ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ա․ Հովհաննիսյան․ «Հայ-ամերիկյան օրակարգն ընդլայնվելու մեծ միտում ունի»



ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հաջողված է համարում խորհրդարանական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ։

«Ընդհանուր առմամբ արդյունքների ձեռքբերման տեսանկյունից դեռ վաղ է այցն ամբողջությամբ ամփոփել, բայց այս պահին կարող եմ արձանագրել, որ հանդիպումների այն շարքը, որ ունեցել ենք, պաշտոնյաների այն մակարդակը, որոնց հետ հանդիպել ենք,  քննարկվող այն հարցերը, որոնք առկա են եղել քննարկման սեղանին, թույլ է տալիս եզրակացնելու, որ  հայ-ամերիկյան օրակարգն ընդլայնվելու մեծ միտում ունի, և մենք այդ ուղղությամբ լուրջ ջանքեր պիտի գործադրենք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ պատվիրակությունը, որի կազմում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մարտի վեցից տասը խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում այց են կատարել ԱՄՆ, կազմում ընդգրկվել են յուրաքանչյուր խմբակցությունից մեկ պատգամավոր և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել  կոնգրեսականների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլիի, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

«Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություներ, կան հարցեր, որոնց պետք է հետևողական լինենք, կան կապեր, որոնք պետք է խորացնենք, ըստ էության  կարող եմ ասել, որ այցը հաջողված էր բոլոր առումներով»,- ասաց Հովհաննիսյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ