Երեքշաբթի, 19 հունիսի

Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում. մաս II



սկիզբը

Ընտրությունները` որպես սեփականության ձեռքբերման և վերաբաշխման մեխանիզմ

Ցանկացած պետության յուրաքանչյուր պատմական փուլում իշխանության ձևավորման կենտրոնական հարցն այն է, թե ո՞վ է տիրապետում խոշոր սեփականությանը, ո՞վ է այն վերաբաշխում և թելադրում տնտեսությանը:

Արևելյան և արևմտյան երկրներում սեփականության ինստիտուտի տարբեր ավանդույթներ գոյություն ունեն: Արևմուտքում սեփականության իրավունքը պաշտպանված է օրենքով և անկախ դատական համակարգով: Արևելքում սեփականությունը ենթակա է իշխանությանը: Արևելքում (այդ թվում ետխորհրդային երկրներում) իշխանութունը թելադրող է, և իշխանություն-սեփականություն մոդելն ուղղահայաց կերպով է գործում, իսկ Արևմուտքում հորիզոնական-գործընկերային հարաբերություններն են տիրապետող:

Նման հարաբերությունների վրա էլ կառուցվում են քաղաքական հարաբերությունները: Հայաստանի նման երկրներում խոշոր սեփականությունը տրվում է ժամանակավոր տիրապետման, իսկ քաղաքական դիրքորոշում ունենալու դեպքում այն «վերադարձվում է»:

Նման օրինակները բազմաթիվ են: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սուքիասյանների ընտանիքի «սխալ» քաղաքական կողմնորոշման պատճառով խլվեց «Բջնի» գործարանը. «ՍԻԼ կոնցեռնը բազմիցս հայտարարել էր, որ  «Բջնի»-ն սնանկ ճանաչելն ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը: Այդ նպատակին չկարողացան հասնել  ԴԱՀԿ ծառայության միջոցով` անօրինական գործողությունների մեծ քանակի պատճառով, եւ այդ գործընթացը շարունակեցին սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի միջոցով, ով ի սկզբանէ աշխատում էր գնորդի շահերից ելնելով»:

Բազմաթիվ են օրինակները, երբ որևէ խոշոր պաշտոնյա, լքելով կամ հեռացվելով իշխանությունից, վաճառում է իր խոշոր ունեցվածքը:

Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված ռեֆորմների նպատակն էր անցում կատարել շուկայական հարաբերություններին, ինչի համար պետք էր «ժողովրդական» սեփականությունը դարձնել մասնավոր, այսինքն` պետք է առաջանար սեփականատերերի դաս, և նրանց միջև սկսվեր մրցակցություն, որի արդյունքում «աշխատասեր» և «հնարամիտ» հայերը պետք է ծաղկող և բարգավաճող երկիր կառուցեին:

Սակայն, տեսությունները մեկ բան են, իսկ իրական կյանքը` այլ: 90-ականների սկզբներին Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ-ի) առաջին իսկ համագումարներում սկսվեց մի բանավեճ, որը ընտրությունների կեղծման գաղափարական հիմքը դարձավ: ՀՀՇ համագումարներում հետևյալ մետքն էր քննարկվում. «մենք» (շարժման ակտիվիստները) պայքարել ենք Ղարաբաղի համար, անցել ենք պատերազմով, անշնորհակալ և ծանր տնտեսական ռեֆորմներ ենք իրականացնում, և բառացիորեն սովի ու պատերազմի զրկանքներով անցած ժողովուրդը, «մեզանից» դժգոհ լինելով, իրենց ձայնը կտան այն ժամանակվա ընդդիմությանը, իսկ սեփականաշնորհման արդյունքներից կօգտվեն նախկին «պահեստապետերը» և կոմունիստական նոմենկլատուրան, որոնք գումարներ են կուտակել և, սեփականաշնորհումից օգտվելով, իրենց կուտակած փողը  կվերածեն քաղաքական կապիտալի և կնվաճեն իշխանությունը։ Բնականաբար, դա չպետք էր թույլ տալ։ 1995-ի խորհրդարանական ընտրությունների կեղծման առաջին արգասաբեր փորձն էր, որը հիմքում ուներ սեփականության անօրինական ձեռք բերումն ու պահպանումը ու նոր «սեփականատերերի» դասի  հիման վրա (շարժման տղաներից բաղկացած) քաղաքական իշխանության կառուցումը։ Այդ նպատակին հասնելու համար պետք էր հասարակությանը զրկել արդար ընտրություններ իրականացնելու հնարավորությունից:

Առաջին երեք` երկու նախագահական ու 1995-ի ԱԺ ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկը` ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, վերհիշում  է ընտրությունների անցկացման եղանակները. «Երկրապահի քաղաքականանալը Երկրապահի նախաձեռնությունը չէր: 94 թվականին, երբ որ Դաշինքը (Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունների միությունը) հզոր էր, Լևոնը (Տեր-Պետրոսյան) խուճապի մեջ ընկավ և առաջարկեց Սարգսյանին քաղաքականացնել Երկրապահը, և Երկրապահը սկսեց քաղաքականանալ»: Բնականաբար, 94-ին պատրաստվում էին 95-ի ԱԺ ընտրություններին, որտեղ արդեն սկսվեց ուժային բաղադրիչի և ընտրակեղծիքների մեքենայի կառուցումը:

1996-ի դրամատիկ նախագահական ընտրությունների ընթացքի մասին նույն հարցազրույցում Վանո Սիրադեղյանը հետաքրքիր բացահայտումներ է անում. «Երբ որ ընտրությունների գիշերը այդ արդյունքները հաղորդում են, բոլորս նստած էինք ՀՀՇ վարչության շենքումև ստանում էինք այդ անմխիթար տվյալներըԵս Վազգեն Սարգսյանի հետ գնացի մյուս սենյակ, 3-4 րոպե, հիմնական հարցն էր, թե Լևոնը պատրաստ է երկրորդ փուլ գնալ: Վազգենը ասեց, որ չէ, պատրաստ չի: … և փաստորեն երկրորդ փուլ չեղավ»:

Ակնհայտ է, որ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր որոշում` ընտրությունների երկրորդ փուլ լինելու է, թե ոչ, այլ թեկնածուներից մեկը: Վանո Սիրադեղյանը շարունակում է` ասելով, որ 1996-ից հետո իշխանության է գալիս «ռազմական թևը» «ոչ իր կամքով» քաղաքականացված Երկրապահի հետ միասին: 1996-1997 թվականներին մամուլը լի էր սեփականության վերաբաշխման գործընթացների մասին մանրամասներով: «Օպերացիային» մասնակցում էին ոստիկանությունը, դատախազությունը և, բնականաբար, «ռազմականացված թևը»:

Հատված Վազգեն Մանուկյանի` 1996-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթից. «Այստեղ, այս պահին չի որոշվում անձի հարցը: Մեկը մյուսից կարող է մի քիչ ավելի լավ նախագահ լինել, մեկը` ավելի վատը: ...Այսօր Հայաստանում դրվում է ավանդույթ, թե արդյոք Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով փոփոխել իշխանությունը, ժողովրդի կամքը, ցանկությունը որևէ դեր կատարելո՞ւ են ապագայում, թե՞ ոչ: Այդ հարցն է լուծվում»:

Ըստ այն ժամանակ տարածված խոսակցությունների` Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունել իր պարտությունը, սակայն «թիմի» ճնշման հետևանքով հակառակ ճամբարի անդամների նկատմամբ սկսվեցին զանգվածային ռեպրեսիաները: Փաստորեն, երկրի ղեկավարը պետք է լինի իր թիմի անվտանգության երաշխավորը: Պատահական չէ, որ ներկայումս Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրը քննարկելիս նրա քաղաքական հենարանի անդամները սկսել են հաճախակի օգտագորրծել «անվտանգություն» բառը:

Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ լուծվում են սեփականության ձեռքբերման և վերաբաշխման խնդիրները, սակայն յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծվում են նոր հարաբերություններ և նոր քաղաքական խճանկար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ