HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Վիգեն Բաբայան

սկիզբը

Վիգեն Ասատուրի Բաբայանը ծնվել է 1940 թ., Երեւան քաղաքում: Մինչեւ կալանավորվելը եղել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող:

«Հանուն Հայրենիքի» խմբի գործով 1969-ին դատապարտված Ասատուր Բաբայանի որդին է: Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմը, որ գաղտնի կերպով արեւմուտք էր ուղարկվել, տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում եւ Փարիզում հրատարակվող «Հայաստան» թերթում։ Այս հանգամանքը հետագայում հիմք է ծառայել նրան ներկայացված մեղադրանքների համար։ Դատարանի դահլիճում Բաբայանը հայտարարել է, որ այդ պոեմը իր հայացքների արտահայտումն է, որոնցից նա հրաժարվել չի պատրաստվում։

1968թ․ կազմավորված «Հանուն Հայրենիքի» խմբի տպագրած 38 էջանոց ամսագրի համար որպես բնաբան էր ընտրել Վիգեն Բաբայանի այս պոեմից մի քառատող։   

Նա կազմակերպել եւ ղեկավարել է Հայ երիտասարդական միության (ՀԵՄ) կազմակերպական կառույցի մեջ մտնող առանձին գործող խմբակ: ՀԵՄ-ի գործունեության ողջ շրջանում նա եղել է այդ կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը։ Զբաղվել է խմբի այլ անդամների գրած, սփյուռքահայ մամուլում հրապարակված, ինչպես նաեւ իր սեփական ստեղծագործությունների բազմացմամբ եւ տարածմամբ։

Վիգեն Բաբայանը Մերուժան Հովհաննիսյանի հետ համատեղ գրել, ապա բազմացրել ու տարածել է Անատոլի Սկաչկոյի 1921թ․ գրած հակահայկական` հանուն Թուրքիայի հետ բոլշեւիկյան Ռուսաստանի բարեկամության Հայաստանի շահերը Թուրքիային զիջելու առաջարկ- հոդվածի պատասխանը։ Այդքան ուշ՝ 42-43 տարի անց է այդ հոդվածը ստանում իր պատասխանը, որովհետեւ սովետահայ հանրությանն այն, ըստ էության, անհայտ էր։ Միայն 1960-ականների առաջին տարիներին են Սկաչկոյի այդ հոդվածի մասին տեղեկանում հայ ազատամիտները՝ Լիբանանում հրատարակվող «Նաիրի» շաբաթաթերթից, որը զարտուղի ճանապարհներով ձեռք էին բերել։

Վիգեն Բաբայանն է բազմացրել ու տարածել «Մայիսի 28-ը» հոդվածը եւ պետանվտանգության կոմիտեի կողմից հակախորհրդային եւ ազգայնական որակված Մերուժան Հովհաննիսյանի հեղինակած «Հայկական դատի 85 տարին» վերնագրով նյութը։ Բաբայանը, Մերուժան Հովհաննիսյանը  եւ Կարապետ Քիրամիջյանը միասին մեկնել են Ստեփանակերտ, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ու նախաձեռնել են Արցախում ազգային-հայրենասիրական կառույց ստեղծելու գործը:

Կազմակերպված հավաքույթներում ունեցած իր ելույթներում Բաբայանն առաջարկել է ազգային խնդիրներ ու պահանջներ առաջ քաշող 50 000-անոց ցույց կազմակերպել Երեւանում,  ինչը 1964թ․օգոստոսին նրա ու նրա ընկերների նկատմամբ կայացած դատավճռում հեգնական տոնով «ավանտյուրիստական բնույթի միտք» է որակվում։ Բայց դատավճռի հրապարակումից ընդամենն ութ ամիս անց Երեւանում կայացավ 1965թ․ ապրիլյան ցույցը, որին մասնակցում էր անհամեմատ շատ ավելի մարդ, քան կերազեր Վիգեն Բաբայանը։ Այս ցույցը կարող է համարվել «Յոթ հայրենասերների» գործունեության լավագույն գնահատական եւ դատապարտման պատասխան։

Բաբայանը կալանավորվել է 1963թ. դեկտեմբերի 29-ին, երբ 23 տարեկան էր: Նա խմբի կալանավորված անդամներից ամենաբարձր պատժաչափ ստացածներից մեկն էր՝ դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում։

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Աշխատել է «Ծիածան» ռադիոկայանում: Մինչեւ այս գործով դատապարտվելը Վիգեն Բաբայանը 1957թ․ 17 տարեկանում եւս մեկ անգամ 2 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել էր։ Պատճառն անզգույշ սպանությունն էր։ Շատ ցավալի դեպք էր տեղի ունեցել։ Ընկերներով տանը, պատանեկական հետաքրքրությունից դրդված, ուսումնասիրել էին Բաբայանի հորը պատկանող ատրճանակը, որից պատահաբար արձակված կրակոցից սպանվել էր դասընկերը։

1970-ական թվականների վերջում նա կարողացավ Խորհրդային Հայաստանում բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու հրապարակել։ 1981-ին տեղափոխվեց ԱՄՆ` մշտական բնակության: Աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում: Բանաստեղծությունների ժողովածուների ու թարգմանությունների հեղինակ է: Շատ թարգմանություններ ունի ռուս բանաստեղծներից, այդ թվում՝ Ժուկովսկուց, Լերմոնտովից, Պյոտր Վյազեմսկուց, Ալեքսանդր Բլոկից, անգլիալեզու հեղինակներից թարգմանել է Թոմաս Գրեյ, Ուիլյամ Բլեյք, Ուոլթ Ուիթմեն, Թոմաս Էլիոթ, Էդգար Պո եւ այլն։ Վիգեն Բաբայանի թարգմանությամբ Էդգար Պոի «Ագռավը» ժամանակին հրապարակվել է «Գարուն» ամսագրում։  

Վախճանվել է քաղցկեղից 2004 թ. դեկտեմբերի 16-ին:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter