HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչական դատարանը մերժել է ավագանու անդամի հայցադիմումը․ Ազատամուտում այսօր ընտրություններ են

Ազատամուտում այսօր ավագանու անդամների արտահերթ ընտրություններ են։

Վարչական դատարանը փետրվարի 22-ին մերժել է Ազատամուտի ավագանու արդեն նախկին անդամ Ալիկ Էլարյանի հայցադիմումը, որով  Էլարյանը պահանջում էր անվավեր ճանաչել կառավարության` փետրվարի 3-ի որոշումը։ Հիշեցնենք, որ այդ որոշումով դադարեցվել էին Էլարյանի և համայնքի ավագանու չորս անդամների լիազորությունները և արտահերթ կարգով ավագանու անդամների նոր ընտրություններ էին նշանակվել: Ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել էին այն պատճառաբանությամբ, որ նրանք մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ 

Դատարան ներկայացրած հայցադիմումում Ալիկ Էլարյանը նշել էր, թե 2017 թվականի օգոստոսի 18-ին համայնքի ավագանու 3 անդամներ կազմել և համայնքի ղեկավարի հետ համատեղ ստորագրել են արձանագրություն, որով դադարեցվել են ավագանու մնացած անդամների, այդ թվում` նաև իր լիազորությունները։ Նշված արձանագրության հիման վրա տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կազմվել է որոշման նախագիծ, որի հիման վրա կառավարությունը որոշել է Ազատամուտում արտահերթ ընտրություններ անցկացնել։

Ալիկ Էլարյանը նշել է, որ կառավարության որոշման համար հիմք է ծառայել ավագանու այդ արձանագրությունը։

Սակայն, Վարչական դատարանը հայցադիմումը մերժել է՝ նշելով, որ Ալիկ Էլարյանի իրավունքները խախտված լինելու վերաբերյալ հիմնավորումները վերաբերում են նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ակտին՝ ավագանու անդամների կազմած արձանագրությանը։ Մինչդեռ, դատարանում վիճարկվում է կառավարության որոշումը, որը վերաբերում է մարտի 11-ին Ազատամուտում ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնելուն։

Դատարանը հայցադիմումի մերժման որոշման մեջ նշել է, որ կառավարության այդ որոշումով Էլարյանի իրավունքներին կամ շահերին որևէ միջամտություն չի եղել։ Ալիկ Էլարյանը Վարչական դատարանի որոշումը չի բողոքարկել։

Այսօրվա ավագանու ընտրություններին Ազատամուտում առաջադրվել է 10 թեկնածու։ Ալիկ Էլարյանը ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցրած միակ անդամն է, որն այս ընտրություններին իր թեկնածությունը կրկին առաջադրել է։ Մինչ այս գործող ավագանու անդամներից 2-ն են առաջադրել իրենց թեկնածությունը, առաջադրված մյուս 7 թեկնածուները նոր են։

Գործող ավագանու անդամների թեկնածությունների չառաջադրումը կարելի է պայմանավորել ավագանու նիստերի ձախողումով։

Ինչպես հայտնել էինք մեր նախորդ հրապարակումներում, համայնքում ավելի քան մեկուկես տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու որոշ անդամներ չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ`հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։

Հիշեցնենք, որ հանրապետության 20 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter