HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Փարիզյան ճեմուղին անվանակոչվեց Զապել Եսայանի անունով

«․․․ Պիտի հասկնա՞ն զիս, գոնէ պիտի գտնուի՞ մէկը,
որ իր ճիշդ արժէքով գնահատէ կամ քննադատէ գործս։
Պիտի հասկնա՞ն գոնէ այսքանը, որ իմ թերութիւններս դիպուածի
կամ անփութութեան արդիւնք չեն,
ալ որոշ անհաղթահարելի տրամադրութեան հետեւանք»։
Զապէլ Եսայեան (1878-1943*)

Դեռ անցյալ տարի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ելույթ ունենալով ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, նշել էր, որ Փարիզի փողոցներից մեկն անվանակոչվելու է 20-րդ դարասկզբի հայ գրող, հրապարակախոս եւ թարգմանչուհի Զապել Եսայանի անունով։

Կանանց իրավունքների միջազգային օրվա կապացությամբ երեկ Փարիզի Հանրապետության պողոտայի եւ Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվականոչվեց գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զապել Եսայանի անունով (ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան բուլվարի կենտրոնական հատվածով)։

Այս լուրը նախորդ օրերին խառնվել էր լրահոսի բազմաթիվ այլ լուրերի՝ մանավորապես կանաց իրավունքների միջազգային օրվա առիթով նախագահի շնորհած երախտագրերի եւ մեդալների վերաբերյալ։ Ուզում էի ուղղակի գրել Փարիզում տեղի ունեցածի մասին եւ հրապարակել օրվա լուսանկարներից մեկը, հետո լրահոսի մեջ խճճվեցի, բուռն քննարկումներին հետեւեցի ու արդեն կեսգիշերին վերցրի 1959թ․ հրատարակված Զապել Եսայանի երկերն ու սկսեցի նորից կարդալ։

Մտածեցի՝ ինչ-որ առումով հենց այստեղ կարելի է պատասխաններ գտնել, տեղափոխվել ուրիշ մասշտաբի մեջ, դուրս մղվել մեր իրականության «վիճահարույց» մեդալակիրների թոհուբոհից։

Մի քանի գործերի վերընթերցումից հետո սաստիկ ցանկություն ունեի (ամեն ընթերցումից հետո նույն ցանկությունն է) Եսայանին մի քանի հարց տալու։ Որոշեցի դեռ նախորդ տարի ընդգծածս հատվածներն ընկալել որպես պատասխաններ ու տեղադրել լուրին կից (երկրորդ ընթերցումից հետո դրանք ընկալել եմ նամակ-խոստովանության պես)։

Այդպես էլ կանեմ։

***

«Այն ժամանակ հազիվ տասը տարեկան էի։ Մենք կբնակեինք Սկյուտար, միահարկ, խարխլած ու փայտաշեն տուն մը, որ կգտնվեր Բյուլբյուլ Տերեսիի վերեւը երկարող տուներու մեջ։ Ամառ թե ձմեռ ձորին մեջն կթավալեր թանձր ու մթագույն աղբը, դանդաղ ընթացքով։ Չեմ գիտեր ինչու՞ այդ գարշահոտ եւ բաց կոյուղին, որին անունով կկոչվեր թաղը, կկրեր այդքան բանաստեղծական անուն։ Թերեւս միայն այն պատճառվ, որ ձորեն անդին կտարածվեր թրքական գերեզմանատունը եւ որուն մշտադալար եւ տխրատեսիլ նոճիներուն մեջ բույն դրած էին սոխակներ։

Իմ մանկությունս անցած է այդ ձորին վերեւի ափունքներուն վրա։ Թաղին բոլոր երեխաները դեռ օրորոցեն շնչած են այդ գարշահոտությունը։ Ավելի ուշ անոնք կաճեին եւ կմեծնային պղտոր խոնավությունով թրծված զառիթափներուն վրա, որոնց նույնիսկ սեպ դարվարները ընտանի դարձած էին մեր ճապուկ քայլերուն։

Ամառվան մեջ, երբ հարավային քամին կփչեր, մեծերը երեսները կթթվեցնեին եւ իրարու կըսեին լոտոս է։ Այդ բառը ինձ սարսափ կպատճառեր, այդ օրերուն մայրս ավելի սրտնեղ կդառնար, հորս մարած աչքերը ավելի կհուսահատեին, եւ չնչին պատճառ մը առիթ կըլլար, որ մայրս կատաղությամբ հարձակվեր հորս չքավորության վրա։ Գանգատներ եւ հուսահատական աղաղակներ կպայթեին տանը տրտում մթնոլորտին մեջ, ընդմիջված շառաչուն ապտակներով, որ իմ կամ եղբայրներուս այտերը կընդունեին անտրտունջ․․․»։

(հատված «Կրակե շապիկ»-ից)

***

«Դպրոցին մեջ ամենեն տաժանելի պահը ճաշի ժամն էր։ Ամեն մեկ աշակերտուհի իրեն հետ կբերեր ցերեկվան ճաշը, չքավորները փոքրիկ ծրարներով, որոնց մեջ կար հաց եւ քանի մը ձիթապուղ եւ երբեմն միայն չոր հաց․ կպատահեր, որ այդ չոր հացի ծրարն ալ չըլլար։

Հարուստները իրենց տան ծառայի միջոցով կղրկեին մեծ ափսեներ, երկու-երեք տեսակ կերակուրներով եւ անուշեղեններով։ Ընդհանրապես վարժուհին հրավիրված կըլլար այդ ափսեներեն մեկուն առաջ։ Էսնաֆի տղաքը կունենային մեկ տեսակ կերակուր եւ եղանակին համեմատ միրգ մը։ Կիրակոս աղբարը, դպրոցին տնտեսը, կկատարեր սպասարկությունը անոնց, որ տան ծառա չունեին, իսկ տնտեսուհին, կախարդի երեւույթով պառավ մը, որ կկերակրվեր հարուստներու սակառներու մնացորդներով, կերակուրները կտաքացներ կրակարանին վրա։ Խորտիկներու հոտը, երբեմն խորովածի ախորժաբեր բուրումը կբռներ սեղանատունը։ Անոն որ կերակուր ունեին, իսկ չքավորները կխռնվեին անկյուն մը, հեռու մյուսներեն։

Միշտ այդ ժամին անորոշ անհանգստություն մը կգրավեր հոգիս։ Տարտամորեն կդիտեի քույրս, որ օժտված ուժեղ ախորժակով կսկսեր ճաշել, մինչ ինձ համար ճարպոտ կերակուրներու ճենճի հոտը նողկալի էր։ Ա՜հ, եթե թույլ տային, որ թթու լիմոն մը ուտեի նարինջի պես․․․

Այն ժամանակ դեռ որոշակի չէի կարող դատել կացություններու անհավասարութենե բխող անարդարությունը, բայց տարտամ խղճահարություն մը ինձ կտանջեր, եւ անտարակույս իմ բնավորության մեկ հակասության հետեւանքով կզայրանայի չքավորներու դեմ, որ իրենց ողորմելի երեւույթով ինձ կներշնչեին այդ զգացումը եւ եթե հնարավոր ըլլար, բուռն միջոցով մը կարտահայտեի իմ այդ զգացումս»։

(«Սիլիհտարի պարտեզները», «Դպրոցը» (Բ գիրք), 1935թ․)

***

«Մարդիկ՝ այր թե կին՝ ընդհանրապես այն չեն ներկայանար ինչ որ են իրապես. ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան հաճախ, անգիտակցությամբ է, բայց այդ այդպես է. դեր մը կ’ընտրեն կյանքի մեջ ու այդ դերը կը կատարեն. դերը կ’ընտրեն երբեմն ինքնիրենց, որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ հաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն»

(«Վերջին Բաժակը», հատված (գրված է 1916-ին, հրապարակված՝ 1924-ին)

***

«Այսօր վերադարձա Կ․Պոլիս։ Գարուն է եւ ապրիլի գիշերը իր տենդագին ու բուրումնավետ մթնոլորտով ինձ կհուզե քաղցր խռովքով։ Պաղլար պաշիի իմ հորենական տան մեջ, որ ամայացված է գրեթե, մինակս կեցած բաց պատուհանին առաջ, երկար ժամանակե ի վերջ կմտածեմ։ Մտածել չէ ասիկա անշուշտ եւ ոչ ալ երազել, այլ հոգիս բացած անկայուն եւ անսահմանելլի հուզմունքի մը՝ համրաբար կտոգորվիմ բնության գեղեցկությունով եւ աստիճանաբար հաղորդակցության կմտնեմ անոր հետ։

․․․ Իմ հիշողությանս անկյուններուն մեջ փակված դռներ կբացվին ու անցյալ ժամեր կվերազարթնեն։ Խոսք մը, մոռցված շարժում մը, հորս մեկ ակնարկը ու նույնիսկ առօրյա կյանքի մանրամասնություններ, որոնք վաղուց անցեր ու մոռացվեր են, վերստին կյանք կառնին եւ ոչ թե կանցնին հիշողությանս մեջեն, այլ վերստին ինձ կընծայեն իրենց մեջ բովանդակած տխրությունը կամ ուրախությունը։

․․․ Կարծես իմ կարոտս ու իմ հայրենաբաղձությունս իսկ է այդ մշուշը ու այդ տրտմությունը, որ իր կնիքը դրեր է նաեւ իմ նկարագրիս վրա։ Ես ինքզինքս փնտրեր եմ շարունակ ու տանջվեր եմ փնտրելով, ու իմ հոգեկան գալարումներս դրոշմված են իմ գիծերուս մեջ։

․․․ Պիտի հասկնա՞ն զիս, գոնե պիտի գտնվի՞ մեկը, որ իր ճիշտ արժեքով գնահատե կամ քննադատե գործս։ Պիտի հասկնա՞ն գոնե այսքանը, որ իմ թերություններս դիպվածի կամ անփութության արդյունք չեն, ալ որոշ անհաղթահարելի տրամադրության հետեւանք»։

(«Հոգիս աքսորյալ», հատվածներ, 1919թ․ )

 

Հ․Գ․ 1943-ը Զապել Եսայանի մահվան ենթադրելի տարեթիվն է․ վարկած կա, որ մահացել է հենց այս թվականին Բաքվի բանտերից մեկում։ Նախաբանի տեքստում ներկայացված հատվածը՝ «Կրակէ շապիկ»-ից։ Գլխավոր լուսանկարի աջ հատվածի աղբյուրը՝ Nouvelles d'Arménie Magazine

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Հարգելի՛ Գոհար, շնորհակալություն մեկնաբանության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter