HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արիֆ Յունուսով. «Քչերը հասկացան Երեւանի մասին Իլհամ Ալիեւի հայտարարության իրական շարժառիթը»

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվելու 2018 թ. ապրիլի 11-ին, ավանդական հոկտեմբերի փոխարեն։ Այս պահի դրությամբ կան 15 առաջադրված  թեկնածուներ։ 

Թե ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրությունները, ի՞նչն էր ժամկետը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում  ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կա երկրում, ի՞նչ  սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական հասարակությունը, զրուցել ենք հայտնի կոնֆլիկտաբան եւ պատմաբան, արդեն երկու տարի որպես քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակվող եւ իր գիտական ու հասարակական գործունեությունը շարունակող Արիֆ Յունուսովի հետ։

Ի՞նչն է, ըստ էության, տարբերում 2018 թ. Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախորդ ընտրություններից։

Այո, այս նախագահական ընտրություններն առանձնահատկություն ունեն։ Մինչեւ հիմա դրանք ստանդարտ ընթացք են ունեցել. նշված ժամկետում իշխանությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսը, տարբեր «կարուսելների» միջոցով  տոտալ կեղծարարություններ է կատարել, իսկ վերջում հսկողության տակ գտնվող ԿԸՀ-ն ընդունել է իշխանություններին անհրաժեշտ որոշումը։ Եվ միշտ, թեկուզ ձեւական, ընտրություններում եղել է իշխանության եւ ընդդիմության պայքարի թեման։

Այս ընտրությունների ժամանակ էլ, իհարկե, կլինեն ընտրակեղծիքներ, թեեւ իշխող ռեժիմն ի սկզբանե գիտի, որ հաղթելու է։ Պատճառն այն է, որ իշխանությունները արեւելյան ավանդույթով պաշտոնապես չեն կարող խոստովանել, որ ընտրությունները հետաքրիր չեն եղել հանրությանը, եւ ընտրատուփերի մոտ շատ քիչ քաղաքացի է եկել։ Իսկ գլխավորը, Ադրբեջանի նման արեւելյան երկրում, որտեղ քարոզչամեքենան անդադար պնդում է Իլհամ Ալիեւին «համաժողովրդական սատարման» մասին, ԿԸՀ-ն ապրիորի չի կարող հայտարարել, թե գործող նախագահը ստացել է 85%-ից քիչ ձայն։

Այդուհանդերձ, այս ընտրությունները կմտնեն պատմության մեջ եւ ավելի շատ կքննարկվեն։ Ինչու՞։ Նախ, երբեք ընտրությունների ժամկետները չեն տեղափոխվել։ Ու հանկարծ հիմա դա տեղի ունեցավ։ Նախագահի որոշումը ակնհայտորեն անսպասելի էր անգամ նրա մոտ շրջապատի համար։ Ահա ինչու իշխանական թիմում անգամ չհասցրեցին համաձայնեցնել տրվող մեկնաբանությունները։ Սխալվելու եւ նախագահին հիմար վիճակում դնելու ռիսկը մեծ էր, ահա ինչու նրա վարչակազմի աշխատակիցների մեծ մասն ու «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության առաջնորդները գերադասեցին լռել եւ սպասողական դիրք գրավել, մինչեւ իրավիճակը կպարզվի ու կհրապարակվի պաշտոնական մեկնաբանությունը։

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրություններում չի լինի «իշխանություն-ընդդիմություն» թեման, կլինեն միայն «իշխանությունն ու իր խամաճիկները»։  Ընդդիմությունն իր ողջ կազմով բոյկոտում է ընտրությունները։ Իսկ նրանք, ում իշխանություններն առաջ են մղել «անկախների» եւ իբրեւ թե «ընդդիմադիրների» քողի տակ, անգամ մոտ չեն այդ անվանմանը։

Արտահերթ ընտրությունների պատճառների մասին շրջանառված բոլոր պաշտոնական մեկնաբանություններից եւ ոչ պաշտոնական ենթադրություններից (որ մերձավորարեւելյան գործընթացներից բխող սպառնալիքներ կան, որ պետք է սինխրոնացնել Հայաստանի կառավարության ձեւավորման մարտ-ապրիլյան գործընթացի հետ, ռուսաստանյան նախագահական ընտրություններին, որ պետք է Ղարաբաղյան բանակցությունները չհետաձգել եւ այլն ), որո՞նք եք համարում իրականությանը մոտ։    

Ի դեմս հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի՝ իշխանությունները ջանացին համոզել բոլորին, որ այդ որոշման հիմքում բացառապես տեխնիկական պատճառներ կան. աշնանը երկրում տեղական եւ միջազգային նշանակության միջոցառումներ են անցկացվելու (Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադրման 100-ամյակ եւ Միջազգային հումանիտար ֆորում), ինչը եւ ստիպեց իշխանություններին փոխել ընտրությունների ժամկետը։ Հիմնավորումները բացահայտ ծիծաղելի էին, եւ հասարակությունը քմծիծաղով ընդունեց դրանք։

Բանն այն է, որ Իլհամ Ալիեւն անգամ առանձնապես չի էլ թաքցնում իր ատելությունն այն ամենի նկատմամբ, ինչը կապված չէ իր հոր անվան հետ, եւ այդ պատճառով ցուցադրաբար չի նշում նման իրադարձությունները։ Առաջին հերթին երկրում վաղուց արգելանք է դրված այն ամենի վրա, ինչը կապված է ԱԴՀ-ի, նրա առաջնորդներ Մամեդ Էմին Ռասուլզադեի, Նասիբ Յուսիֆբեկովի, Ալիմարդան Տոլչուբաշեւի եւ Ֆաթալի Խան Խոյսկու հետ։ Հատկանշական է նրա վերաբերմունքը ԱԴՀ հիմնադիր Մ.Է. Ռասուլզադեի նկատմամբ։ Դեռ 1993 թ. Հեյդար Ալիեւը հրամանագիր ստորագրեց մայրաքաղաքի կենտրոնում Ռասուլզադեի արձանը տեղադրելու մասին։ Այդ ընթացքում անգամ հասցրել էին ոչ մեծ ցուցատախտակ փակցնել գրությամբ, որ հենց այստեղ է լինելու արձանը։ Հետո այդ ցուցատախտակը անաղմուկ հանեցին։ 2013թ. Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակի նախօրեին նորից բարձրացավ արձանի հարցը, բայց Իլհամ Ալիեւի հրահանգով ամեն ինչ արխիվ քշվեց։ Ադյունքում մայրաքաղաքում այդպես էլ նախատեսված արձանը չտեղադրվեց։   

Ու հիմա իշխանություններն իբրեւ թե հոգում են եւ որոշել են նշել ԱԴՀ-ի 100-ամյակը, եւ դրա համար գնացել են ընտրությունների ժամկետն առաջ տալու՞ն։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այդ տարեդարձը պետք է նշվի մայիսի 28-ին, այսինքն` նախագահական ընտրությունների նախկին ժամկետից չորս ամիս առաջ։  

Նույնքան անլուրջ է եւ այսպես կոչված ֆորումի հետ կապված փաստարկը, որն առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում, երկրում ոչ ոք դրանով չի հետաքրքրվում, առավելեւս միջազգային մակարդակում, նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը։ Չէ՞ որ դա մի շարքային քարոզչական միջոցառում է, որի ժամանակ հավաքում են իշխանությունների լոբբիստներին եւ վաղուց տիրաժավորվող արեւմտյան քաղաքական գործիչներին։ Բայց այս միջոցառումն էլ լինելու է սեպտեմբերի վերջին, այսինքն` այստեղ էլ իրականում ժամանակ կար։ Ինչպես տեսնում ենք, բոլոր բացատրությունները ոտքի վրա մտածված բաներ են։  

Պաշտոնական այս մեկնաբանությանը հաջորդեցին ուրիշ բացատրություններ` ավելի խելացի, կառավարամետ ներկայացուցիչների կողմից։ Ասենք, հայկական եւ ադրբեջանական ընտրությունների սինխրոնացումը ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առաջմղման համար։ Բայց Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունները վաղուց չեն ազդում բանակցային գործընթացի վրա։ 2006 թվականից ամեն ինչ արդեն շարադրված եւ քննարկված է, պետք է միայն հասնել կողմերի՝ հայտնի Մադրիդյան սկզբունքների ընդունմանն ու իրականացմանը։ 

Սակայն տեսանելի ապագայում բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առաջարկությունները չեն ընդունվելու։ Համ էլ բանակցային գործընթացում երկու կողմերի հիմնական խաղացողները վաղուց նույն դեմքերն են, ամեն ինչ ընթանալու է այնպես, ինչպես եղել է։ Ուստի այս գործոնն էլ որպես ընտրությունները տեղափոխելու պատճառ չի կարելի լուրջ համարել։

Իսկ ահա մերձավորարեւելյան գործընթացներից բխող սպառնալիքի՝ որպես ժամկետների տեղափոխման պատճառի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, այնքան դա անլուրջ է։

Այդ դեպքում ի՞նչը դեր ունեցավ։ Ներքաղաքական/ներկլանային խժդժություննե՞րը։

Այո, հենց դրանք։ Ժամկետների տեղափոխման պատճառները զուտ ներքին բնույթի են։ 2003թ. Իլհամ Ալիեւի իշխանության գալու առաջին ամիսներից լարվածություն ստեղծվեց մի կողմից՝ նրա եւ կնոջ ընտանիքի (Փաշաեւների կլան), մյուս կողմից՝ Հեյդար Ալիեւի հին թիմի միջեւ։ Իլհամ Ալիեւի խնդիրն այն էր, որ հայրը նրան իշխանության բերեց եւ մտածում էր, որ տարիներ շարունակ իր իսկ աճեցրած թիմը հենարան կլինի նաեւ որդու համար։ Բայց Իլհամ Ալիեւը, եւ ավելի շատ՝ նրա կինն այդպես էլ Հեյդար Ալիեւի թիմն «իրենցը» չէին ընկալում։ Վերջիններս էլ, իրենց հերթին սրանց տանել չէին կարողանում։ 2004-2005թթ. Իլհամ Ալիեւի՝ իր հոր թիմը հեռացնելու առաջին փորձը տապալվեց, թեեւ վերջինս կորուստներով ետ շպրտեց հարձակումը։ 2005թ. ձերբակալվեց եւ երկու տարի հետո 11 տարով դատապարտվեց հայաստանյան ծագումով ադրբեջանցիների առաջնորդ Ալի Ինսանովը։ Նա մինչ օրս նստած է,  2016թ. հոկտեմբերի վերջին` ժամկետը ավարտվելուն մոտ, բացահայտ մտացածին պատրվակով նորից դատապարտվեց նոր ժամկետով։ Չնայած ՄԻԵԴ-ի որոշմանն ու Ինսանովի 72-ամյա տարիքին, նրան ոչ մի դեպքում ազատ չեն արձակելու։ Սրան հաջորդեցին հայաստանյան ծագումով գործիչների հետապնդումները, շատերը զրկվեցին պետկառույցներում իրենց պաշտոններից։ Կորուստներ կրեց նաեւ «նախիջեւանյան» խմբավորումը, որոշներից խլվեցին բիզնես կառույցներ։ Հատկապես ուժեղ հարված ստացավ Իլհամ Ալիեւի հորեղբայր Ջալալ Ալիեւը։ Մամուլում վերջինս առանձնապես չէր էլ թաքցնում իր ատելությունը Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ նկատմամբ, նվաստացուցիչ կերպով  նախագահին անվանում էր «Իլհամ Փաշաեւ»։ 

Իլհամ Ալիեւն ու կինն իրենց թիմը չունեին։ Դասական ընդդիմության դեմ պայքար էր մղվում, եւ ժամանակավորապես պետք չէր իշխող թիմի ներսում սրացման գնալ։ Այդ ժամանակ էլ սկսվեց էներգառեսուրսներից ստացվող հսկա շահույթների հոսքը, եկամուտները բոլորին հասնում ու բավարարում էին։ Բայց, միեւնույն է, կողմերը ուշադիր հետեւում էին միմյանց։ Նախագահության առաջին ժամկետի վերջին Մեհրիբան Ալիեւայի կողմնակիցները ընտրություններին մասնակցելու եւ նրան իշխանության բերելու նպատակով կուսակցություն ստեղծեցին։ Հին թիմը նախագահի վարչության ղեկավարի գլխավորությամբ միանգամից շարժվեց  եւ թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։ 

Հիմա նավթի գներն արդեն նախկինը չեն, երկիր այլեւս այդպիսի առասպելական շահույթներ չեն մտնում։ Ընդդիմությունը վաղուց ջախջախված է, հնարավոր չէ նրա` որպես լուրջ ուժի մասին խոսել։ Այս պայմաններում նախկին տարաձայնությունները կտրուկ աճել են։ Բարձրացավ պայքարող խմբակցություններից մեկի վերջնական ջախջախման հարցը։

Ուղիղ մեկ տարի առաջ Իլհամ Ալիեւը փոխնախագահ նշանակեց իր կնոջը։ Դրանից հետո նա հրաման արձակեց իր վարչակազմի նախկին թիմի պաշտոնաթողության եւ նորի ձեւավորման մասին։ Եվ հենց այստեղ բավական նուրբ  իրավիճակ ստեղծվեց. բոլորը հասկանում էին, որ այդ որոշումով Իլհամ Ալիեւը պաշտոնանկ է անում ոչ թե պարզապես նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին ու նրա թիմին, այլ՝ Հեյդար Ալիեւի խմբին։ Բայց Մեհթիեւը հրաժարվեց կամավոր հեռանալ։ Արդյունքում իրավական տեսանկյունից աբսուրդ իրավիճակ ստեղծվեց. հին թիմը ֆորմալ առումով, թղթի վրա վերացված է, բայց դե-ֆակտո առաջվա նման աշխատում է։ Նորը նույնպես աշխատում է, բայց ոչ թե նախագահի վարչակազմում, այլ Հեյդար Ալիեւի հիմնադրամում։ Փաստորեն, այդ ժամանակ 79-ամյա Ռամիզ Մեհթիեւը ցույց տվեց իր ուժը։  

Խմբակցությունների միջեւ սկսեց աճել լարվածությունը, եւ դա` ընտրությունների նախապատրաստման պայմաններում։  Նաեւ՝ առաջիկա ամիսներին սպասվող լուրջ ինֆլյացիայի եւ երկրում դժգոհությունների աճի համատեքստում։ Պատահական չէ, որ ընտրությունների ժամկետի փոփոխումից հետո եղան Ադրբեջանի համար նշանային երկու հայտարարություններ։ Սկզբում իշխանության տեղական մարմինների ղեկավարները հավաստիացում ստացան, որ ո´չ ընտրություններից առաջ, եւ ո´չ էլ հետո նրանցից ոչ ոք աշխատանքից չի հեռացվելու։ Բայց չէ՞ որ դա Ռամիզ Մեհթիեւի թիմն է։ Նրանց ակնհայտորեն հանգստացնում էին՝ ջանալով պոկել Մեհթիեւից եւ ուղղորդել դեպի Իլհամ Աիեւը։ Հետո ելույթ ունեցավ ինքը՝ Իլհամ Ալիեւը, Երեւանի մասին իր հայտնի հայտարարությամբ։ Այն մեծ արձագանք ստացավ հայերի շրջանում եւ միջազգային մակարդակում։ Բայց շատ քչերը հասկացան այդ հայտարարության իրական շարժառիթը։

Իրականում բոլոր խոսակցությունները, թե Ադրբեջանը վաղ թե ուշ կվերադարձնի Երեւանը, հասցեագրված էին հայաստանյան ծագումով ադրբեջանցիներին, այն նպատակով, որ նրանք Իլհամ Ալիեւին եւ իր թիմին որպես յուրային ընդունեն։ Չէ՞ որ հենց նրանք են 90-ականների սկզբներից խոսում այդ մասին։ Երեւանը վերադարձնելու թեման ամենեւին էլ նոր չէ ադրբեջանական հասարակության համար, բայց հետաքրքիր է միայն հայաստանյան ծագումով խմբերին։

Այնպես որ, ընտրությունների ժամկետի տեղափոխման որոշման հիմքում միջկլանային բախումներն ու իշխանական խմբավորումների միջեւ պայքարն է։

Ադրբեջանի ընդդիմությանը երբեք չի հաջողվել, ինչպես եւ այս անգամ, ոչ հանդես գալ միասնական թեկնածուով, ոչ էլ ընտրությունները միասնաբար բոյկոտել, բայց փորձեր եղել են։ Ո՞րն է պատճառը։

Ոչ, այս անգամ ընդդիմությունը կարողացավ հանդես գալ միասնական դիրքերից եւ որոշում կայացնել բոյկոտի մասին։ Համենայնդեպս, առաջատար ընդդիմադիր ուժերը՝ Ազգային խորհուրդը պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի գլխավորությամբ, Ազգային ճակատը Ալի Քերիմլիի գլխավորությամբ, «Մուսավաթ» եւ «ՌԵԱԼ» կուսակցություններն այդպես արեցին։ Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել դրածո, իշխանությունների համար աշխատող գործիչները։ 

Ավելին, դեռ վերջերս ընդդիմությունը չէր կարողանում համաձայնության գալ միասնական գործողությունների եւ բողոքի ցույցերի հարցում։ Իսկ հիմա դա նրանց հաջողվեց, եւ մարտի 10-ին անցկացվեց միասնական ցույց ընդդեմ ընտրությունների։ Ուրիշ բան, որ ցույց ընդդիմությունը դեռ ի վիճակի է անցկացնել, ավելիին ուժերը չեն բավարարում։ Եվ դա մի քանի պատճառ ունի։ Մի կողմից` ազդեցություն ունեցան իշխանությունների բռնաճնշումերը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի «գառների լռության» ֆոնին, ընդդիմությունը պրակտիկորեն ջախջախված է եւ վաղուց արդեն որեւէ դեր չի խաղում քաղաքական գործընթացներում։ Մյուս կողմից` ներկայիս առաջնորդները դուրս են եկել դասական Ազգային ճակատի շարքերից, եւ շատերը չեն հասկացել, որ ժամանակները փոխվել են, նոր առաջնորդներ ու պայքարի նոր մեթոդներ են անհրաժեշտ։ 

Համենայնդեպս, երիտասարդությունը որոշակիորեն այլ կերպ է ընկալում նախկին առաջնորդներին, բայց նաեւ իր առաջնորդներին չի առաջադրում։ Իսկ շարքային քաղաքացիների համար այն փաստը, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդները 20 տարուց ավելի բան չեն կարողանում անել, գործոն է իշխանության կողմը թեքվելու համար։ Մեր երկրում շարքային քաղաքացիները միշտ ուժեղ իշխանության կողմնակից են եղել, կարեւոր չէ, թե ում գլխավորությամբ։ Նրանց պետք են կայունություն եւ հանգիստ կյանքի երաշխիքներ։ Թող որ խնդիրներով, բայց, ինչպես ռուսներն են ասում, «միայն թե պատերազմ չլինի»։ Սրանից չի հետեւում, որ մեր քաղաքացիները Իլհամ Ալիեւի կողմնակիցներն են։ Հենց նրա դիրքերը մի թեթեւ սասանվեն, այսօր սատարողները միանգամից կսկսեն նրա դեմ հանդես գալ եւ նրան անիծել։

Իսկ ինչպիսի՞ն է 2018թ. Ադրբեջանի ընտրազանգվածը։ Ի՞նչ կարեւոր խնդիրներ եւ սպասելիքներ ունի։

Ընտրազանգված կա այն երկրներում, որտեղ կա քաղաքացիական հասարակություն եւ ընտրությունների հնարավորություն։ Մեզ մոտ դա չկա։ Ուստի, կարելի է խոսել միայն հասարակության սպասելիքների մասին։ Իսկ դրանք նույնն են, ինչ որ ողջ հետխորհրդային տարածքներում՝ որ հնարավոր լինի լավ ապրել, որ լինի կայունություն, լուծվի ղարաբաղյան կոնֆլիկտը, սկսվի կոռուպցիայի դեմ իրական պայքար։ Ադրբեջանական հասարակության մեջ վաղուց լարված իրավիճակ է, պայթյունի համար կուտակված նեգատիվ էներգիա կա։ Իսկ հետո իրադարձությունները կզարգանան կոնֆլիկտաբանության օրենքներով։ 

Եթե որեւէ մեկը սպասում է Իլհամ Ալիեւի իշխանափոխությանը ընտրությունների միջոցով, ապա չարաչար սխալվում է։ Ինչպես արդեն նշել եմ, այս ընտրությունները պարզապես պետք է փաստարկեն Իլհամ Ալիեւի հետագա իշխանավարումը։ Ուրիշ բան, որ իշխանական համակարգում խիստ պայքար է մղվում։ Ադրբեջանական իրողությունների պայմաններում դա նշանակում է, որ պարտվողները կկորցնեն ոչ միայն իրենց պաշտոնները, այլեւ իրենց բիզնես կառույցները, միլիարդատերերից ու միլիոնատերերից միանգամից կվերածվեն շարքային քաղաքացիների։ Ամեն դեպքում, Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության տապալում խաղաղ միջոցներով անհնարին է։ Եվ տա Աստված, որ չկրկնվի սիրիական տարբերակը, հաշվի առնելով երկրում վերջին տարիներին մեծապես աճած իսլամի դերը։ Հատկապես դասական արեւմտամետ ընդդիմության գերթուլացման ֆոնին։

Ի՞նչ է ադրբեջանական սփյուռքն այսօր, 2018թ. ընտրությունների հետ կապված ի՞նչ տրամադրություններ կան այնտեղ։

Ադրբեջանական սփյուռքը շատ տարբեր է, եւ շատ բան կախված է բնակության երկրի հանգամանքից։ Օրինակ` Ռուսաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում մեծ մասը ծագումով Ադրբեջանի շրջաններից են, որոնց մտահոգում է գոյության միջոցներ հայթայթելու խնդիրը։ Այլ խոսքերով՝ հետխորհրդային տարածքներում ապրող սփյուռքը աշխատանքային միգրացիայի ներկայացուցիչներ են։ Արեւմտյան երկրներում այլ պատկեր է։ Այստեղ մեծ մաս են կազմում ընդդիմության ակտիվիստները եւ այլախոհները։ Ինչպես նաեւ՝ կրթություն ստացողները։ Արւեմուտքում գերակշռում են նրանք, ովքեր դժգոհ են հայրենիքում հասարակական-քաղաքական իրավիճակից, իշխանությունը տգետ ու ինքնագոհ պրովինցիալներով բռնազավթելուց, ինչի համար էլ նրանք հեռացել են երկրից։ 

Իշխանությունները հուսահատորեն փորձում են ազդել եւ փոխել իրավիճակը, սփյուռքում շատերին մշտապես կաշառում են համատեղ ակցիաների քողի տակ (Խոջալու եւ այլն)։ Բայց տարեցտարի դա անելն ավելի դժվարանում է, եւ այդ պատճառով նրանց միջոցառումներին ընդդիմադիր կեցվածքով ներկայացուցիչների հիմնական մասը չի գնում, նրանց չեն էլ հրավիրում։ Նրանց փոխարեն դահլիճները լցվում են վայրագներով՝ ի դեմս թուրքերի կամ հետխորհրդային տարածքների քաղաքացիների։ Դա հատկապես երեւաց վերջերս` փետրվարի վերջին Ամստերդամում տեղի ունեցած Եվրոպայի ադրբեջանցիների կառավարամետ կոնգրեսի VI-րդ արտահերթ համագումաի ժամանակ, որի մասնակիցների շարքերում գերակշռում էին Ադրբեջանից ժամանած իշխանությունների ներկայացուցիչները եւ իրենց լրագրողները։ Հրավիրվել էին նաեւ թուրքեր եւ այլ ոչ ադրբեջանցիներ։

Մի խոսքով, մենք ունենք  ընդդիմադիր սփյուռք (Արեւմուտքում սփյուռքի առանցքը)  եւ իշխանություների հետ կապված ներկայացուցիչներ, որոնք Ռուսաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում մեծամասնություն են կազմում։  Ոմանք երազում են Ադրբեջանում իշխանափոխության մասին եւ անում են ամեն ինչ դրա համար, մյուսները աշխատում են չխանգարել։ Փոխհարաբերություններն այնքան վատ են, որ իշխանությունները խոսում են Եվրոպայում ապրող ադրբեջանցիների «դեստրուկտիվ» եւ «թշնամական գործունեության» մասին, ինչպես նաեւ՝ որ պետք է Ադրբեջանի իրավապահ մարմինները հասնեն այն բանին, որ եվրոպական իշխանությունները Ադրբեջանին հանձնեն առանձնապես վառ ընդդիմախոսներին։

Իհարկե, նրանց ակնհայտորեն ոգեւորել են Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, որոնք վաղուց են երգում Բաքվի սրնգի տակ եւ հանձնում են իրենց երկրներում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին։ Միաժամանակ իշխանություններն ուժեղ ճնշումների են ենթարկում ընդդիմադիրների բարեկամներին, շատերին ձերբակալում են կամ ստիպում հրապարակայնորեն հրաժարվել էմիգրացիայում գտնվող իրենց «վատ» հարազատներից։ 

Լուսանկարը՝ nadejda-atayeva-en.blogspot.am-ի

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի
Արիֆ Յունուսովը շատ դիպուկ է ասել. «Ընտրազանգված կա այն երկրներում, որտեղ կա քաղաքացիական հասարակություն եւ ընտրությունների հնարավորություն։ Մեզ մոտ դա չկա։ Ուստի, կարելի է խոսել միայն հասարակության սպասելիքների մասին։ Իսկ դրանք նույնն են, ինչ որ ողջ հետխորհրդային տարածքներում՝ որ հնարավոր լինի լավ ապրել, որ լինի կայունություն, լուծվի ղարաբաղյան կոնֆլիկտը, սկսվի կոռուպցիայի դեմ իրական պայքար»: Համարյա Հայաստանի ներկայիս վիճակը:
Վարազ Սյունի
Լավ հոդված էր:Նույնը Հայաստանի մասին կարելի է ասել:
Elmira Muradalieva
очень глубокий анализ реалий сегодняшнего социально-политического положения в Азербайджане

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter