HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական աճի ու մարդկանց բարեկեցության կտրված կապը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ զրույցում բանկային համակարգի տոկոսադրույքներից հասնում ենք մինչև բուքմեյքերական ընկերությունների և խաղատների գործունեության թեմային։ Ա. Խուրշուդյանն ընդգծում է, որ Հայաստանում տնտեսական աճը երբեք չի նշանակում մարդկանց բարեկեցության աճ. պատճառը տնտեսության կառուցվածքն է։

Պրն Խուրշուդյան, Հայաստանում շղթայաբար բարձր են վարկերի տոկոսադրույքները  և Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն տոկոսադրույքը, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին։ ԿԲ-ն իր վերջին հաղորդագրություններում, կարծես,  ակնարկում է, որ հնարավոր է բարձրացնի այդ տոկոսադրույքը, ինչի հետևանքով կարող են բարձրանալ նաև վարկերի տոկոսադրույքները։ Ըստ Ձեզ՝ այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու հիմքեր կա՞ն։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի այն գործիքն է, որով այս կառույցն ազդում է գնաճի վրա, բայց շատ անուղղակի։ Այսինքն՝ դրա ազդեցությունը որոշ ժամանակ հետո է երևում։ Գնաճային ճնշումների ժամանակ այն բարձրացվում է, իսկ երբ նման ճնշումներ չկան, նվազեցվում է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նույնիսկ 0.5 տոկոսային կետով իջեցումը կամ բարձրացումը լրացուցիչ  թեթևացում կամ բեռ է բնակչության համար։ Ավելի մեծ բեռ, քան, օրինակ, կարագի գնի երկու-երեք անգամ թանկացումը։ Սակայն, մարդիկ դա չեն նկատում։

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվեց նախորդ տարվա փետրվարին, դարձավ 6% և կայուն մնաց։ Դա ազդակ էր, որ հասել ենք հետճգնաժամային կայուն վիճակի։ Իհարկե, տեղի ունեցավ որոշ գների աճ, օրինակ՝ կարագի գինը, որն ամենաքննարկվածն էր։ Բայց ԿԲ-ն անփոփոխ թողեց տոկոսադրույքը։ Բնական գնաճն էլ նորմայի սահմաններում է եղել։ Այն կազմել է 3.6% (բնականոն գնաճի պարագայում չի հաշվարկվում կարճաժամկետ և կտրուկ տատանումներ ունեցող ապրանքների և ծառայությունների գնաճը,-հեղ.)։ Բնական գնաճը դանդաղ սողացող, բայց ավելի կայուն ու հաստ պարան է, որն ավելի շուտ է ցույց տալիս գնաճային դինամիկան։

Այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասարակշռված վիճակում է և փոփոխությունների հիմք ես չեմ տեսնում։ Այստեղ կարևոր է լոմբարդային տոկոսադրույքի ցուցանիշը։ Երբ բանկերը վերցնում են լոմբարդային վարկ, նշանակում է իրացվելիության խնդիր ունեն։ 2015-2016թթ. ամիս չկա, որ բանկերը այդպիսի վարկեր ԿԲ-ից վերցրած չլինեն։ Ադապտացվում էին ճգնաժամից հետո։ Իսկ 2017-ի ընթացքում միայն հունիսին են վերցրել և դեկտեմբերին։ Դա նշանակում է, որ բանկերը իրացվելիության խնդիր չունեն։ Այսինքն՝ ԿԲ-ն հիմա, նույնիսկ եթե բարձրացնի տոկոսադրույքը, բանկերի վրա դա էական ազդեցություն չի ունենալու։  Տվյալ դեպքում տոկոսադրույքների բարձրացման մասին լուրերը սպասումների վրա ազդելու համար են, հատկապես՝ բանկերի համար։ Այս պահին ռիսկային իրավիճակ չեմ տեսնում, և ԿԲ-ն պետք է որ չփոխի, քանի որ դե ֆակտո դրանով բանկեր-ԿԲ հարաբերություններում բան չի փոխվելու։ Մնում են սպասումները։ Թե այդ սպասումները ինչպես կաշխատեն Հայաստանում, պատասխան չունեմ։

Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու, հետևաբար նաև՝ վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու հնարավորություն կա՞։

Հայաստանում տոկոսադրույքները բարձր են։ Դա մեր տնտեսության կառուցվածքից է, ցավոք սրտի։ Ինչու՞ չի կարելի այս պահին շատ իջեցնել վերաֆինանսավորման, հետևաբար՝ նաև վարկերի տոկոսադրույքները, երկու պատճառ կա։ Առաջինը՝ այն հանգեցնելու է սպառման աճի, դա մեխանիկորեն կբերի գնաճի և ներմուծման ծավալների աճի, որովհետև մեր սպառման կառուցվածքում ներմուծումը մեծ տեղ ունի, փող է դուրս գնում։ Դա էլ կազդի փոխարժեքի վրա։ Երկրորդ պատճառը բանկերի վերակառուցման գործընթացն էր։ Եթե նայում ենք ընդհանուր բանկային համակարգը, ցուցանիշները լավն են, բայց բանկ առ բանկ նայելով` մենք տեսնում ենք, որ խիստ տարբեր են ցուցանիշները։ Այստեղ էլ երկու պատճառ կա՝ մեկը հետճգնաժամային ադապտացումն էր։ Երբ ֆինանսական ճգնաժամը եղավ, բանկերը, որպեսզի լուծեին իրենց իրացվելիության խնդիրները, բարձրացնում էին ավանդների տոկոսադրույքները։ Ճգնաժամից հետո էլ բանկերը մեծ տոկոսադրույքներով պարտավորություններ ունեին։ Այն բանկերը, որոնք այդ ադապտացիան հեշտ անցան, կարողանում են ցածր տոկոսադրույքներով վարկեր տալ։ Կապիտալի մեծացման հետևանքով բանկերի կոնսոլիդացիա տեղի ունեցավ։ Բանկերի թիվը կրճատվեց, մրցակցությունն ավելացավ։ Եթե ԿԲ-ն շատ իջեցնի տոկոսադրույքը, որոշ բանկեր կարող են նաև չհարմարվել ու սնանկանալ։ Մենք հիմա կոմերցիոն բանկերի արդյունավետության լուրջ խնդիր ունենք։

Բնակչությունն իր վարքագծով ինչպե՞ս կարող է ազդել ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վրա։

Երբ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ քիչ սպառողական վարկեր վերցնեն, բանկերը կսկսեն մտածել՝ ինչպես անել, որ նոր հաճախորդներ ներգրավեն և կիջեցնեն տոկոսադրույքները։ Բայց դա այդքան հեշտ չէ, մարդկանց վարքագիծն այդպես արագ չի փոխվում։ Հակառակը՝ տոկոսադրույքն է վարքագիծ թելադրում։ Երբ տոկոսադրույքները շատ են բարձրանում, մարդիկ քիչ են վարկեր վերցնում, քիչ են սպառում։ Սպառման ծախսերի կառուցվածքը պետք է փոխվի։ Մենք ծախսող հասարակություն ենք։

Շղթայաբար պետք է փոխվի նաև ծառայությունների որակը։ Այդ փոփոխությունները չեն կարող միակողմանի լինել։ Օրինակ՝ մենք վճարում ենք աղբահանության համար։ «Սանիտեք»-ը գեղեցիկ աղբամաններով  սկսեց աղբահանությունը, բայց հիմա այդ աղբամանները ողբերգական վիճակում են։ Իսկ մենք շարունակում ենք վճարել նույն գինը։ Այսինքն՝ սպասարկման որակը կտրուկ ընկել է, բայց մենք նույն գինն ենք վճարում։ Դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանը լավ չի աշխատում։ Ուզում ենք կառուցվածքը փոխվի, մարդիկ այլ կերպ ապրեն, բայց դա շղթա է, պետք է ընդհանուր փոխվի։ Նույնը առողջապահության համակարգը և այլն։

Պետական կառույցների ներկայացուցիչները հաճախ նշում են, որ բանկերում ավանդներն ավելացել են, և դա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի շատ խնայել, բարեկեցությունն է աճել։ Ավանդների աճը կարե՞լի է բարեկեցութան հետ կապել։

Ավանդները խնայողության ցուցանիշ չեն։ Ավանդների աճը միայն ցույց է տալիս, որ կա բնակչության մի հատված, որը կարողանում է ավելի շատ խնայել։ Սա արդեն խոսում է եկամուտների ձևավորման լուրջ անհավասարության մասին։ Ունենք մի շերտ, որը շատ է կարողանում վաստակել, մի շերտ, որը չի վաստակում։  

Իրական խնայողության պատկերը Ազգային հաշիվներում ենք տեսնում, որը հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Իրական խնայողությունն այն է՝ որքան եմ ես վաստակել, դրանից որքանն եմ ծախսել, որքանը՝ խնայել։ Իսկ Ազգային հաշիվներում տեսնում ենք, որ մեր բնակչությունը ավելի շատ ծախսող բանկչություն է։ Մեր  հակվածությունը ոչ թե խնայելն է, այլ՝ ծախսելը։ Սա միջին բնակչության մասին է։ Եթե նայում ենք մեր Ազգային հաշիվների կառուցվածքը, որը ներկայացնում է ֆինանսական անձանց և ձեռնարկությունների հաշիվները, այնտեղ հետաքրքիր տարբերություններ ենք տեսնում. ձեռնարկությունները ստանում են շահույթ, մի մասը վերաներդրում է անում, մի մասն էլ խնայում է։ Իսկ ֆիզիկական անձինք մինուս խնայողություններ ունեն, այսինքն՝ հիմնականում վարկերի հաշվին են իրենց ներդրումներն ու ծախսերը կատարում։ Հիմնական կառուցվածքային խնդիրն այստեղ է։ Այսինքն՝ եթե տոկոսադրույքները իջեցվեն, մարդիկ ավելի շատ վարկեր կվերցնեն։

Մարդիկ վարկեր են վերցնում բարեկեցության ցածր մակարդակի, իրենց վարքագծի և այլ պատճառներով։ Հայտարարվել է, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է  7.5%: Բայց մարդիկ բողոքում են, որ իրենց բարեկեցությունը չի աճել։ Եթե տնտեսական աճ կա, ինչու՞ բնակչությունն այն չի զգում։

Մեր տնտեսության կառուցվածքից է դա։ Օրինակ՝ մեկ լեռնահանքային ընկերությունն արտահանել է 20%-ով ավելի շատ պղինձ, քան նախորդ տարի։ Շահույթը ստացել է, և քանի որ մեծ մասը օֆշորում գրանցված ընկերություններ են, Հայաստանից այդ գումարները դուրս են եկել։ Հետևաբար, այդ աճը չէր կարող ադզել բնակչության բարեկեցության վրա։ Տնտեսական աճը երբեք չի նշանակում մարդկանց բարեկեցության աճ։  Կարող է 20%  տնտեսական աճ էլ լինի, բայց բնակչությունը չզգա։ Ի դեպ, հակառակն էլ է ճիշտ՝ տնտեսական անկումն էլ չի նշանակում բարեկեցության անկում։ Հայաստանի պարագայում բարեկեցության մակարդակն իմանալու համար պետք է դիտարկել աղքատության մակարդակը։ 2017 թվականի աղքատության ցուցանիշը ուշ է հրապարակվելու, օպերատիվ ցուցանիշներ էլ չկան։

Միայն երկու ցուցանիշ ասեմ, թե ինչու Հայաստանում տնտեսական աճն ու բարեկեցությունը փոխկապակցված չեն։ Առաջինը գործազրկության մակարդակն է։ Զարգացած երկրներում գործազրկությունը 6%-ից ցածր է, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է տնտեսական գործունեությամբ, և տնտեսական աճը արտացոլվում է այդ մարդկանց կյանքում։ Իսկ Հայաստանում բավականին բարձր է գործազրկությունը (2016թ. տվյալներով` գործազրկության ցուցանիշը 18% է-հեղ.) և այդ պատճառով տնտեսական աճը չի տարածվում շատերի վրա։ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ կապը բնակչության հետ այնքան էլ մեծ չէ։ Միակ ոլորտը մեր տնտեսության մեջ, որ մարդկանց հետ ուղղակի մասսայական կապ ունի, գյուղատնտեսությունն է։ Օրինակ՝ մսի գնաճի պարագայում բնակչությունը սպառողի տեսակետից բողոքում է, որ թանկացում է եղել, բայց մյուս կողմից էլ որոշ գյուղացիների համար դա օգուտ է եղել, նրանց, ովքեր արտադրողի դերում են։

Երկրորդ ցուցանիշը, թե ինչու Հայաստանում տնտեսական աճն ու բարեկեցությունը փոխկապակցված չեն, բխում է առաջինից։ Դա բնակչության եկամուտների աղբյուրն է։ Հայաստանում շատերը ոչ թե տեղի տնտեսությունից են գումարներ ստանում, այլ՝ արտերկրից, դրանք միգրանտների ուղարկած գումարներն են։ Կառուցվածքային այս տարբերությունն է պատճառը, որ մենք չենք կարող համեմատվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ և ասել՝ այնտեղ տնտեսական աճը միանգամից ազդում է մարդկանց բարեկեցության վրա, մեզ մոտ՝ ոչ։  

Մեզ մոտ  ՀՆԱ-ն ցույց է տալիս մեր երկրի տնտեսության մրցունակության թույլ վիճակը։

Հայաստանում վերջին տարիներին մեծ տեմպերով աճում է խաղատների և բուքմեյքերական ընկերությունների հասույթը։ Սա ևս տնտեսական աճին նպաստող գործոններից է։ Որքանո՞վ է դա առողջ աճ մեր տնտեսության համար։

Վիճակախաղերի և խաղատների ոլորտում ընդամենը եկամուտների վերաբաշխում է  տեղի ունենում։ Մակրո առումով դա ամենավատ բաներից մեկն է։  Կոպիտ է, բայց այդպես է՝ գումարը հիմարներից անցնում է խելոքներին։ Արդյունքում ներգրավվածների գերակշիռ մասը տուժում է, միայն 20%-ը, օրինակ,  շահում, 10%-ն էլ զբաղված է այդ մնացածին սպասարկելով։ Միշտ ասվում է, որ 10%-ի համար զբաղվածություն է ապահովվել, ինչ լավ է, բայց պետք է տուժողների կողմը նայել։ Նրանց մեջ կան աշխատող ու չաշխատող մարդիկ, նույնիսկ ծայրահեղ խաղամոլներ։ Իրենց վաստակած եկամուտը փորձում են լոտոյով բազմապատկել, ցանկացած դեպքում իրենք տուժում են, որովհետև միշտ բուքմեյքերական կազմակերպությունները շահույթ են ստանում։ Եթե ինչ-որ մեկը շահույթ է ստանում, ուրեմն ինչ-որ մեկն էլ կորցնում է։ Կորցնում է հանրությունը՝ այն մարդիկ, ովքեր խաղում են։ Տնտեսական մրցունակության առումով դա վատ ոլորտներից մեկն է։

Հայաստանի տնտեսության կառուցվածքը նաև այնպիսին է, որ տնտեսական գործընթացները կենտրոնացած են Երևանում, իսկ մարզերը բավականին պասիվ են։ Համաչափ զարգացման ծրագրեր տեսնու՞մ եք պետական կառույցների կողմից։

Հայաստանի համաչափ զարգացումը, որը սահմանադրական դրույթ է, կառավարության ծրագրի մաս պետք է լինի, բայց բյուջեն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Նույնիսկ ցուցանիշ չկա, թե բյուջեն վերաբաշխելիս որքանն է բաժին հասնում Երևանին, որքանը՝ մարզերին։ Այդ հարցը պետք է օրակարգ դրվի, պետք է փոխվի։ Երևանի քաղաքապետարանը շատ ավելի արտոնյալ վիճակում է՝ համեմատած մյուսների։ Ունենք Երևանում նորմալ փողոց, որը քանդում ու նորից են վերանորոգում, քանի որ դրա համար բյուջեից փող են ստացել, բայց ունենք քաղաքներ մարզերում, որ 20 տարի է՝ փողոցները չեն վերանորոգվել։ Դա լուրջ անհամաչափության մասին է խոսում։

Մեկնաբանություններ (2)

Ashot
Եթե մարդը Հայաստանում չի աշխատում գնացելա դուրս երկար տարիներ ուրիշ երկրի համարա աշխատում իր Հայաստանում մնացած բարեկամներնել էլի չեն աշխատում իրա ուղարկածով են ապրում իրանք իրավունքել չունեն պահանջեն որ տնտեսական աճը իրենց վրա ազդի։ ՊԵտքել չի ազդի։ Գաղտնիք չի, որ տենց շատ մարդիկ պետությունից նպաստ են ստանում, քանի որ պաշտոնապես ոչ մի եկամուտ Հայաստանում չունեն։ Ու եթե իրանց նպաստը ավելացնեն կստացվի, որ աշխատողներից եկամուտը վերաբաշխվումա դեպի ձրիակերները։
Ashot
Բուքմեյկերական ընկերությունների շրջանառության արագ տեմպերով ավելացումը հիմնականում դրսի հաշվինա կատարվում օնլայն սայթերի միջոցով։ Ակնհայտա, որ Հայաստանի փոքր շուկայի հաշվին ուղղակի չէր կարող տենց արագ տեմպերով ավելանալ։ Իսկ եթե այլ երկրի քաղաքացի հիմարներից եկամուտը վերաբաշխվումա դեպի Հայաստանի քաղաքացիներին դրանում վատ բան չկա։ Նույն ձևել ասենք ամբողջ աշխարհի Այֆոն ու նմանատիպ այլ պիառված բրենդներ օգտագործող սոված ցուցամոլների շնորհիվ իրանց երկրի հարստությունը վերաբաշխվումա դեպի ավելի հարուստ երկրներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter