HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայկական ստարտափ. Renderforest՝ բարձրորակ տեսանյութ ստեղծելու առցանց գործիք

Մանե Գեւորգյան

Renderforest-ի միջոցով հնարավոր է մի քանի րոպեի ընթացքում ստեղծել բարձրորակ տեսանյութեր, անիմացիոն հոլովակներ՝ ինչպես կոմերցիոն նպատակով, այնպես էլ ներկայացվող նյութը հնարավորինս հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար։ Այս առցանց գործիքը նախատեսված է թե՛ մասնագետների, թե՛ վիդեոխմբագրման տարրական գիտելիքներ չունեցող օգտատերերի համար։

Ամեն ինչ ավտոմատացված և հեշտացված է՝ պետք է պարզապես ունենալ պատմություն, սցենար, որը ցանկանում եք վիզուալացնել, իսկ առաջարկվող գործիքները թույլ կտան կարճ ժամանակում ստանալ մինչև 1080p որակով տեսանյութեր։

Renderforest-ն ունի ստեղծման երկար պատմություն։ Ստարտափի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը զբաղվում էր անիմացիոն վիդեո արտադրությամբ ու համապատասխան ծառայություններ մատուցում։ Աստիճանաբար աշխատանքը վերածվեց թիմայինի։ Հենց այդ ժամանակ էլ նկատեցին, որ շատ ստարտափներ արագ զարգանում են, բայց շուկա մտնելու փուլում դեռ չեն ունենում բավարար գումար մարքեթինգին հատկացնելու, հատկապես՝ ընկերությունը ներկայացնող տեսանյութեր պատրաստելու ու դրանք իրենց կայքերում կամ սոցիալական ցանցերում տեղադրելու համար։ Երբ ստարտափերները դիմում էին վիդեո պատրաստելու համար ու տղաներից ստանում գնային առաջարկ, հաճախ միանգամից հրաժարվում էին, որովհետև տեխնիկական բարդությունների պատճառով գինը շատ բարձր էր լինում։

Տեսանյութի պատրաստումը մատչելի դարձնելու համար որոշեցին ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա պատրաստել ոչ թե Microsoft PowerPoint-ի որակի շնորհանդեսներ, այլ հեռարձակման որակի չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ վիդեո բովանդակություն։

2015 թվականին Renderforest-ը հայտնվեց շուկայում։ Նարեկի խոսքով՝ 1.5 տարի ամբողջ ժամանակն ու ռեսուրսները ներդրել են գաղափարն իրականացնելու համար, չիմանալով` կհասնե՞ն հաջողության, թե՞ ոչ։ Երբ հայտնվեցին առաջին օգտատերերը, որոնք պատրաստ եղան վճարել Renderforest-ով ստեղծած տեսանյութերի համար, տղաներն ավելի ոգեշնչվեցին ու շարունակեցին զարգացնել առաջարկվող գործիքները։

Ստարտափի նախնական թիրախը շուկա դուրս եկող ստարտափներն էին, բայց ժամանակի ընթացքում այն սկսեցին օգտագործել, օրինակ, DJ-ներն իրենց ստեղծած երաժշտությունը վիզուալացնելու, լուսանկարիչները` լուսանկարներով տեսանյութեր ստեղծելու, լրագրողները` ինֆոգրաֆիկաներ պատրաստելու, օնլայն խանութներն` իրենց արտադրանքը, իսկ ռեստորաններն` իրենց ճաշացանկերը նոր ձևաչափով ներկայացնելու համար։ Հարթակից շատ են օգտվում նաև թվային մարքեթինգով զբաղվող ընկերությունները. մատչելի գնով պատրաստում են որակյալ տեսանյութ, լոգո անիմացիա, իսկ հետո ավելի թանկ գնով վերավաճառում պատվիրատու ընկերություններին։ Վերջին շրջանում Renderforest-ով շնորհանդեսներ և տեսանյութեր են պատրաստում ուսանողներ և դասախոսներ՝ հատկապես ԱՄՆ-ի կրթական հաստատություններից։

Օգտատերը գրանցվում է, ապա հայտնվում մի էջում, որտեղ կա համապատասխան կատեգորիաներով առանձնացված ավելի քան 450 template՝ տեսակաղապար։ Ընտրում է իր բիզնեսին, գործունեությանը հարմար տեսակաղապար, ստանում համապատասխան տեսարաններ ու սկսում խմբագրել. իրար է կցում տեսարանները, ընտրում ոճն ու գույները, ավելացնում երաժշտություն։ Պատրաստի տեսանյութը կա՛մ պահում է համակարգչում, կա՛մ ինտեգրված գործիքների շնորհիվ միանգամից հրապարակում YouTube-ում, Facebook-ում և այլ առցանց հարթակներում։ Շատ զբաղված օգտատերերի համար Renderforest-ն ունի նաև արդեն մշակված սցենարներով տեսակաղապարներ. պետք է ընտրել ընկերության տեսակն, ու հարթակը կառաջարկի պատմությունների տարբերակներ, ապա միանգամից կպատրաստի տեսանյութը։

Renderforest-ն իր մրցակիցներից տարբերվում է տրամադրած տեսանյութի որակով, մատչելի գնով ու տեսակաղապարների անհատական մոտեցմամբ։ Այսինքն՝ ի տարբերություն Microsoft PowerPoint-ի, որտեղ ամեն ինչ 0-ից ես ստեղծում, այստեղ կան արդեն իսկ պատրաստ տեսակաղապարներ, որոնք մշակել են  պրոֆեսիոնալ դիզայներները։

Տեսանյութ պատրաստելն անվճար է, եթե օգտատերը դեմ չէ, որ դրա ստորին աջ անկյունում նշված լինի, որ պատրաստված է Renderforest-ով։ Եթե օգտատերը չի ցանկանում, որ նշումը լինի տեսանյութի վրա, ապա վճարում է յուրաքանչյուր տեսանյութի համար 10-40 դոլար՝ կախված որակից ու երկարությունից կամ ընտրում տարեկան 160-ից 500 դոլար արժողությամբ բաժանորդագրության փաթեթներից մեկը։ 500 դոլար արժողությամբ փաթեթն, օրինակ, ներառում է ամսական 50, իսկ մեկ տարվա ընթացքում` շուրջ 600 տեսանյութի պատրաստում։ Անվճար տարբերակներն ունեն մինչև 3 րոպե ժամանակային սահմանափակում, իսկ վճարովի տեսանյութերը կարող են լինել մինչև 2 ժամ։

Նարեկը նշում է, որ իրենց հաջողությունը պայմանավորված է հարթակի անվճար լինելով։ Երբ նոր էին մտնում շուկա ու քչերը գիտեին Renderforest-ի մասին, իսկ իրենք չունեին մարքեթինգի համար նախատեսված գումար, անվճար ծառայությունը դարձավ ստարտափի զարգացման ու արագ տարածման հիմնական խթանը։ Մարդիկ տարբեր սոցիալական ցանցերում տեսնում էին որակով տեսանյութեր ու նկատում պատրաստված է Renderforest-ով նշումը, այցելում կայք ու պատրաստում սեփական տեսանյութերը՝ հաճախ դառնալով վճարող պատվիրատու։

Renderforest-ի օգտատերերը հիմնականում ԱՄՆ-ից են, որտեղից էլ ստանում են վաճառքի գրեթե կեսը։ Ցանկը գլխավորում են բարձր HDI (Մարդկային զարգացման ինդեքս) ունեցող երկրները՝ Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան և Ավստրալիան։ Հայաստանից դեռ վաճառք չունեն, սակայն հայկական ստարտափներին տրամադրում են անվճար տեսանյութեր պատրաստելու հնարավորություն։

Այժմ Renderforest-ն ունի ավելի քան 3.000.000 բաժանորդագրված օգտատեր։ Վերջին ամիսներին Renderforest-ում գրանցվում է օրական 6.500 օգտատեր։ Ակտիվ օգտատերերի թիվն օրական հասնում է 40.000-ի, իսկ ամսական` մոտ 500.000-ի։ Մինչև հիմա հարթակի միջոցով ստեղծվել է մոտ 5.000.000 տեսանյութ։ Ստարտափի թիմը ժամանակի ընթացքում հասցրել է համալրվել նոր մասնագետներով ու վերածվել մոտ 30 աշխատակից ունեցող ընկերության։

Նկատելով ընկերության կայուն՝ յուրաքանչյուր ամիս նախորդի նկատմամբ նվազագույնը 5-20% աճն ու արագ զարգացման հեռանկարը՝ թիմն ընդամենը մեկ անգամ է մասնակցել դրամաշնորհային մրցույթի, իսկ Նարեկը հրաժարվել է ընդունել ներդրման ցանկացած առաջարկ։

2015 թվականին Նարեկը մասնակցել է Հոնկոնգում անցկացվող RISE համաժողովին ու KPN China-ից ստացել 200.000 դոլարի ներդրման, Հոնկոնգում անվճար գրասենյակ ունենալու և թիմի կեսն այնտեղ տեղափոխելու առաջարկ։ Չնայած այդ ժամանակ ամսական 3-4 հազար դոլարի վաճառք ունեին, ու առաջարկը գայթակղիչ էր թվում, Նարեկն այն մերժել է։ Հրաժարվել է նաև ԱՄՆ-ում գործող վենչուրային ընկերությունների առաջարկած մինչև 1.000.000 դոլարի հասնող ներդրումներից՝ չցանկանալով ներգրավվել արտասահմանյան կապիտալում՝ ստարտափը ամբողջովին հայկական պահելու ու հենց այդպիսին համաշխարհային ընկերություն դարձնելու հեռանկարով։ Նարեկի խոսքով՝ շատ ստարտափներ իրենց կայքերում թողնում են միայն ամերիկյան հասցե՝ պատճառաբանելով, թե օգտատերերի մոտ դա վստահություն է առաջացնում։ Դրան հակառակ՝ իրենք ունեն միայն հայկական հասցե ու իրենց օրինակով ապացուցում են, որ եթե կա առաջարկվող լավ ծառայություն, ապա կապ չունի՝ որտեղ է հիմնադրվել ընկերությունը, կամ որտեղ է այն գործում։

Վերջերս Renderforest-ի թիմը սկսել է աշխատել նաև հայկական 5 տառատեսակ ստեղծելու ուղղությամբ, որոնք անվճար կլինեն եւ հասանելի բոլոր համար։ Քանի որ ցանկանում են, որ իրենց ստեղծած տեսակաղապարները լինեն գրավիչ, իսկ հայերեն հասանելի տառատեսակները կա՛մ գեղեցիկ չեն, կա՛մ ենթակա չեն կոմերցիոն օգտագործման, Renderforest-ի նկարազարդողների թիմը մշակում է նոր տառատեսակներ, որոնք առանձին կայքում հասանելի կլինեն ինչպես անձնական, այնպես էլ բիզնես նպատակներով օգտագործման համար։

Նման նախաձեռնություններին զուգահեռ թիմը 3 ամիսը մեկ հարցում է անցկացնում օգտատերերի շրջանում ու պահանջների և առաջարկների հիման վրա փորձում նոր գործիքներ ստեղծել, ավելացնել տեսակաղապարների թիվն ու ցույց տալ, որ կան բոլոր հնարավորությունները ցանկացած միտք իրականություն դարձնելու համար։

Մեկնաբանություններ (1)

Ara-jan
Bravo Narek and team. You are also creating a 'template' for others around you to start their own projects that will lead to new businesses and more jobs in your homeland.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter