HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի համայնքապետարանը տուգանել է Գագիկ Ծառուկյանի ընկերությանը

Կապանի համայնքապետարանը տուգանել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը: Ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել ինքնակամ, առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու պատճառով և տուգանվել է  600 հազար դրամի չափով: «Արարատցեմենտին» պահանջ է ներկայացվել դադարեցնել շինարարությունը, մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտը» ցեմենտի աղացման արտադրամաս է ցանկանում բացել Կապանում: Օրեր առաջ գրել էինք այս մասին:  Նախագծի համաձայն՝ այն գործելու է Կապանի բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արևելք՝ օդանավակայանի հարևանությամբ:

Դեռևս նախորդ տարի հոկտեմբերին անդրադարձել էինք այս արտադրամասի շինարարությանը, նշել էինք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ շինարարություն են սկսել, ինչի մասին, դեռևս այն ժամանակ Կապանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ չեն, և որ ընկերությունն իրենց չի դիմել շինթույլտվություն ստանալու համար: Ըստ Աշոտ Հայրապետյանի՝ Ծառուկյանի ընկերությանը տուգանելու որոշումը կայացվել է նոյեմբերի 13-ին:  

Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ին է «Արարատցեմենտը» դիմել համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին ընկերությանը տրամադրվել է թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

Ըստ Կապանի ղեկավարի՝ ներկա պահին ընկերությանը դեռևս շինթույլտվություն չի ստացել, մյուս կողմից՝ տուգանքից հետո շինաշխատանքների շարունակվելու վերաբերյալ, ըստ նրա, համայնքապետարանը տեղեկատվություն չունի: Սա, բնականաբար, տարօրինակ է, քանի որ արտադրամասը գտնվում է քաղաքի սահմաններում՝ բանուկ հատվածում:

Կապանի Գործարանային փողոցի այն հողամասը, որտեղ պիտի լինի արտադրամասը, Ա. Հայրապետյանի փոխանցմամբ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է:  

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Հոդվածը իրականությանը չի համապատասպանում, ապատեղեկատվություն է։ Իրականում Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից թույլտվություն եղել է, որպեսզի Արարատցեմենտ ՓԲԸ-ն իրականացնի ցեմենտի աղացման արտադրամասի հիմնման աշխատանքներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter