HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Նրանք ոչ միայն գեղեցիկ էին, այլև ապրում են երգերում

«Յուրաքանչյուր ուժեղ տղամարդու թիկունքին կին է կանգնած»,- ասում է ասացվածքը: Հնարավոր է: Եվ դա վերաբերում է կյանքի տարբեր բնագավառներին՝ գիտություն, արվեստ, քաղաքականություն: Ուրեմն՝ նաև երաժշտությանը: Այստեղ սակայն, հայտնի ու ծեծված այս ասացվածքը շատ անգամ կարող ենք տարբեր տեսանկյունից դիտարկել, թեև անկրկնելի Ջեյմս Բրաունը միայն վերոնշյալ գաղափարի մասին է բարձրաձայնել ու իր ամենահայտնի կատարումներից մեկով ևս մեկ անգամ ասել, որ «Սա տղամարդկանց աշխարհ է, բայց այստեղ ոչինչ գոյություն չէր ունենա, եթե չլիներ կինը»: Մի բան հաստատ է, որ եթե չլինեին կանայք, երաժշտության մեջ չէին գրվի բազմաթիվ գեղեցիկ երգեր, որոնց ստեղծման իրական «պատճառների» մասին շատ անգամ այդպես էլ ոչ ոք չի իմացել:

Մուսաներ. Նրանք ներշնչել են հանճարներին, տաղանդավոր արվեստագետներին, գրողներին, երաժիշտներին: Նրանք ապրել են երաժշտության մեջ՝ ստեղծելով ժողովրդական, ջազի, ռոքնռոլյան ու բլյուզային, դասական ու ավանգարդ տարբեր մեղեդիներ, երգեր, պատմություններ: Նրանցից շատերը ներկա են եղել առանց ուղիղ միջամտության, առանց որևէ հիշատակման՝ շատ անգամ՝ մնալով երգի պատմության թաքուն ու անհայտ էջերում: Նրանք առավել հաճախ ապրել են ռոքնռոլում, ռոքում և ջազում՝ ներշնչելով ստեղծել երգ-ձոներ հայտնի և անհայտ անուններից:

Հիշենք այդպիսի մի քանի մուսաների, ովքեր դարձել են մեզ համար անչափ սիրելի երգերի մուսաները կամ պարզապես ոգեշնչել մեզ հայտնի լեգենդար երաժիշտներին՝ ինչ որ ժամանակ, ինչ-որ տեղ ապրել, արարել ու երջանիկ դարձնել միլիոնավոր երկրպագուների….

Սարա Դիլան-Սյուզ (Sara Lowndes)

Նա Բոբ Դիլանի միակը չէ, ով կարողացել է մեծ սիրո ու երջանկության մասին երաժշտության մուսա լինել: Սառան, այնուամենայնիվ, առանձնահատուկ էր. նա լեգենդար երգչի և պոետի առաջին կինն էր: Այս կնոջ հանդեպ սերը ներշնչել է Դիլանին ստեղծել մի քանի երգել, որոնք հայտնի ու շատ սիրված էին հենց այդ տարիներին՝  60-70-ական թվականներին:

Սառան ոչ միայն  «Sad Eyed Lady of the Lowlands», «Love Minus Zero/No Limit», «Sara» երգերի հերոսուհին է, այլև հետագայում ևս ծնված բազմաթիվ բանաստեղծությունների և մեղեդիների գլխավոր ներշնչանքը: Նա ներկա է նաև Բոբ Դիլանի՝  1975թ. թողարկված «Blood on the Tracks» ալբոմում, այստեղ զգացմունքներն արդեն այլ տրամադրությամբ են, ու թեև սերն արդեն անկման շեմին է, այնուամենայնիվ, այդ երգերը ծնվել են Սառայի ազդեցությամբ: Նրանց որդին, անդրադառնալով այս ալբոմին ասել է, որ այն իր ծնողների լուռ երկխոսության արտահայտությունն է: Զույգը բաժանվեց 1977թվականին:

Սառա Դիլանը երաժշտության պատմության մեջ կմնա ոչ միայն զուտ այդ սիրո արդյունքում ծնված երգերի մուսա, այլև տարբեր ու պոետիկ Դիլաններ բացահայտած կին:


Աննա Գորդի Գեյ 
(Anna Gordy Gaye)

Ասում են՝ սոուլի լեգենդ Մարվին Գեյին գերելն այնքան էլ հեշտ բան չի եղել: Բայց այս կնոջը հաջողվել է մեծ ու փխրուն տեղ զբաղեցնել նրա սրտում, դառնալ այնպիսի հիթերի ներշնչանքի թևեր, որպիսիք են «Pride & Joy»-ը, «That՚s The Way Love Goes»-ը, «Stubborn Kind of Fellow»-ն:

Նա գործարար ամերիկուհի էր, երգահան և նույնիսկ՝ կոմպոզիտոր: Իր պրոդյուսերական (ձայնագրող ընկերություն, “Anna” լեյբլ) գործունեությունն, անշուշտ, բավականին բեղուն է եղել, սակայն նա երաժշտասերների մոտ կհիշվի ոչ թե այլ ձայնագրությունների թողարկմամբ, այլ՝ առաջին հերթին՝ Մարվին Գեյի համար, ինչպես նաև նրա հետ իր հեղինակած երգերով, երկրորդ հերթին՝ «Here, My Dear» ալբոմով:

Աննայի հեղինակած երգերն ընդգրկված են Գեյի «What’s Going On» ալբոմում: Բայց բոլորովին այլ հնչերագ ու խորհուրդ ունի «Here, My Dear»-ը. դա նրանց սիրո, անհանգստություններով ու վայրիվերումներով լի համատեղ կյանքի պատմությունից պատառիկ էր, որը, այնուամենայնիվ, երաժշտասերներին նվիրեց սիրելի երգեր:

Այս ալբոմի պատմությունը բոլորովին այլ է. այն ծնվեց բավականին հետաքրքիր հանգամանքներում: Առիթը նրանց ամուսնալուծությունն էր, դրա թողած ծանր հետքերն ու, ավելին, ապահարզանին հաջորդած ծախսերը: Գեյը ստիպված էր նրան մեծ գումար և ալիմենտ վճարել: Մեղմ ասած՝ ոչ այնքան բարվոք վիճակում հայտնված արտիստը նոր ալբոմ թողարկելու և նրա վաճառքին հույսը դնելու ծրագիր գործի դրեց: Բայց դա զուտ կոմերցիոն նպատակ չուներ, դա Գեյի ընդվզումն էր իրենց հարաբերությունների ձախողման դեմ, իր հոգեկան անկումների, լավ ու վատ օրերի ձայնն էր՝ ներսի ու դրսի զգացողությունների միաձուլմամբ: Աննան ոչ միայն դատարանի կողմից որոշված 600 000 դոլարը շահեց, այլև մի գեղեցիկ ալբոմ՝ սոուլի պատմության էջերում: Թեև «Here, My Dear»-ը ժամանակին մեծ հաջողություններ չունեցավ, սակայն հետագայում երաժշտական քննադատներն այն ճանաչեցին որպես այս արտիստի լավագույն գործերից մեկը:

Խանդոտ, թե իր սիրո մեջ հաստատուն, երերուն քայլերով, թե ընտանեկան ջերմ անդորրով տարուբերվող այս պատմության մեջ Մարվին Գեյ- երգիչն ու ստեղծագործն, ինչ խոսք, անսահման զգայուն են, անկեղծ, կատարման մեջ՝ անկրկնելի ու սիրո խոստովանություններով լի: Իսկ այդ երգերն ու զգացումները ծնվել էին կնոջը՝ Աննային անդրադառնալու համար:

 

Փեթի Բոյդ. (Pattie Boyd)

Անգլիացի մոդել և լուսանկարիչ   Երաժշտասերները հենց այս կնոջն են պարտական Ջորջ Հարիսոնի  «Something», Էրիկ Քլեփթոնի «Layla» և «Wonderful Tonight» երգերի  համար: 

1960-ականներին Էրիկ Քլեփթոնը խելահեղորեն սիրահարված էր Փեթի Բոյդին՝ իր ամենամոտ ընկերներից մեկի՝ Ջորջ Հարիսոնի կնոջը: Եվ ահա 1970թ.  ծնվեց «Layla»-ն (երգի անունը Քլեփթոնը վերցրել էր պարսիկ բանաստեղծ Նիզամիի «Լեյլի և Մեջնուն» պոեմից, որի դժբախտ սիրո պատմությունից խորապես տպավորվել էր):  Երգը բացահայտ սիրո խոստովանությունն էր, բայց Փեթիի հանդեպ բուռն զգացմունքները անպատասխան էին: Ի վերջո, երգի պրեմիերային Քլեփթոնը Հարիսոնին խոստովանեց, որ սիրում է նրա կնոջը:

Երկու ընկերների հարաբերությունները կարծես թե չտուժեցին այդ խոստովանությունից, բայց այն վստահաբար իր ներդրումն ունեցավ այս պատմության հետագա ընթացքի վրա:1973թ. Փ. Բոյդը  հեռացավ Հարիսոնից և տեղափոխվեց  Քլեփթոնի մոտ. նրանք ամուսնացան 1979թ. և համատեղ ապրեցին 8 տարի (մինչև 1984թ.):

Իսկ մի երեկո ծնվեց հաջորդ հրաշալի երգը:  ««Wonderful Tonight»-ը ամենասուր հիշողությունն է մեր հարաբերությունների լուսավոր օրերից, իսկ երբ այդ ամենը չքացավ, ինձ համար այլևս տառապանք էր այն լսելը»,- գրում է Փեթի Բոյդն իր հուշերում:

Տասնյակ արիներ անց, հարցազրույցներից մեկում՝ ում է սիրել իրականում Բոյդը հարցին ռոքնռոլի մուսան պատասխանում է՝ «Կարծում եմ՝ Հարիսոնը իմ կյանքի իրական սերն էր»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter