HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրազջէկի» հանրակացարանի օտարումն ու սենյակների սեփականաշնորհումը կախված է Սամվել Կարապետյանից

Հրազդանում գտնվող երկու հանրակացարանների անմխիթար վիճակին և բնակիչների մտահոգություններին անդրադարձել էինք նախորդ շաբաթ: Հրազդանի քաղաքապետարանի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը կապ չունի դրանց հետ: Հանրակացարաններից մեկը, ըստ նրա, գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության ենթակայության տակ, երկրորդը հանդիսանում է «Հրազջէկի» սեփականությունը: Առաջին հանրակացարանը 4-րդ կարգի վթարայնություն ունի:

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազջէկ)» ԲԲԸ-ի տնտեսական վարչության պետ Վազգեն Պետրոսյանը պատասխանել է քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող հանրակացարանի մասին մեր հարցերին:

Հարցին, թե արդյոք այդ շենքում կատարվել է վթարայնության որոշման փորձաքննություն, Վազգեն Պետրոսյանը պատասխանել է. «Մենք փորձաքննություն չենք արել, որովհետև 2009 թվականից մինչ օրս բնակելի տարածքի պահպանության և նպատակային օգտագործման պայմանագրով տվել ենք քաղաքապետարանին: Իրենք տնօրինում են և՛ շենքի պահպանությունը, և՛ նպատակային օգտագործումը»: Այսինքն, ըստ Պետրոսյանի, հենց քաղաքապետարանը պիտի կազմակերպեր փորձաքննությունը:

Մյուս կողմից՝ քանի որ հանրակացարանը համարվում է «Հրազջէկի» սեփականությունը,  բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու իրավունք չունեն:

Վ. Պետրոսյանն ասում է, որ երբ հանրակացարանը սեփականության իրավունքով իրենց անցավ, այդ ժամանակ ջէկի աշխատակիցներից շատ քիչ մարդ էր բնակվում այնտեղ, հիմնականում Հրազդան քաղաքի բնակիչներ էին: Այդ պատճառով, ըստ նրա, որոշում կայացվեց մարդկանց թույլատրել ապրել շենքում, այլապես նրանք անտուն պիտի մնային:

Վազգեն Պետրոսյանի խոսքով՝ ընկերությունը շենքն օտարելու նպատակ չունի, և այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում: «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազջէկ)» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2004-ին ՌԴ դաշնային գույքի կառավարման գործակալության կարգադրությամբ: Հրազդանի ջէկը «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Հայաստանի կառավարությունը հանձնել էր Ռուսաստանին: Պետրոսյանն ասում է, որ երբ ջէկի սեփականատեր դարձավ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, վերջինիս տնօրենների խորհուրդը որոշել էր որոշ բաներ օտարել, այդ թվում՝ հանրակացարանը, իսկ վաճառքից ստացած գումարը ներդնել մեկ այլ տեղ: Սակայն 2015-ից, երբ ջէկը վաճառվեց «Տաշիր» ընկերությունների խմբին, Վազգեն Պետրոսյան պատմելով, երբևէ չի քննարկվել հանրակացարանի շենքն օտարելու հարցը:

Ժամանակին բնակիչներից դիմել են ընկերությանը՝ սենյակները սեփականաշնորհելու համար, սակայն, ինչպես ասում է տնտեսական վարչության պետը, նման որոշում կարող է կայացնել միայն սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter