HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերդի համայնքապետը սերմացու է գնել և պարտավորությունը չկատարելու հետևանքով հայտնվել է դատարանում

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը հայտնվել է դատարանում։ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը  հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ համայնքապետից պահանջելով 798 հազար դրամ:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի և Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև 2016թ. կնքվել է էլիտար սերմ գնելու պայմանագիր: Մանուչարյանին հատկացվել է տեղական սերմ արտադրողներից ձեռք բերված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 2100 կգ սերմացու:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Հարություն Մանուչարյանին սերմացուն հատկացվել է Կառավարության 2015թ. օգոստոսի 31-ի «Տեղական սերմարտադրողների և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուների ձեռքբերման և բաշխման գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 1001-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հարություն Մանուչարյանի հետ կնքված պայմանագրի համաձայն, վերջինս պարտավորվել է մինչև 2017թ. օգոստոսի 31-ը կրկնակի չափով՝ 4200կգ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնել ՊՈԱԿ-ին:

Վլադիմիր Մանուկյանը տեղեկացրեց, որ կողմերի միջև կնքված պայմանագրով աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի 1կգ արժեքը՝ ներառյալ տեղափոխման և այլ ծախսերը կազմել է 190 դրամ, իսկ կրկնակի վերադարձման պայմանով՝ 380 դրամ:

ՊՈԱԿ-ի տնօրենը, դարձյալ հիշատակելով կնքված պայմանագիրը, նշեց, որ հատկացված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ընդհանուր արժեքը կազմել է 798 000 դրամ (380x 2100կգ):

Հարություն Մանուչարյանը չի կատարել պայմանագրային պարտավորությունները և այդ հիմքով «Սերմերի գործակալությունը» փետրվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ համայնքապետից պահանջելով 798 000 դրամ:

Այս գործով առաջին դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 8-ին:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դատական կարգով գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել նաև Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Վերջինս, խախտելով պայմանագրի կետերը, ՊՈԱԿ-ին պետք է վերադարձնի 1 մլն 140 հազար դրամ: Այս գործն էլ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը այս տարի գումարի բռնագանձման պահանջով արդեն 9 հայցադիմում է ներկայացրել տարբեր քաղաքացիների դեմ: Նախորդ տարիներին հարուցված դատական գործերի թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Մարզպետարանները՝ դատարաններում

Դատարաններում պատասխանողների կարգավիճակում հայտնվել էին նաև մարզպետարանները, որին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: 2012-2017 թվականների ընթացքում Հայաստանի մարզերին տրամադրվել էր 10 սորտի՝ «Կոլլեգա», «Վասսա», «Գրոմ», «Գրացիա», «Բատկո», «Կրասնոդարսկայա 99», «Տանյա», «Նոտա», «Եսաուլ», «Յուբիլեյնայա 100» մոտ 12,966 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուի 1 կիլոգրամի գինը եղել է 160 դրամ:

Գյուղատնտեսության նախարարության գրության հիման վրա բոլոր մարզպետարանները ներկայացրել էին իրենց մարզում առկա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի վճարունակ պահանջարկը: Դրանից հետո, կառավարության որոշման հիման վրա, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը պայմանագրեր է կնքել մարզպետարանների հետ, և սերմացուն տրամադրվել է մարզպետարաններին: Համայնքների շահառուներին սերմացուների հետագա բաշխման և հսկողության գործառույթները վերապահվել են մարզպետարաններին: Վերջիններս սերմացուն հատկացրել են համայնքների բնակիչ շահառուներին, սակայն վերջիններս ժամանակին գումարները չեն փոխանցել և մարզպետարանները հայտնվել են դատարանում:

Գեղարքունիքի մարզպետարանի դեմ, հօգուտ «Սերմերի գործակալության», դատարանն արդեն վճիռ կայացրել է:

Դատարանը որոշել է Գեղարքունիքի մարզպետարանից հօգուտ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել՝ ընդամենը 5,055,100 դրամ գումար, որից՝ 3,201,000 դրամը որպես աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, իսկ 1,854,100 դրամը՝ գարնանացան գարու և առվույտի սերմացուի դիմաց պարտքի գումար: Սկսած 2016թ. նոյեմբերի 12-ից մինչև պարտավորության դադարման օրը 3,201,000 դրամ գումարին հաշվեգրել և մարզպետարանից հօգուտ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի բռնագանձել տույժ յուրաքանչյուր օրվա համար չփոխանցված գումարի 0,05%-ի չափով:

Բացի այդ, 2016թ. փետրվարի 18-ից սկսած մինչև պարտավորության դադարման օրը 1,854,100 դրամ գումարին հաշվեգրել և մարզպետարանից հօգուտ ՊՈԱԿ-ի բռնագանձել տույժ յուրաքանչյուր օրվա համար չփոխանցված գումարի 0,05%-ի չափով: Այս գումարներին ավելացել է նաև Գեղարքունիքի մարզպետարանից հօգուտ պետական բյուջեի գանձման ենթակա տուրքերը:

Տավուշի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզպետարանների դեմ դատական գործերի քննությունը շարունակվում է: Շիրակի մարզպետարանի դեմ ներկայացված հայցադիմումից ՊՈԱԿ-ը հրաժարվել է, և գործը՝ կարճվել: Վայոց ձորի մարզպետարանը հաշտության համաձայնագիր է կնքել և պարտավորվել է փուլ առ փուլ մարել պարտքը:

Լուսանկարում Հարություն Մանուչարյանն է։

Մեկնաբանություններ (1)

Haykaz
Աշխարհով մեկ գոռում են թե օժանդակում ենք մեր գյուղացուն, իսկ իրականում չլսված ու չտեսնված վաշխառություն է իրականացվում: Մեկի դիմաց երկուս են վերցնում, այսինքն փաստորեն տարեկան 100% - ով պարտք են տալիս! Ամենաանխիղճ բանկի շահը վարկի դիմաց (ՀՀ - ում չէ իհարկե) 5-6 % -ը չի անցնում: Եւ նույնիսկ ՀՀ օրենքով վարկի տոկոսների սահմանափակում գոյություն ունի, որի գերազանցումը ՀԱՆՑԱՆՔ է! Ինչ տարբերություն կիլոյով են հաշվում թե փողով, կամ անորակ ու անպիտան ցորենը տալիս են եւ դիմացը փողի պահանջ դնում: Իսկ եթե իրենց տված զիբիլը չի ծլում ու բերք չի տալիս, գյուղացուն ով է փոխհատուցում, ինչու չի երաշխավորվում? Միթե մի գրագետ իրավաբան չկա?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter