HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակն - Հագուստ

Հեղինակ՝ Խաժակ Դրամփեան

Այս յօդուածում փորձ է արւում ուսումնասիրել և վերականգնել Ակնի գաւառակի՝ տարբեր ժամանակաշրջաններում գոյութիւն ունեցած տարազային համալիրները: Դրանք պարբերաբար ենթարկուել են փոփոխութիւնների` պայմանաւորուած բնակչութեան գաղթերով ու տեղաշարժերով, հարեւան ազգային կամ կրօնակամ խմբերի հետ փոխազդեցութիւններով և այլն:  Ակնի գաւառակի տարազի վերաբերեալ պահպանուած սուղ տեղեկութիւնները կ՚օգնեն աւելի յստակ պատկերացում կազմելու այդ գաւառակի կեանքի, կենցաղի, բարքերի ու սովորութիւնների մասին: 

Պատմական Հայաստանի խոշոր կենտրոններից՝ Վասպուրականից և Անիից Ակն տեղի ունեցած գաղթից յետոյ (ըստ Առաքել Քեչեանի՝ 1021 և 1300-1321 թթ համապատասխանաբար) այդ կենտրոնների հայ ազգաբնակչութիւնն իրենց հետ բերեցին նաև իրենց ինքնատիպ տարազները, որոնք որոշ ժամանակ պահպանուեցին Ակնում: Հետագայում, սակայն, ակնեցիները վերոնշեալ փոխազդեցութիւնների հետևանքով մեծապէս օտար ազդեցութիւն են կրել:

Կոնստանդնուպոլսի գրաւումից յետոյ, երբ ակնեցիներն սկսեցին աւելի յաճախ մեկնել Պոլիս և Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքում զբաղեցրին բարձր պաշտօններ, կենցաղից կամ պաշտօնից ելնելով սկսեցին ընդօրինակել Պոլսի տարազն  ու կրել պաշտօնական հագուստ: 

Այդ տեսակ հագուստը ներառում էր տափակ օձիք կամ եզերաւոր բաճկոն, շալվար, հերմանի (երկար թիկնոց), ջիւպպէ (մահուդից կարուած շրջազգեստ) և մուշտակ: Գլխի յարդարանքը սովորաբար բաղկացած էր փակեղից կամ գաւուգից (գլխի ծածկ), մէջքին գօտի էր, իսկ ոտքերին՝ մեսթ կամ լափչըն (կիսակօշիկ), որոնք հետագայում դարձան փոթին գալոշ (կրկնակօշիկ): Նոյնկերպ և բաճկոնն ու շալվարը վերածուեցին եւրոպականացուած ստանպոլինի (սերթուկի տեսակ), ռետինկոթի (տղամարդկանց երկար ու լայն հագուստ) կամ բոնժուրի (այցելազգեստ), իսկ գաւուգն ու փակեղը՝ օսմանական ֆէսի:

Ակնի աւանդական տարազային համալիրը

Այսպիսով, Ակնում գոյութիւն ունէր երկու տեսակի տարազ՝ Պոլսից բերուած պաշտօնական տարազն ու հին աւանդականը: Վերջինս բաղկացած էր շալվարից, էնթարիից (կանանց և տղամարդկանց երկար վերնազգեստ) կամ զպունից (կանանց վերնազգեստ), վրայից՝ հերմանիից կամ սալթայից (աղջիկների, հարսների, փեսաների կարճ վերնազգեստ), իսկ ձմեռը՝ մուշտակաւոր կամ անմուշտակ ջուպպայից:

Ըստ Քեչեանի՝ ամիրայական շրջանից (16-18-րդ դդ) սկսած ակնեցի տղամարդն աւելի շատ էր կարևորում կնոջ անձն ու տարազը, քան թէ սեփականը: Ակնեցի կինը մօր տնից բերած արժէքաւոր օժիտի հետ տարուայ մէջ տօնակատարութիւնների, ամուսնու վերադարձի և այլ առիթներով հաւաքում էր նոր զարդեղէն ու հագուստ, որոնք հագնում էր երկար տարիներ շարունակ: Դրանք ներառում էին տարատեսակ ծանր մուշտակներ, բրդեայ կամ մետաքսեայ կերպասներից պատրաստուած շրջազգեստներ, ներքնազգեստներ, պատմուճաններ, որոնք յաճախ զարդարուած էին ոսկեթել ասեղնագործ զարդանախշերով: Երբ տիրուհու աղջիկն ամուսնանում էր, նա վերջինիս էր փոխանցում իր զգեստների ու զարդեղէնի մեծ մասը]:

Կնոջ տարազային համալիրը սովորաբար բաղկացած էր հետևեալ տարրերից: Իրանը սեղմող ներքնազգեստը, որի վրայից հագնում էին մետաքսահիւս նուրբ շապիկը: Այն ծածկում էր ամբողջ մարմինը՝ ուսերից մինչև ոտքերը, բացի կրծքի ու թևերի հատուածից: Շապիկի վրայից հագնում էին ծաղկի երանգներով կամ ասեղնագործ ծանր պատմուճանը (վերնազգեստ), որը նույնպէս չէր ծածկում թևերի ու կրծքի հատուածը: Շապիկի փէշերից դուրս էին ցցւում ներքնաշապիկին (տակի շապիկ) կարուած օսլայուած նրբաթել ժանեակների ալիքները, որոնք խառնւում էին պատմուճանի փէշերից դէպի վար ձգուող ասեղնագործուած և մինչև քղանցքները հասնող ոսկեթել զարդանախշերին: Այդ ասեղնագործ հիւսուածքը, որի ամենատարածուած գոյները կարմիրն ու դեղինն էին, սքանչելի տեսք էր հաղորդում կնոջը:

Դեռահասները մէջքին արծաթեայ կամ ոսկեայ նրբահիւս քամար էին կապում: Վրայից հագնում էին ոսկեթել զարդանախշերով եզերուած կարճ մուշտակը, որ ծածկում էր մէջքն ու իրանը, իսկ ցրտաշունչ ձմռանը դրա վրայից ևս հագնում էին սպիտակ կամ կարմիր սամոյրի, սպիտակ կզաքիսի և աղուէսի արժէքաւոր մորթուց կարուած աւելի երկար մուշտակներ:

Մազերի ծայրերին ամրացնում էին ոսկեկիր ծոպեր: Գլխին դնում էին նրբահիւս գդակ, որին ճակատի կողմից ամրացնում էին ոսկիներ, իսկ վրան՝ մարգարտահիւս ծոպեր՝ ոսկեշար ծայրերով և ադամանդազարդ յօրինուածքով:

Ոսկեթելով երիզուած կրծքի հատուածը զարդարում էին նաև ոսկեայ վզնոցով, որ կոչւում էր «հինգ մեկնոց» կամ «հինգ անգամ հինգ մեկնոց» կամ «Մահմուտիէ» (մահմուտիա, մահմուդիա՝ թուրքական հին ոսկէ կլոր զարդարանք, որ կանայք գործ էին ածում շերիտի մէջ՝ ճակատը զարդարելու համար), «ֆընտըգ (մեկ քառորդ ոսկէ մանրադրամ) ոսկի»: Այն ադամանդի աստղով ամրացւում էր զգեստի ոսկեթել երիզին: Ականջները զարդարում էին ոսկեայ կամ ադամանդէ օղերով, մատները՝ ծանր մատանիներով, որոնցից իւրաքանչիւրն իր պատմութիւնն ունէր (նուէր էր հօր կամ ամուսնու կողմից, ովքեր  գնել էին այն Պոլսից վերադառնալիս, նշանադրութեան կամ հարսանիքի առիթով և այլն):

Սակայն ժամանակի ընթացքում, երբ ամիրայութիւններն իրենց տեղը զիջեցին էսնաֆութիւններին (այսպես էին կոչւում համքարութիւնները Օսմանեան կայսրութեան մէջ, արաբ. էսնաֆ՝ արհեստաւոր, տնայնագործ) ակնեցիներն իսկոյն զգացին կեանքի բեռի ծանրութիւնն ու դարձան աւելի ինքնամփոփ: Այդ հանգամանքների բերումով նրանք սկսեցին չափաւորել նախկին շռայլութիւններն ու փոփոխութեան ենթարկել որոշ կարգեր:

Ակնի տարազային համալիրները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

1870 թ. յետոյ, երբ նոր սերունդը տոգորուած էր ազգային Զարթօնքի գաղափարներով, յաճախ էին բեմադրւում ներկայացումներ` ներկայացնելու հայ ազնուականների կեանքն ու կենցաղը, նաև՝ ազնուականութեան տարազի նմուշները, որոնք բաւական սիրուած էին ակնեցի կնոջ կողմից, որովհետև աւելի համեստ էին և պատշաճ իրենց նկարագրին: Թերևս այդ էր պատճառներից մէկը, որ հետագայում թուրքական պալատական տարազները կրկին իրենց տեղը զիջեցին աւանդականին:

Սակայն 1870-1900 թուականներին աւանդական տարազը ենթարկուեց նոր փոփոխութիւնների: 19-րդ դարի սկզբին եւրոպական տարազի և բարքերի ներմուծմամբ փոխուեցին նաև մարդկանց հայեացքներն ու մտածելակերպը: Յատկապէս երբ կանայք սկսեցին գումար վաստակել, փոխուեց նաև նրանց վերաբերմունքը հին թանկարժէք տարազներ և զարդեղեն գործածելու նկատմամբ, միւս կողմից էլ, հետևելով արտագաղթող հայրենակիցների խորհուրդներին, սկսեցին ընդօրինակել եւրոպական տարազը:

Ըստ Յակոբ Ճանիկեանի՝ 19-րդ դարի վերջին Ակնի տղամարդկանց տարազային համալիրը բաղկացած էր սև գալբագից (փոքր կաթսայի ձևով բարձր գլխարկ), չաշղըրնից (չուխայից պատրաստուած շալվարի տեսակ), գօտուց, ջուպպայից և մեսթ-փապուճից (բարակ ներբան ունեցող կօշիկ, հողաթափ):

Կանանց տարազային համալիրը կազմում էին թաղնան (աղջիկների գլխարկ Ակնում), խասապան (նորահարսի գլխարկ Ակնում), պարեգօտը (անթարի), մէջքի քեամարը կամ պարսկական ցփսին (այծի մազից գործուած հաստ, կոպիտ գօտի, շատ-գօտի), զանազան մուշտակաւոր վերարկուներ, պիրինճիկից, քաթանից և կարմիր ներկուած կտաւից շապիկ ու ոտից-թերլիկ (ոտնաման): Ճանիկեանը նշում է, որ գալբագը, չաշղըրը, թաղնան, խասապան ու կարմիր շապիկը գործածութիւնից դուրս էին եկել դեռևս 40-50 տարի առաջ և երկար ժամանակ է, ինչ չի հանդիպել դրանց գործածութիւնը:

Ըստ Ճանիկեանի՝ տղամարդկանց 50%-ի զգեստը ֆէսն էր, Փերիայի (հայաբնակ գաւառ Իրանի Սպահան նահանգում) և այլ վայրերի մետաքսից կամ Փերիայի, Այնթապի և մեծաւմասամբ Ակնում գործուած մանուսայից գործուած պարեգօտն (անթարի) ու բաճկոնը, չուխայից վերարկուն, պարսկական բրդից, այլ վայրերում կամ Ակնում գործած գօտին, բարակ կտաւէ շապիկը, Ակնում կարուած մուճակը (փապուճ), որի կաշին բերուած էր Զիլէից, իսկ սեկը (սովորաբար այծի մորթուց պատրաստուած՝ փափուկ՝ զանազան գոյներով ներկուած բարակ նուրբ կաշի)՝ Խարբերդից, Արաբկիրից, Սեբաստիայից և այլ քաղաքներից: Մեշինը (ոչխարի փափուկ կաշի) պատրաստւում էր կամ Ակնում կամ ներկրուած էր դրսից:

Շատերը հագնում էին լեղակով (կապոյտ ներկանիւթ, որ ստացւում է Հնդկաստանում աճող լեղակէնի կոչուող բոյսից) ներկուած կտաւէ շալվարներ, իսկ հարուստներն ու Պոլիս և այլ նշանաւոր քաղաքներ գնացողները՝ հիմնականում եւրոպական հագուստ, մասնաւորապէս սեթրի (վերարկու), փանթալոն (տաբատ), փոթին (կամ փոթիկ՝ կօշիկ), գալոշ և այլն:

Ճանիկեանը նշում է, որ ծերերից լսել է, թէ հնում կանայք հագել են «չոպան-եագա» (հովուական օձիք) կոչուած մի տեսակ մուշտակ, որը ներսից և դրսից մուշտակապատ է եղել, բացառութեամբ առաջին և հետևի կողմերի մի քանի հատուածների, ուր երևում էր կերպասը: Թաղնայի ու խասապայի վերանալուց յետոյ կանայք գլխին թաղիք (քեչէ կամ քեչա) էին հագնում: 

Թաղիքը սովորաբար իրենից ներկայացնում էր կնոջ գլխի չափով, ուղղաձիգ եզերքով և կլոր գագաթով մի թաղիք, որ մէջից պատուած էր աստառով, իսկ դրսից՝ ֆէսով: Գլխարկի առաջին մասից դէպի դրա եզրերը տարածւում էր սև մետաքսից ծոպը (փիւսքիւլ), ուր կարուած էին «ճակատ» կոչուող և կիսով չափ երևացող 5, 10 և 20 ղուրուշնոցները (թուրքական ոսկեդրամներ): Գլխարկի ներքևի կողմում 3-4 մատնաչափ լայնութեամբ ծաղկենկար շղարշ (եազմա) էր կապուած: Այդ գխարկն ունէր մէկ ուրիշ շղարշ, որը կէսից եռանկիւնաձև ծալուած էր և գլխարկի գագաթի հետևի կիսագնդից դէպի վար կապուած: Դրա երկու ծայրերը, ծնօտի ներքևից անցնելով միւս կողմը, ասեղով ամրանում էին գլխարկի գագաթին: Այդ շղարշն ունեցել է նաև նուրբ, ճերմակ կտաւ, որ «ներքնակ» է կոչուել:

Ճանիկեանը նշում է, որ այդպիսի կառուցուածք ունեցող գլխարկն օրըստօրէ դուրս էր գալիս գործածութիւնից: 20-30 տարի գործածութեան մէջ եղած ֆէսերը, օրինակ, ունէին առաջից կախուող ծոպ, ճակատ ու եազմա, բայց չունէին ներքևից կապուող եազմա: Դրան կարծես թէ փոխարինելու էր գալիս գլխարկի գագաթից դէպի հետին կողմը կէս կանգուն երկայնութեամբ կախուած ծոպը: Այդ գլխարկները կշռում էին 40-50 դրամ (կամ դրախմա, մէկ դրախման հաւասար էր 3.73 գրամի) և հասնում մինչև ուսերը: 

Ըստ Ճանիկեանի՝ ոմանք արդէն մի քանի տարի առաջ հրաժարուել էին այդ գլխարկների գործածութիւնից, որն իր ծանրությամբ գրեթէ չէր զիջում նախորդներին, և սկսել էին պարզապէս մետաքսեայ եազմա կապել: Տան մէջ, օրինակ, շատերը միայն եազմա էին կապում:

Անդրադառնալով կանացի պարեգօտին՝ Ճանիկեանը նշում է, որ մի քանի տարի էր, ինչ այն իր դիրքերը զիջել էր շրջազգեստին (ֆիստան): Շրջազգեստը սովորաբար կարում էին գոյնզգոյն մետաքսեայ և բրդեայ կերպասներից և Ակնում գործուած մանուսաներից (բամբակեայ գծաւոր կտոր Մանիսա քաղաքի անունով): Դրա վրայից կապում էին իբրև գօտի գործածուող պարսկական շալեր: Շրջազգեստի վրայից հագնում էին զանազան մուշտակներ (մշկապորտ այծեամի, կնգումի, սկիւռի, երինջի և այլ կենդանիների մորթուց պատրաստուած), որոնք երեսպատուած էին եւրոպական բրդեղէն գոյնզգոյն կերպասներով՝ չուխայով, քազմիրով (կերպասի տեսակ) և այլնով:

Ճանիկեանը նաև նշում է, որ հնում կանայք տանից դուրս գալիս հագնում էին չուխայից պատրաստուած լայն վերարկու (պինիշ), որը հետզհետէ դուրս է եկել գործածութիւնից և իր տեղը զիջել ֆերաճէին (ֆարաջա՝ կանացի վերարկու): Վերջինս կարում էին չուխայից, ատլասից և այլ զանազան կերպասներից: Նա նշում է, որ այն ժամանակ կային կանայք, ովքեր սկսել էին գործածել Տիարպեքիրի/Տիգրանակերտի և այլ բնակավայրերի մետաքսեայ գոյնզգոյն վերարկուները (չարշաֆ): 

Ոմանք օգտագործում էին ֆերաճէն երեսը ծածկելու համար: Սակայն, ըստ Ճանիկեանի, այդ ժամանակ արդէն երեսը ծածկելու սովորութիւնը վերացել էր, և անգամ կային տարեց կանայք, որոնց համար ամօթ չէր առանց ֆերաճէի եկեղեցի գնալ կամ այցելել բարեկամներին:

լուսանկարում՝ Ակն, մօտ 1889 թ.։ Ձախից աջ՝ Մարգարիտ Ժամկոչեան, Մարգարիտի մայրը (անունը անյայտ), գրկում՝ Էլիզա Ժամկոչեան (Աւետիս և Ագապի Ժամկոչեանի դուստրը), Ագապի Ժամկոչեան (Աւետիսի կինը) (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։

շարունակութիւնը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter