HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լենա Նազարյան. «Ես սիրում եմ հաղթահարել իմ բարդույթները»

«Հետք»-ի հարցերին պատասխանել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

- Ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը:

- Ֆեմինիզմն առաջին հերթին կնոջ բացահայտումն է: Վերջին շրջանում հատկապես սարսափած տղամարդկանց շրջանում մոլորություն է տարածված, որ ֆեմինիզմը կանանց ցանկությունն է նմանակել տղամարդկանց՝  և՛ արտաքինով, և՛ վարքով, բայց այդպես չէ: Ֆեմինիզմը կանանց բացահայտումն է, իսկ դա հնարավոր է միայն, երբ կինն ազատ է իր դրսևորումներով, պարտադրված չէ հասարակության կողմից կրել հագուստ, որն ընդունված է, կոնկրետ վարք դրսևորել, լռել, չարտահայտել իր կարծիքը: Այսինքն ազատության այն բոլոր սահմանափակումները, որոնք դրված են կնոջ վրա, սահմանափակում են կնոջ բացահայտումը:

- Հայաստանում շատերի մոտ կա կարծրատիպ, որ կինն ինքնուրույն չի կարող հաջողության հասնել, անպայման պետք է հովանավոր ունենա: Ձեր գնահատմամբ նման ընկալումն ինչո՞վ է պայմանավորված:

- Կարծում եմ, դա այն պատճառով է, որ Հայաստանում ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք չեն հավատում կանանց ուժերին, կանայք իրենք իրենց ուժերին չեն հավատում ու անընդհատ ապավեն ու հենարան են փնտրում, գուցե դրանով է պայմանավորված այդ մտայնությունը: Կարծում եմ` իսկապես խնդիր է, երբ կինն իր ուժերին ապավինելու փոխարեն փնտրում է ուրիշ հենարաններ: Ես կոչ կանեի, որ կանայք առաջին հերթին իրենք իրենց ուժերին հավատան: Իհարկե կարող են փորձել հենարան գտնել, բայց ոչ թե ազդեցիկ մարդկանց նկատի ունենալով, այլ հասարակական խմբերին, ինչու ոչ` կանանց, ովքեր կլինեն սոցիալական հենարան կնոջ համար:

Մեր երկրում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, բայց երբ նայում ես, այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկը միայնակ է. կանայք չեն քվեարկում գաղափարակից կանանց օգտին, չեն բարձրաձայնում իրենց գործընկերուհիների, ընկերուհիների հանդեպ տեղի ունեցած շահագործման, անարդար վերաբերմունքի, նույնիսկ բռնության դեպքերի մասին: Այսինքն կանայք չեն միավորվում, չեն պաշտպանում իրար և դրանով կանայք կանանց հենարանը չեն, մինչդեռ պիտի հակառակը լինի:

- Դուք պնդում եք, որ կանայք միասնական պետք է լինեն ու միմյանց համար` հենարան: Ինչպե՞ս կբնորոշեք այն իրավիճակը, երբ Երևանի ավագանու հայտնի նիստից հետո ավագանու ՀՀԿ խմբակցության կանայք մեղադրեցին «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց:

- Ես հիշում եմ մի մեկնաբանություն Նաիրա Նահապետյանից, որ կինն այդպես չպիտի վարվի, այսինքն նա իրեն իրավունք վերապահեց ասելու, թե ինչպիսին պետք է լինի կինը: Դա կրկին կարծրատիպ է, երբ սկսում են կաղապարների մեջ դնել կնոջը և ասել, թե ինչպես պետք է իրեն պահի տվյալ իրավիճակում: Այդ դեպքերի հետ կապված շատ աննորմալ մտքեր հնչեցին՝ հատկապես կանանց կողմից. ամոթանքի խոսքեր, թե կինն այսպես չպիտի վարվի, կարծես թե իրենք կնոջ էտալոն են իրենց կերպարով, օրինակ՝ բոլոր կանանց համար: Կանայք տարբեր իրավիճակներում կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, կարող են վարվել այնպես, կարծես կռվի դաշտում են:

Լենա Նազարյանը՝ թանկացումների դեմ «Ելք»-ի երթի ժամանակ, 2018 / Նարեկ Ալեքսանյան

- Դուք մինչև պատգամավոր ընտրվելը հասարակական ակտիվ գործունեությամբ էիք հայտնի, տարբեր քաղաքացիական շարժումներում էիք ակտիվ, ինչպես Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարը: Եղե՞լ են իրավիճակներ, երբ փորձել են Ձեր պայքարը կասեցնել՝ ուշադրություն հրավիրելով Ձեր՝ կին լինելու հանգամանքի վրա:

- Այդ տեսակ փորձեր իհարկե եղել են, մասնավորապես՝ եթե կինը փողոց է դուրս գալիս, ձեռքին՝ պաստառ՝ հայտնելու իր դժգոհությունը կամ անհամաձայնությունը, հենց թեկուզ ոստիկանները, ովքեր պետք է ակցիայի հասարակական անվտանգությունն ապահովեն, շատ դեպքերում իրենց իրավունք են վերապահում ասելու, որ ամոթ է, ինչի՞ պետք է կինը դուրս գա փողոց, ձեզ աղջկա պես պահեք:

- Ի՞նչը կամ ո՞վ է առհասարակ Ձեզ գոտեպնդում: Թե՞ ապավինում եք միայն ինքներդ Ձեզ:

- Ես շատ լավ ընկերներ, գործընկերներ ունեմ, ովքեր աջակցում են ինձ նաև իրենց կտրուկ քննադատությամբ, ինչի համար ես շնորհակալ եմ, որովհետև այն ինձ հնարավորություն է տալիս չկրկնել իմ սխալները: Ես շատ պատասխանատու պաշտոնում եմ, պետք է կարողանամ ճիշտ կողմնորոշվել, թեև սխալներն էլ անխուսափելի են, և ցավալի է, որ այդ սխալները տեղի են ունենում հանրության առջև: Այլ մասնագիտության դեպքում մարդիկ կարող են իրենց աշխատանքում սխալներ անել, և ոչ մեկ այդ մասին չիմանա, բայց մեր դեպքում այդպես չէ՝ ամեն ինչ հանրության աչքի առջև է: Ես սիրում եմ ինքս ինձ հաղթահարել, դա իմ բնավորության սիրելի գիծն է: Ես սիրում եմ հաղթահարել իմ բարդույթները, իմ թուլությունները, ինքս ինձ սովորեցնել, այլ կերպ վարվել մի իրավիճակում, երբ նախկինում սխալ եմ եղել, փորձել նմանատիպ իրավիճաներում լինել ավելի պատրաստված և ավելի ուժեղ: Կարծում եմ, հենց ուժն է կանանց պակասում, հավատը իրենց ուժերի նկատմամբ: Բոլոր պարագաներում նրանք մտածում են, որ տղամարդիկ ավելի պատրաստ են ինչ-որ պատասխանատվություն ստանձնել, մինչդեռ ես կարծում եմ՝ հենց կանայք են իրենց հանդեպ ավելի պահանջկոտ, իրենց թերագնահատում են:

Ես ունեմ հուսալի ընկերներ, բայց ինչպես իրենք են ինձ համար ապավեն, այնպես էլ ես իրենց համար պետք է ապավեն լինեմ: Սա է, ըստ իս, հավասարությունը:

Լուսանկարում՝ Լենա Նազարյանը՝ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, 2017 / Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանություններ (1)

Մինաս
«Ելքի» մեջ կրթված ու զարգացած կարգին մարդիկ կան, որոնք փորձում են նոր խոսք ու նոր մշակույթ ներդնել, առանց ծայրահեղությունների (Նիկոլը մի կողմ!) Ափսոս որ դեռ քիչ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter