HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն Գյումրու գերեզմանատանը հայտնաբերված խախտումների մասին միջնորդություն է ներկայացրել քաղաքապետարան

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Կոմիտեն մանրամասնում է, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2017թ. օգոստոսի 22-ին այցելել է ընտանեկան գերեզմանոց և պարզել, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրի քաղաքի բնակչուհու ընտանեկան գերեզմանոցի տարածքը «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ կողմից 2016թ. հոկտեմբերին հատկացվել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաև հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաև գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ (ծառուղի, հատված, շարք) և հատակագծեր:

ՓԲԸ-ում պահպանվում են միայն հուղարկավորությունների հաշվառման գրանցամատյանները, որոնցում չեն նշվում հատկացված գերեզմանի կոնկրետ տեղը, շարքը, հատակագիծն ու ծառուղին:

Մինչդեռ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը և գերեզմանի վկայականի ձև սահմանելու մասին (որոշում թիվ 1910-Ն), ինչը վավերացվել է նախագահի կողմից 2007թ. հունվարի 22-ին:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից Գյումրու քաղաքապետարանին միջնորդվել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Գյումրու նշված փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկող գերեզմանատներում իրականացնել գերեզմանատեղերի հաշվառում, հատակագծերի և գերեզմանների վկայականների տրամադրում, դրանց վերաբերյալ հաշվառման մատյանների վարում, դրանց պահպանություն: Բացի այդ, առաջարկվել է  քննարկել կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացրած աշխատանքներում բացթողումներ և թերացումներ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter