HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19-ամյա Ժորա Սիմոնյանին խոշտանգելու մեջ մեղադրվում է բարձրաստիճան ոստիկան

Հայաստանի դատական պրակտիկայում մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել խոշտանգման  մեղադրանքով քրեական գործերը: Այդ գործերը հաճախ դատարան չեն հասնում: Այդպիսի եզակի գործերից մեկն այժմ քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գերասիմ Մարդանյանը դեռ մի քանի ամիս առաջ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: Այժմ նա մեղադրվում է 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժանմունքի շենքում 19-ամյա Ժորա Սիմոնյանին խոշտանգելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով՝ «Խոշտանգումը»):

Մեղադրանքը հաստատվել է ու մտել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը լսվում է դատարանի Բերդի նստավայրում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:   

Ըստ մեղադրանքի՝ Ժորա Սիմոնյանի եղբայրը՝ Վահրամ Սիմոնյանը, Այգեհովիտ գյուղի իր համագյուղացի Ռաֆիկ Եսայանի հետ գնացել է տան համար վառելափայտ բերելու, սակայն ճանապարհին նրանց մեքենան խափանվել է, փայտը թողել են անտառում ու վերադարձել գյուղ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի մոտակայքում նկատել են մեքենան ու կարծելով, թե դրա մեջ ապօրինի հատված փայտ կա, հետևել են Վահրամ Սիմոնյանին՝ պահանջելով կանգնեցնել մեքենան: Սակայն Սիմոնյանը, չիմանալով, որ իրենց հետապնդողները ոստիկաններ են, չի կանգնեցրել մեքենան, այլ գնացել դեպի նույն գյուղում գտնվող մյուս եղբոր՝ Սասուն Սիմոնյանի տան բակ: Այնտեղից էլ Վահրամ Սիմոնյանը, ինչպես նաև երրորդ եղբայրը՝ 19-ամյա Ժորա Սիմոնյանը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանություն, որտեղ, ըստ մեղադրական եզրակացության, «բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը, ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը չի կատարել ոստիկանների պահանջը, այդ արարքի համար նրան պատժելու նպատակով խոշտանգել է նրան»:  

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ժորա Սիմոնյանը ստացել է որովայնի փակ տրավմա՝ փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ սրունքի քերծվածքներ, որոնք հասցվել են բութ առարկայով:

Ժորա Սիմոնյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն: Կազմակերպության իրավաբան Արա Ղարագյոզյանը, ով նաև Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչն է, նշում է՝ Սիմոնյանների հետևողականությունն է նաև բերել նրան, որ այսօր քրեական գործը մտել է դատարան. «Ժորա Սիմոնյանի ընտանիքը չի լռել, չի համակերպվել, չնայած նրան, որ մեղադրյալի ընտանիքը կողքի գյուղում է ապրում»,-ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:


Արա Ղարագյոզյանը

Փաստաբան Ղարագյոզյանը «Հետք»-ին պատմեց, որ Ժորա Սիմոնյանը հոգեբանական ապրումներ ունի: Փաստաբանին հարցրել է՝ «որ դատարան գնամ, հնարավո՞ր ա նորից ինձ ծեծի:

«Ծանր վիճակ է իր մոտ, մեր կազմակերպության հոգեբանները աշխատում են նրան վերականգնել»,- ասում է փաստաբանը:

«Հետքը» զրուցեց նաև ամբաստանյալ Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի հետ: Նա փոխանցեց, որ Գերասիմ Մարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ պաշտպան Ալիխանյանի՝ առհասարակ «հանցադեպի բացակայության հետ գործ ունենք»: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ գործի նախաքննության ժամկետը չէր կարող բավարար լինել արդյունավետ քննության համար: Հոգեբանական ցավի մասին հարցին՝ պաշտպան Ալիխանյանն արձագանքեց. «Ոչինչ չի խանգարում կողմին միջնորդել դատահոգեբանական փորձաքննություն անել»:

Խոշտանգման մեջ մեղադրվողը կալանքի տակ չէ

Այն, որ Գերասիմ Մարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, ըստ Արա Ղարագյոզյանի՝ տիպիկ ընտրովիության դրսևորում է, «քանի որ 1 տարվա ազատազրկման սանկցիա ունեցող շատ այլ գործերով մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիներին կալանավորում»:

Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի գնահատմամբ՝ նման դեպքերում սովորաբար շատ ավելի մեծ հավանականությամբ ընտրվում է կալանքը:

«Բայց այն, որ այս գործով կալանքը չի ընտրվել, հետևությունները թողնում եմ Ձեզ այն առումով, որ պետք է նայենք հիմնավոր կասկածի առկայությունը: Եթե ապացուցողական շեմը բավականին բարձր լիներ, անկասկած խափանման միջոցը կալանքը կընտրվեր»,- նշում է Ալիխանյանը:

Արա Ղարագյոզյանը ընդգծում է, որ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ զբաղվում է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի զոհերի խնդիրներով, նրանց աջակցում նաև հոգեբանական վերականգնման հարցում, երկար աշխատել են նաև քրեական օրենսգրքում Կոնվենցիային համապատասխան «Խոշտանգում» եզրույթը ունենալու համար:

Խոշտանգման դատական պրակտիկայի գրեթե զրոյական վիճակագրությունը

Թեպետ խոշտանգումից զերծ լինելու իրավունքը բացարձակ, այսինքն՝ որևէ կերպ չսահմանափակվող իրավունք է, մեր Սահմանադրության հոդված 26-ում արձանագրված է՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, 25 տարի առաջ է մեր պետությունը միացել Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիային, այդուհանդերձ քրեական օրենսգրքում (ՔՕ 309.1 հոդված) խոշտանգում եզրույթն ընդամենը 3 տարի առաջ է համապատասխանեցվել Կոնվենցիայի ձևակերպմանը:

2015թ.-ին ՀՔԾ-ում քննվել է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 106 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ է հասել դատարան: 68 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ 2016թ.-ին ՀՔԾ-ում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 104 քրեական գործ: Սակայն, ինչպես տեսանք, դատարանում այսօր քննվում է միայն Գերասիմ Մարդանյանի վերաբերյալ քրեական գործը:

2015-2016 թթ.-ին առհասարակ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի դասիչով որևէ տող չկար, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակի տվյալներով, թեպետ դասիչը արդեն ներմուծված է, այդուհանդերձ 309.1 հոդվածով ազատազրկման դատապարտված որևէ անձ չի եղել, չնայած նրան, որ հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, իսկ ծանրացուցիչ դեպքերի համար նաև մինչև 12 տարվա ազատազրկում: Տուգանք սահմանված չէ:

Ուստի ՀՔԾ-ում առավել հաճախ քրեական գործերը հարուցվում են քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները անցնելը: Այն ավելի մեղմ սանկցիաներ ունի՝ տուգանքից մինչև չորս տարվա ազատազրկում, իսկ բռնություն կիրառելու պարագայում՝ 2-6 տարվա ազատազրկում, ծանր հետևանքներ առաջացնելու դեպքում՝ 6-10 տարվա ազատազրկում:

Եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ 14 վճիռ ունի

Թեպետ Հայաստանը դեռ չունի խոշտանգման գործերի քննության մեծ դատական պրակտիկա, այնուամենայնիվ ՄԻ եվրոպական դատարանը ընդդեմ մեր պետության հենց խոշտանգումից զերծ լինելու իրավունքի խախտմամբ (Կոնվենցիայի 3-րդ հոդված) 14 վճիռ է կայացրել 2002-2017 թթ.-ին:


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության էջից

«Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռից հետո, Գրիշա Վիրաբյանի գործով ոստիկանների նկատմամբ քրեական գործը հարուցվել է ոչ թե խոշտանգման հատկանիշներով, երբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը արդեն ճանաչել էր ՄԻԵԴ-ը, այլ պարզապես պաշտոնական լիազորությունների անցնելու հատկանիշներով, որն առավել մեղմ սանկցիաներ ունի: 14 տարի անց պատասխանատվության կանչված երկու ոստիկանների հանդեպ, ի դեպ, որպես խափանման միջոց՝ նույնպես ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրանք ևս Մարդանյանի պես գտնվում են ազատության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Մեր երկրում խոշտանգումը կրում է համատարած բնույթ, մանավանդ պետության իրավազորության մերքո գտնվող անձի կոնվենցիայով ամրագրված իրավունքների խտրական իրականացման մասով: Սակայն չգիտես ինչու բարձրաձայնվում է միայն մարմնական վնասվածքի դեպքում, սակայն այս դեպքում էլ անձի խախտված իրավունքի վերականգնման հարցում նորից խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, քանի որ քրեական գործը հարուցվել է ոստիկանի դեմ: Այսինքն նորից խոշտանգում են անձին, նորից ցուցաբերելով նվաստացուցիչ վերաբերմունք պատճառելով հոգեկան տառապանք, .և ոչ լիարժեքության զգացում... Այդ պատճառով էլ եթե նորմալ երկրում իրապահներին վստահում և ընդունում են, մեր երկրում ասում են՝ աստված չտա դրանց ձեռն ընկնես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter