Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հրազդանի «արդիական բժշկական կենտրոնն» այնքան էլ արդիական չէ. բնակիչները շարունակում են Երեւան գնալ


Սառա Պետրոսյան

«Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն»,- լրատվամիջոցներն այս լուրը բնակչությանն ավետեցին 2009թ. դեկտեմբերի 29-ին` Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի բացման արարողությունը ներկայացնելիս:

Այդ օրից անցել է մոտ 9 տարի, եւ մեզ հետ զրուցած հրազդանցիները դժգոհում են, որ շարունակում են Երեւան գնալ՝ բժշկական օգնություն ստանալու համար: Նրանց ասելով՝ վերանորոգված հիվանդանոցը կադրերի պակաս ունի, շտապօգնության ընդամենը մեկ մեքենա է սպասարկում, հիմնականում` Ծաղկաձոր քաղաքին:

Հրազդան բժշկական կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում ներառված են հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ ծննդատունը: Ամբողջովին հիմնանորոգվել են կենտրոնի չորս մասնաշենքերը, շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի նորագույն բժշկական սարքավորումներ ու կահույք էր ձեռք բերվել կենտրոնի համար:

«Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Լիլիա Կարապետյանը համաձայն է հրազդանցիների հետ: Նա ասում է, որ կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը բավարար է, բայց կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված, եւ սարքավորումներն արդեն մաշված են, իրենք անընդհատ վերանորոգելով են զբաղված:

«Ռենտգեն ապարատի հետ միշտ խնդիրներ ունենք, այն գերծանրաբեռնված է աշխատում: Ֆլուորոգրաֆիայի, սոնոգրաֆիայի ապարատները վատ վիճակում են, մաշվածությունը մեծ չափերի է հասնում եւ անընդհատ պետք է վերանորոգվեն: Հիմա ուզում ենք տեխնիկան կամաց-կամաց թարմացնել: Պետբյուջեից գումար են տրամադրել, նաեւ մեր մատուցած վճարովի ծառայություններից բավականին գումար ենք տնտեսել անցյալ տարի, կարող ենք տարեկան մեկ-երկու սարքավորում ձեռք բերել ու այդպես թարմացնել տեխնիկան»,- ասում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լ. Կարապետյանը:

Կենտրոնը գրեթե բոլոր բաժանմունքներն ունի. շտապօգնության ծառայություն՝ ընդունարանի հետ, ստացիոնար բուժծառայություն, որի մեջ մտնում են վիրաբուժական, թերապիայի, վերակենդանացման բաժանմունքները, ծննդատունն ապահովում է մանկաբարձագինեկոլոգիական բոլոր ծառայությունները, պոլիկլինիկա, որն ունի ընտանեկան բժշկի գրասենյակ:

«Ո՞ր դեպքերում են հիվանդներին ուղեգրում Երեւան» հարցին նա պատասխանում է, որ տրավմաների, վթարների դեպքերում հարկադրված Երեւան են ուղարկում, որովհետեւ չունեն համակարգչային տոմոգրաֆիայի ապարատ: «Սա թանկ սարքավորում է, ո՛չ մենք ունենք, ո՛չ Սեւանի, ո՛չ էլ Չարենցավանի բժշկական կենտրոնները»,- նշում է Լ. Կարապետյանը:

Սարքավորումներից բացի, կենտրոնը մեկ այլ կարեւոր խնդիր ունի` մասնագիտացված բժիշկների պակասը: 430 հոգանոց անձնակազմից 100-ը բժիշկներ են, բայց եւս 12 բժշկի թափուր տեղ ունեն՝ քիթ-կոկորդ-ականջի բժիշկ է անհրաժեշտ ե՛ւ մանուկների, ե՛ւ մեծահասակների համար, ռենտգենի, կենսաքիմիական լաբորատորիայի բժիշկ, մանկական սրտաբան, ռեանիմատոլոգ, թոքախտաբույժ, ընդունարանի բժիշկ, վիրաբույժ եւ այլն:

Նշված հաստիքները վաղուց են թափուր: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով` կենտրոնում աշխատանքային լավ պայմաններ են ապահովում մասնագետների համար, լավ աշխատավարձ՝ 150 000 դրամ եւ զարմացած է, որ երեւանցի բժիշկները չեն արձագանքում մրցույթների հայտարարություններին:

Լիլիա Կարապետյանը մասամբ համաձայնեց շտապօգնության ծառայության վերաբերյալ բնակիչների դժգոհություններին: Հայտնեց, որ թեեւ շտապօգնության 4 մեքենա ունեն, բայց սպասարկումն իրականացնում են մեկ բրիգադով: «Հերթապահում ենք մի մեքենայով, մեկ բրիգադի պահպանման ծախսը տարեկան 40-50 մլն դրամ է, ֆինանսավորում չունենք, այդ պատճառով երկրորդ բրիգադ չենք կարող պահել»,- ասում է տնօրենի պաշտոնակատարը:

Շտապօգնության 4 մեքենաներից մեկն է հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, որը հիմնականում օգտագործում են հիվանդներին Երեւան տեղափոխելու համար: Նրա խոսքով` սպասարկման տարածքը մեծ է եւ չեն հասցնում բոլոր կանչերին ժամանակին արձագանքել. «Փորձում ենք կանչերն ըստ առաջնահերթության սպասարկել, օրինակ` Հրազդանից-Հանքավան 17 կմ է, գնալ-գալը բավականին ժամանակ է խլում, այդ ընթացքում այլ կանչերին հնարավոր է ուշացումով արձագանքեն»:

Բժշկական կենտրոնը, պետպատվերի շրջանակում, Հրազդան քաղաքում սպասարկում է մոտ 41 հազար բնակչության, մոտավորապես 14-15 հազար հոգի էլ հարակից գյուղերի՝ Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր համայնքների բնակիչներն են (Մեղրաձորում ընդգրկված է 6 գյուղ՝ Քաղսի, Աղավնաձոր, Մարմարիկ, Հանքավան, Արտավազդ, Փյունիկ): Հանգստի սեզոնին այդ թիվը զգալիորեն մեծանում է՝ ի հաշիվ Ծաղկաձորում, Հանքավանում, նաեւ Սեւանում հանգստացողների, եւ, բնականաբար, շտապօգնության նույն տեխնիկայով եւ նույն անձնակազմով ժամանակին եւ որակյալ սպասարկում հնարավոր չէ ակնկալել:

Լ. Կարապետյանն անցյալ տարվա նոյեմբերից է աշխատանքի անցել «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որպես տնօրենի պաշտոնակատար: Մինչ այդ, 17 տարի աշխատել է Մեղրաձորի բժշկական ամբուլատորիայում եւ ասում է, որ այդ տարածքում տարածված հիվանդություններն են՝ զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, սրտամկանի ինֆարկտը եւ ուռուցքները, որոնք շատացել են, հատկապես Մեղրաձորում (այստեղ ոսկու հանքավայր է գործում-Ս·Պ·): 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։