HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս» ծրագիրը

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանին։ Հանդիպումը, ըստ հաղորդագրության, կազմակերպվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2017 թվականի դեկտեմբեր ամսին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4,9 մլն եվրո:

Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ձեռք բերված փորձը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:

«Անասնապահությունը գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար կարևոր է գյուղատնտեսական կենդանիների նույնականացումն ու հաշվառումը: Սակայն մինչ այդ հարկավոր է բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը, վերապատրաստման միջոցով բարձրացնել անասնաբույժների գիտելիքներն ու կատարելագործել նրանց հմտությունները», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում է հնարավոր երկրում իրականացնել խոշոր պետական ծրագրեր, որոնք կնպաստեն ոլորտի կայուն զարգացմանը։

Նախարար Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ:
Այնուհետև գյուղատնտեսության նախարարը Գերհարդ Շաումբերգերի հետ քննարկել է Ավստրիայի զարգացման գործակալության հետ իրականացող ծրագրերը, մատնանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մասնավորապես, նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում մրգի կամ բանջարեղենի  վերամշակման շարժական ծառայությունների ներդրման հնարավորությունը: Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում կրթության բարձր մակարդակի ապահովումը` նախարարը հնարավոր է համարել պետական կամ մասնավոր ֆերմերային ուսումնական հաստատության հիմնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների արհեստական սերմնավորմանը, կաթի հավաքման կայանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Բարեվ ձեզ ես ապռում եմ Գեղարքունիկի մառզում քաղաք Գավառում։ Ես ցանկուցյուն ունեմ համագործակցել խոշոր եղջերաոր կենդանիների (կովերի) ներկրող ընկերուցյուների հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter