HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծիածան համայնքի աղբը մաքրվել է. մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետն արձագանքեց «Հետք»-ի հոդվածներին

Այսօր Արմավիրի մարզխորհրդի նիստ էր: Մարզպետարանի վարչության պետերը հերթով ներկայացրին իրենց ոլորտին վերաբերող զեկույցներ, բարձրաձայնեցին դժվարությունների և խոչընդոտների մասին:

Երբ քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը զեկույցով անդրադարձավ մարզում աղբահանության ընդհանուր վիճակին, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ այսօր առավոտյան ծանոթացել է այդ թեմայով «Հետք»-ի հրապարակած երկու՝ «Հանձնարարականը տրվել , ֆինանսավորումը՝ ոչ. Հայաստանը «մաքրելու» չկատարված հանձնարարականը» և «Ծիածան գյուղում Քասախ գետի տարածքը դարձել է աղբավայր» հոդվածներին:

«Այո, Արմավիրում կան 5 աղբավայրեր, որոնք չեն փակվել: Պատճառն այն է, որ այդ համայնքներն ինքնուրույն, իրենց միջոցներով ի վիճակի չեն աղբը մաքրել: Համապատասխան նախագիծ ենք ներկայացրել կառավարություն և սպասում ենք կառավարության որոշմանը, բոլոր չափագրումներն ու հաշվարկներն արված են, թե որքան գումար պետք է հատկացվի: Համոզված եմ, որ մոտակա ժամանակներս գումարները կհատկացվեն և աշխատանքներն իրականություն կդառնան»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:

Մարզպետը համայնքապետերին հորդորեց և նրանցից պահանջեց, որ այն վայրերում, որտեղ աղբ է թափվում, թեկուզ մեկ ամսով պահակի կարգավիճակում վճարովի աշխատող պահեն, որպեսզի նա արձանագրի, թե ով է աղբը թափում չնախատեսված վայրերում:

«Թեկուզ նա չմոտենա, ավտոմեքենայի համարները գրանցի, կամ ինչ-որ տվյալներ լրացնի և փոխանցի համայնքապետերին: Դրա հիման վրա ակտեր կազմվեն ու աղբ թափողին տուգանեն, հեռուստատեսությամբ էլ ցույց տան, կտեսնեք, թե ինչ էֆեկտ կունենա»,- հավելեց Ա. Ղահրամանյանը:

Նշենք, որ «Հետք»-ի հրապարակումից հետո Ծիածան համայնքի ղեկավարն այսօր տեխնիկայի օգնությամբ հեռացրել էր Քասախ գետի ափին կուտակված աղբը, և տարածքում կատարվում էին մաքրման աշխատանքներ:

Հոդվածի հրապարակման ժամանակ և հետո

Աշոտ Ղահրամանյանը համայնքապետերին հորդորեց, որ համայնքային բյուջեներն այնպես պլանավորեն, որ աղբահանության համար հավաքվող վարձավճարներն այդ նպատակով իրականացվող ծախսերից պակաս չլինեն: Եթե որևէ համայնքում նման անհամամասնություն կա, ապա պետք է առաջիկա ավագանու նիստի ժամանակ հարցը կարգավորեն:

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ասաց, որ այդ հարցը չի կարող կարգավորվել, քանի որ այդ նպատակով նախատեսված գումարները տարին մեկ անգամ են հաստատվում, և օրենքը դրան կրկին անդրադառնալու հնարավորություն չի տալիս:

Քաղաքապետն ասում է, որ ուսումնասիրել է, և համայնքների 97%-ի դեպքում հավաքագրված գումարներն ու կատարված ծախսերը հավասար չեն եղել:

Ռուբեն Խլղաթյանը

«Իմ մեքենաները 50-60 տարվա մեքենաներ են: Հետո մարդիկ հացի կարիք ունեն, Արմավիր քաղաքում չի հավաքվում այդ 100 դրամ գումարը: Բացի այդ, շատ տներ կան, որ այսօր փակ են, մարդիկ գնացել են, բայց հաշվարկի ժամանակ ներկա են եղել: Սա բիզնես չի, մոլիբդենի գործարան չի, որ պղինձը հանեմ տանեմ ծախեմ: Սա ծառայություն է»,- ասաց Ռուբեն Խլղաթյանը:

Արմավիրի քաղաքապետն ասաց, որ առաջիկայում ժողով կհրավիրի, թող մարզպետարանի ներկայացուցիչը գա և բնակիչներին հայտարարի, որ վարձավճարի չափն ավելանալու է:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հավելեց, թե այդ մասին քաղաքապետը պետք է մտածեր մինչև բյուջեի հաստատումը:

Ռուբեն Խլղաթյանն ասաց, որ չհավաքված բյուջեի 50-60%-ը խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների, նախկին պատգամավորների պատճառով է, նրանք չեն վճարում: Համայնքապետը նշեց, որ դատական գործեր ունեն, որ 2 տարվա ընթացքում չեն կարողանում համայնքային բյուջե բերել մոտ 300 000 դրամ, դատարանները գործի լուծումը ձգձգում են:

«Փաթեթներով գործեր կան, հո ամբողջ ժողովրդին չեմ բռնելու դատի տամ»,- հավելեց համայնքապետը:

Քաղաքապետի ակնարկած «նախկին պատգամավորը» Ռուստամ Գասպարյանն է: «Հետքն» անդրադարձել է Արմավիրի քաղաքապետարան-պատգամավոր դատական վեճին: Արդեն նախկին պատգամավորը չէր վճարել իր թանկարժեք ավտոմեքենաների գույքահարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter