափագրումներ, նկարահանումներ և կկազմի օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրություններ:

Լոքյանի փոխանցմամբ՝ ծրագիրը նախատեսված է իրականացնել Լերմոնտովո և Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում՝ Մայմեխ լեռան փեշին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «ՄԱՅՄԵԽ ՍԿԻ ՌԵԶՈՐԹ» ընկերությունը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, քանի որ որ այն գրանցված է որպես ՓԲԸ, դրա սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն պարզել չկարողացանք։

Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում՝ ականջալուր լինելով կառավարության հորդորին՝ ուշադրություն դարձնել Վանաձորի մերձակայքին և տուրիզմի ակնկալվող զարգացմանը, «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Լոռու մարզում կատարել 14.5 մլրդ դրամի ներդրում՝ լեռնադահուկային ենթակառուցվածքների ստեղծման գործում և ապահովել շուրջ 15 մլրդ. դրամի ներդրում՝ ուղղված հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծմանը: Այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 30 միլիարդ դրամի ներդրում կկատարվի։

Նախագծով Հայաստանում կստեղծվի հանգստյան գոտի ամբողջ տարվա համար։ Լեռնադահուկային հանգստավայրում այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Այն նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստյան գոտում կլինեն ժամանակակից լեռնադահուկային սարքավորումներ` ներառյալ բարձր արագությամբ ճոպանուղիները։

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն մինչև 300 հա դահուկային սահուղիներ և արահետներ: Կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: Ճոպանուղիները ժամում շուրջ 6000 մարդ կտեղափոխեն:

Ընկերությունը ակնկալում է, որ ծրագրի հավանության արժանանալու պարագայում գործադիրը ծրագիրը կճանաչի գերակա հանրային շահ և նշված հատվածում իրացման իրավունքը կտրամադրի իրենց (շուրջ 584 հա)։

Նախարարությունը հավաստիացնում է, որ ծրագիրը կունենա մեծ սոցիալական մուլտիպլիկատիվ էֆեկտ, կստեղծվեն 1570 աշխատատեղեր, կբերի տարածաշրջանում սպասարկման, մշակութային և ժամանցային ոլորտի զարգացում, տրանսպորտային ոլորտի ակտիվացում։

Մեկնաբանություններ (1)

Սարգիս Մկրտչյան
Թե ճիշտ լինի շատ գովելի բան կլինի: Թե չէ միայն հանքեր բացելով ու սարերն ավերելով ուր պիտի հասնենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter