Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մատնահետք «վերցնող» սարքը շփոթեցին ճնշման ապարատի հետ



Լավրենտին Մինասյանն Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ է: Այսօր մեծամորցիները համայնքի ղեկավար են ընտրում, և Լավրենտ պապը ևս ցանկանում էր մասնակցել ընտրությանը: Նա, ձեռքերը գրպանում, հայտնվեց ընտրատեղամասում, և երբ անձնագիր պահանջեցին, ասաց, որ չի բերել: «Հիմա ոչ մի ձև չկա՞, չեմ կարա՞ մասնակցեմ»,-նեղսրտեց Լավրենտին Մինասյանը: Նրան հորդորեցին, որ գնա և անձնագիրը բերի: Այդպես էլ արեց:

Երբ պետք է ապարատի օգնությամբ թողներ մատնահետքը, պարզվեց, որ նրա մատնահետքը սարքը չի ճանաչում: Այս անգամ ևս Լավրենտին Մինասյանը նեղսրտեց. «Բայց ես արյան ճնշում չունեմ, ինչի՞ չի ճանաչում»: Նա սարքը շփոթել էր ճնշման ապարատի հետ:

Արդեն տեղեկացրել էինք, որ Մեծամորում ընտրությունները հանգիստ են, ընտրապայքար չկա, և նկատվում է պասիվություն: Օրինակ, 983 ընտրողից ժամը 14:00-ին քվեարկել էր 77 ընտրող: Թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ Էդվարդ Միրզոյանը: Պասիվությունը և ձանձրալի մթնոլորտը ցրում են ընտրողները:

Ի տարբերություն համապետական ընտրությունների, այս անգամ տատիկ-պապիկներն առանց օգնողների էին ներկայանում ընտրության: 74-ամյա Հասմիկ տատը որոշել էր կատարել իր քաղաքացիական պարտքը: Քվեաթերթիկը վերցնելուց հետո հարցրեց, թե որտեղ կատարի քվեարկությունը, հանձնաժողովի անդամները ցույց տվեցին քվեախցերը: Տատիկը կլոր պտտվեց խցերի շուրջ և ոչ մի կերպ չէր ուզում կանգնել, որ կատարի ընտրությունը: Հետո հայտնվեց հանձնաժողովի անդամների սեղանի մոտ: Նրան տարան քվեախուց, բայց նա դժգոհեց. «Էս ինչ էր, հազար դուռ գնացի»:

Մի կին էլ որոշել էր  հիվանդ ամուսնու փոխարեն քվեարկել: Հայտարարեց, որ ամուսինն անկողնային է, չի կարող ներկայանալ, ինքն էլ «ամուսնու հովանավորն է» և ցանկանում է նրա փոխարեն քվեարկել: Պարզվեց, որ տիկինը ոչ թե ամուսնու «հովանավորն» է, այլ՝ խնամակալը:

Ընդհանրապես, շատ էին դեպքերը, երբ ընտանիքի անդամները ցանկանում էին բացակաների փոխարեն քվեարկել: Հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Ղուկասյանը ոչ մեկին թույլ չտվեց:

Լուսանկարում՝ Լավրենտին Մինասյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ