HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդում վեց ամսվա համար գյուղապետ են ընտրում

Այսօր  900 բնակիչ ունեցող  Դեբեդ գյուղում  գյուղապետի ընտրություն է: Գյուղն ունի 655 ընտրող: Ժամը 18:55-ի դրությամբ ընտրությանը մասնակել էին 465 ընտրողներ: Դեբեդը վեց ամիս հետո  խոշորացվելու և միանալու է հարևան Դսեղ համայնքին: Վեց ամիս գյուղապետ աշխատելու համար Դեբեդում առաջադրվել է գյուղապետի 4 թեկնածու: Նրանցից Արայիկ Սարգսյանը Դեբեդի մշակույթի կենտրոնի տնօրենն է: Առաջադրված թեկնածուներից Աշոտ Ղազարյանը 6 տարի է` համայնքի ավագանու անդամ է: Հանրապետական կուսակցության կողմից  գյուղապետի թեկնածու առաջադրված Կամո Պետրոսյանը  նախկինում 12 տարի  Դեբեդի գյուղապետն էր։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Յուրիկ Նազլուխանյանն էլ անասնապահ է: Յ. Նազլուխանյանը ակնկալում էր , որ գյուղապետ ընտրվելու դեպքում Դեբեդը զարգացնելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգնությամբ: Թեկնածուներից  յուրաքանչյուրն իրեն ընտրելու համար ավտոմեքենաներով ընտրատեղամաս էր բերում բարեկամներին և ազգականներին: Ավանդույթի համաձայն տարեցների հետ քվեախցիկ էին մտնում և նրանց փոխարեն ընտրում էին հարազատները: Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված գյուղապետի թեկնածու Կամո Պետրոսյանի վստահված անձ Նաիրա Պետրոսյանը ժամը 17-ի սահմաններում հանձնաժողովին բողոքեց, որ Դեբեդի դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը որոշ ընտրողների տանում է իր աշխատասենյակ և ընտրության համար  ուղղորդում: Զավեն Խաչատրյանն էլ հայտնեց, որ այդ պահին դպրոցում է գտնվում տեխնիկական խնդիրներ լուծելու նպատակով:

«Ես ավելի կոնկրետ ասեմ ձեզ, դպրոցում նկարահանող տեսախցիկներ կան դրված, եթե պետք լինի կարող ենք նկարահանումները հետ տանք, տեսնենք ով է իմ աշխատասենյակ մտել: Ուղղակի մեր դպրոցի նախկին ռուսերենի ուսուցչուհի Աղավնի Ասատրյանն ընտրությունը կատարելուց հետո դուրս եկավ, ասաց ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:  Ընտրական հանձնաժողովի քարտուղարն էլ ասաց`   տեղամասում օտար մարդը գործ չունի: Ես էլ ռուսերենի նախկին ուսուցչուհուն խնդրեցի ընտրություններից հետո ինձ հանդիպել»,- բացատրեց  տնօրեն Զ. Խաչատրյանը: Վերջինս մեր զրույցից հետո հեռացավ տեղամասից:

Համայնքի ավագանու անդամ, մասնագիտությամբ հաշվապահ Նառա Հարությունյանն ասաց, որ  գյուղապետի 4 թեկնածուների առաջադրումը շահավետ չէ գյուղի համար:  Նառա Հարությունյանի ասելով` թեկնածուները գյուղում  նախընտրական քարոզչություն չեն արել, չեն ներկայացրել նաև իրենց նախընտրական ծրագրերը: Թեկնածու Արայիկ Սարգսյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել իր նախընտրական ծրագրերի մասին։ «Դա իմ ցանկությունն է, ես չեմ ուզում խոսել իմ նախընտրական ծրագրերից»,- ասաց թեկնածուն: Ա. Սարգսյանը իր նախընտրական ծրագրերը չէր ներկայացրել նաև  ընտրողներին:  

«Ու՞մ ընտրեմ, որ մեր գյուղը զարգանա: Չեմ կարող ասել, թե էս 4 թեկնածուներից ով կարա լավ աշխատի: Մենակ գիտեմ, որ ճանապարհ չունենք, գյուղը գիշերային լուսավորություն չունի»,- ասաց Լիպարիտ Պետրոսյանը:

«Ես ավագանու անդամ եմ արդեն 6 տարի:  Ավագանին ո´չ Հայաստանում, ո´չ էլ մեր գյուղում արդյունավետ չի աշխատում: Շատ բան կարող էինք անել Դեբեդի համար, բայց չենք արել:  Գյուղում լուրջ խնդիր է աղբահանությունը, անբարեկարգ ճանապարհի վիճակը, փողոցների լուսավորության խնդիրը»,- ասաց թեկնածու  Ա. Ղազարյանը: Դեբեդի ընտրողները մտնում էին ընտրական տեղամաս, կատարում իրենց ընտրությունը և անտարբեր հեռանում ընտրական տեղամասից:  Ընտրողներից շատերը անիմաստ էին համարում 6 ամսվա համար Դեբեդի գյուղապետի նշանակված ընտրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter